24 տարի առաջ՝ 1988թ. Փետրուարի 20ին, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրութեան եւ գործող օրէնքների, նախկին Լեռնային Ղարաբաղի մարզխորհուրդը, հիմք ընդունելով ինքնավար մարզի հայ բնակչութեան կամքը, դիմեց Ադր. ԽՍՀ եւ ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդներին՝ լուծել ԼՂԻՄը ՀԽՍՀ կազմ ընդգրկելու հարցը:
Այդ օրինական կամարտայայտութեան պատասխանը եղաւ դէպի Ստեփանակերտ Բարդայից եւ Աղդամից զինուած ամբոխի ռազմերթը, որը մեծ դժուարութեամբ կասեցուեց ԼՂԻՄ Ասկերան շրջկենտրոնի մատոյցներում:
Շարունակելով Լեռնային Ղարաբաղի հայութեան եւ Ադրբեջանի հայաբնակ վայրերի ազգաբնակչութեան հանդէպ սարսափի քաղաքականութիւնը, 1988թ. Փետրուարի 26ից 29ը Ադրբեջանի իշխանութիւնները կանխածրագրեցին եւ սառնասրտօրէն իրականացրին Սումգայիթ քաղաքի հայ բնակչութեան սպանդը, որն ապացուցուած է հազարաւոր վկայութիւններով:
Նպատակ ունենալով քօղարկել սեփական յանցաւոր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի խաղաղ բնակչութեան ճակատագրի հանդէպ, Ադրբեջանի կառավարող վերնախաւն արդէն 20 տարի շարունակ շահարկում է «Խոջալուի խաղաղ բնակչութեան ցեղասպանութեան» թեման:
Հիմք ընդունելով այդ իրադարձութիւնների բազմաթիւ ականատեսների վկայութիւնները, որոնք արձանագրուած են ինչպէս լրագրողների, այնպէս էլ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից, ինչը հաստատւում է նաեւ որոշ ադրբեջանցի հեղինակների կողմից, եւ յանուն արդարացի ու ճշմարիտ փաստերի ներկայացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի խումբ-խմբակցութիւնները յայտարարում են.
– 1988թ. Փետրուարի 26-29ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի եւ չորս տարի անց՝ Փետրուարի 26-27ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ասկերանի շրջանի Խոջալու գիւղի խաղաղ բնակչութեան նկատմամբ գործադրուած բռնութիւնների միակ պատասխանատուն Ադրբեջանի իշխանութիւններն ու նրանց դէմ ներքաղաքական կատաղի պայքար մղող ուժերն են:
– վերահաստատելով մեր հաւատարմութիւնը խնդրի խաղաղ կարգաւորմանը, մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին հրաժարուել թշնամանքի եւ ատելութեան անհիմն ու անպատասխանատու քաղաքականութիւնից եւ ջանքերն ուղղել երկու հարեւան պետութիւնների ու ժողովուրդների միջեւ յետագայ խաղաղ գոյակցութեան հիմքերի ստեղծմանը:
ք. Ստեփանակերտ
23 Փետրուարի, 2012թ.