Երբ հայկական ջարդերը
Թուրքիան աւարտեց,
թուրքերը նորից
տեղաւորուեցին իրենց
արիւնոտ, տաք բնի մէջ,
որ հիւսուած էր
ոսկորներից
տանջամահ արուած
ազգերի,
նրանց
կորսուած տարածքներից,
հինաւուրց երգերից,
կորսուած եւ նորից
յայտնուած,
քարից էլ ծանր
սպասումներից,
անվերջ շատրուանող
հազարամեայ
մաքուր տեսիլքներից,
բայց կարճ ժամանակ անց
ազգերի ոսկորներից
սարքած յարմարաւէտ
թուացող
անդորրաւէտ բնում,
արի ու տես,
դրութիւնը փոխուեց.
այդ տաքուկ թուացող բունը
ունէր ահաւոր
թերութիւններ՝
դրսից յարմարաւէտ էր,
ներսից՝ սոսկալի,
որովհետեւ զոհերի
ոսկորները
խանգարում էին խորը
քնել,
յատկապէս, երբ մրափի մէջ
ջարդերը ըմբոշխնող
քոչուոր եփուկը
փորձում էր կողքից կողք
շրջուել,
եւ յատկապէս, երբ
մորթուած հայ
երեխաների
մանրիկ, բայց սուր
ոսկորները խրւում էին
(անցած-գնացած
ժամանակները
ճեղքելով)
արիւնից հափրացած
Թուրքիայի մարմնի
մէջ՝
մի պահ արթնացնելով
նրան «դրախտային»
քնից:
Այս տեսիլքը ուրիշ ազգերից
խլած «դրախտային»
քնի,
Թուրքիային հետապնդում է
առ այսօր,
միայն թէ Եւրոպա մտնելիս
թուրքը ստիպուած
հանում է վաղուց մգլոտած
իր չալման,
որ արեան հետքերը չերեւան:
ԱՐՏԵՄ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ