ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿԵԱՆ

ՀՀԿի եւ Ժառանգութեան ցուցակային ֆիասկոն (խայտառակութիւնը-Խմբ.) մէկ-երկու օր մեղմեց ԲՀԿ համագումարի շուրջ ստեղծուած հետաքրքրութիւնը: Հիմա հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացել է «Բարգաւաճ Հայաստանի» համամասնական ցուցակի վրայ: Դրա հրապարակումը կը լինի այսօր կամ վաղը: Բայց մինչ այդ, թերեւս, պէտք է մէկ անգամ եւս սպառիչ պատասխան տալ հարցին, թէ ինչ կատարուեց ԲՀԿ համագումարում:
Պատասխան 1.
«Բարգաւաճ Հայաստանն», ի տարբերութիւն իշխող ՀՀԿի, ներկայացրեց իրականութիւնը, եւ ոչ թէ կառուցեց վիրտուալ Հայաստան: ԲՀԿ ներկայացուցիչները պահեցին քաղաքական կոռեկտութեան (ազնուութեան-Խմբ.) բոլոր նորմերը (չափանիշները-Խմբ.) եւ ի տարբերութիւն ՀՀԿ ամենաանցողիկ տեղում յայտնուածների՝ ոչ մի վիրաւորանք, ոչ մի թոյն, ոչ մի քրէական մեղադրանք չներկայացրեցին Ս. Սարգսեանին:
Պատասխան 2.
«Բարգաւաճ Հայաստանի» համագումարը պատասխանն էր իշխանութիւններին վերջին մէկ տարուայ ընթացքում ԲՀԿի դէմ ծաւալած ճնշումներին եւ անօրինականութիւններին: Այն՝ ինչին ընդունակ է իշխանութիւնը եւ ինչը կարող էր անել՝ արուել է ԲՀԿի նկատմամբ. հարիւրաւոր ակտի-ւիստների ձերբակալում, հարիւրաւոր ԲՀԿականների աշխատանքից հեռացում, խոստումներ՝ Ծառուկեանից հեռու մնալու դիմաց, սպառնալիքներ, «պլան» գցել, աւտոպատահարների իմիտացիա (նմանակում-Խմբ.) եւ այլն: Վերջին 1-2 ամսում որեւէ դահլիճ չի տրամադրւում «Ծառուկեան» բարեգործական հինադրամին, բոլոր կրթական եւ մշակութային հաստատութիւններին արգելուել է համագործակցել հիմնադրամի հետ:
Այս պայմաններում ԲՀԿն ունէր երկու տարբերակ. կամ դառնալ ՕԵԿ, Գեղամեան, Դալլաքեան եւ այլք ու մի քանի ամսով երկարաձգել իր գոյութիւնը, կամ ցոյց տար իր ռեսուրսը (պաշարները-Խմբ.) եւ քաղաքական օրակարգը: ԲՀԿն իր համագումարով ընտրեց երկրորդ տարբերակը: Մնում է տեսնել, թէ ինչպիսի ցուցակ կը հրապարակի ԲՀԿն ու վերջնականապէս հասկանալ, թէ որ ճանապարհով է գնում Ծառուկեանի թիմը՝ ՕԵ՞Կի, թէ՞ ՀՀԿին իրական այլընտրանք դառնալու: