ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այն ժամանակ, երբ մարդկութեան մի զգալի մասը մտահոգուած է 2012 թուականի վերջին կանխատեսուած աշխարհի վերջի գաղափարով, մի նոր իրական վտանգ է սպառնում Միացեալ Նահանգների տնտեսական կեանքին, եթէ ի հարկէ Մայաների օրացոյցի մեկնաբանութիւնը որպէս թիւրիմացութիւն ընդունուի:
Եւ ահա թէ խնդիրն ինչում է. 2012 թուականի Դեկտեմբերի 31ը ամերիկեան հարկային բազմաթիւ արտօնութիւնների վերջնաժամկէտն է: Ամերիկեան Ֆեդերալ Ռեզերվի նախագահ Բեն Բերնանկէն՝ երկրի գլխաւոր տնտեսագէտը, նախազգուշացրել է այս շաբաթուայ կէսին, թէ այս արտօնութիւնների սպառման արդիւնքում երկիրը անխուսափելիօրէն կը կանգնի մի այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որի հետեւանքների հետ չի կարող հաշուի նստել, եւ հարկաւոր է ժամ առաջ այս խնդրի լուծումը գտնել:
Որոշ տնտեսագէտների վկայութեամբ, ամերիկեան տնտեսութեան նմանօրինակ կանգառը կարող է մեզ կանգնեցնել այնպիսի իրավիճակի առջեւ, որի դէմ իրենց գլուխն են կոտրում եւրոպական պետութիւնները: Մասնաւորապէս, իրենց աւարտին են մօտենում այնպիսի արտօնութիւններ, որոնք շնորհուել էին նախագահ Բուշի օրօք՝ անհատական եկամտի, դրամագլխի բերած շահոյթի, եւ դիվիդենտների վրայ դրուած հարկային արտօնութիւնները, ինչպէս նաեւ մի շարք հարկային արտօնութիւններ, որոնք ուղղակիօրէն վերաբերւում են մանր եւ ոշոր բիզնեսներին: Այս ամէն ինչի «արժէքը» մօտաւորապէս 500 միլիարդ դոլար կը լինի հարկատուների վզին դրուած: Բեն Բերնանկէն կոչ է արել երկրի կոնգրեսին առանց յապաղելու վերանայել տնտեսական եւ հարկային քաղաքականութիւնը: Տնտեսագէտների հաւաստիացմամբ, Միացեալ Նահանգներին անխուսափելիօրէն սպառնում է Եւրոպայի ճակատագիրը, եթէ երկրի օրէնսդիրները չորդեգրեն տնտեսական զամբիւղը կարգաւորող երկարաժամկէտ մի ծրագիր: Նրանցից մէկը, ոմն Փոլ Քազրիէլ, յայտարարել է, թէ 2014 թուականի նախաշեմին համաշխարհային ներդնողները կը վերանայեն իրենց ունեցած հաւատքը ամերիկեան տնտեսութեան նկատմամբ, եթէ երկրի տնտեսութիւնը նոր եկամուտներ չստեղծի, եւ ծախսերի նկատելի կրճատում տեղի չունենայ:
Այսօր առանց այդ էլ չափից աւելի են քննարկում այն վարկածը, թէ ամերիկեան դրամանիշը դատարկ թղթի արժէք ունի, եւ այն իրականում չի արտացոլում երկրի տնտեսական ներուժը, մի բան, որ թուլացնում է ամերիկեան դոլարի երբեմնի անսասանութիւնը: Միաժամանակ առկայ է մէկ այլ իրողութիւն: 2011 թուականի Հոկտեմբեր ամսից սկսած երկրի 500 ամենայաջողակ ու ամենահարուստ ընկերութիւնները աննախադէպ կերպով բարելաւել են իրենց տնտեսական կենսունակութիւնը, եւ կտրականապէս մերժում են այն կանխատեսումները, թէ Միացեալ Նահանգներին սպառնում է նոր տնտեսական ճգնաժամ: Սպառողների ծախսերն Փետրուար ամսին աւելացել են 0.8 տոկոսով, իսկ ինչպէս գիտէք, ամերիկեան տնտեսութեան հիմնական մղիչ ուժը սպառումն է: Մանրածախ ապրանքների առեւտուրն աւելացել է 1,1 տոկոսով, իսկ ամերիկեան սպառողի վստահութեան ցուցանիշը նկատելիօրէն ամրապնդուել է: Ամերիկեան ընկերութիւններն աւելացրել են նոր աշխատատեղերի քանակը: Յուսահատեցնող է, սակայն, իրավիճակը գործազրկութեան նոր դիմումների առումով, որոնք սպասուածից աւելին են: Անմխիթար է նաեւ իրավիճակը երկրի կալուածքի շուկայում, որը ժամանակ առ ժամանակ կարճատեւ դրական փայլատակումներ է գրանցում, սակայն բնակչութեան ընդհանուր գնողունակութեան տխուր վիճակի պատճառով կաղում է: Միւս կողմից յուսադրող է ամերիկեան սննդարդիւնաբերողների վիճակը, որը հետեւանքն է սննդի արժէքի թանկացման եւ ֆերմերների աշխատանքային արտադրողականութեան բարձրացման: Ինչպէս տեսնում էք, ընդհանուր տեղեկութիւնների այս հոսքը ինչ որ տեղ ճօճանակի է նմանւում, մէկ լաւ՝ մէկ վատ:

Այս ընդհանուր ֆօնի վրայ Միացեալ Նահանգներում նկատւում է մի նոր միտում՝ զգալիօրէն բազմապատկւում են այնպիսի ընտանիքների թիւը, որոնք իրենց մէջ են ընդգրկում մի քանի սերունդներ, այսինքն՝ պապիկն ու տատիկը ապրում են իրենց զաւակի կամ դստեր ընտանիքի եւ թոռնիկների հետ, մէկ յարկի տակ: Տնտեսական ազատ ու անհոգ կեանք տեսած ամերիկացու համար սա չտեսնուած ու չլսուած մի շոկային (ցնցող-Խմբ.) վիճակ է, չէ՞ որ սերնդէ սերունդ նա տեսել է, թէ ինչպէս է ամէն մի նորաստեղծ ընտանիք արագօրէն կազմաւորւում, տուն գնում ու ստեղծում իր առանձին բոյնը: Այժմ ընտանիքում ո՛չ բոլորն են աշխատանքով ապահովուած, եւ պարզապէս ստիպուած են վերանայել իրենց ապրելակերպը: Ի հարկէ, չկայ առաջուայ ազատութիւնը, եւ ստիպուած ես յարմարուելու մի քանի մարդու քմահաճոյքներին, եւ առաջին շրջանը լեփ լեցուն կը լինի զանազան դրամաներով (ցաւագին դէպքերով-Խմբ.): Այլ ելք չկայ, եւ աւանդական բազմասերունդ ընտանիքների վերադարձը հնարաւոր չէ կանխել: Բայց միգուցէ այս «դժբախտութիւնն» իր հետ բերում է նաեւ ինչ որ տեսակի երջանկութեան բանալի՞, որտեղ երեխաներին մանկապարտէզ կամ դպրոց տանելու համար կարիք չի լինի ուրիշին խնդրել: Իսկ ո՞վ աւելի լաւ կարող է կեանքի նիստուկացն ու իմաստութիւնը սովորեցնել, եթէ ոչ տատիկն ու պապիկը: Ճիշդ է, դա նշանակում է, որ առաջուայ պէս ընտանիքի անդամները չեն կարողանայ առանց հաշուարկի ձեռքները գրպանները տանել եւ մսխել իրենց քրտինքի արդիւնքում ստեղծած դրամը իրեղէն արժէքների վրայ, բայց այստեղ ստիպուած եմ ահա արդէն որերորդ անգամ մէջբերել իմ յարգելի ուսուցիչ, հոգեբան Երուանդ Գրիգորեանի թեւաւոր խօսքը. «Հարցրէք երեխային, թէ արդեօք իրեն որքանո՞վ է հետաքրքրում իր կօշիկի արժէքը»: Խօսքը մինչեւ 10 տարեկանների մասին է, այսինք նրանց, ովքեր դեռ չեն հասցրել «վարակուել» ապրանքամոլութեան հի-ւանդութեամբ: Նրանց աւելի են հետաքրքրում իրենց ընկերների հետ վազելն ու աշխուժութիւնը, եւ գրեթէ ոչ ոքի չի հետաքրքրում իրենց «ունեցուածքի» ապրանքային նշանակութիւնը: Այ, երբ մեծանում են մի քիչ, եւ ընկղմում մեր, մեծերիս կողմից ստեղծուած «արժէքների» մէջ, առաջ են գալիս թանկարժէք հեռախօս կամ ինքնաշարժ ունենալու մոլուցքները. բայց ո՞վ է նրանց մէջ դա արթնացնում:
Այսօր էլ սկսեցինք մեծ պատկերից, եւ աւարտում ենք ակնարկը, կենտրոնանալով անհատի վրայ: Կեանքում ամենաթանկ արժէքը ժամանակն է, որ ցաւօք, վատնում ենք գրեթէ բոլորս առանց նոյնիսկ ինքներս մեզ հաշիւ տալու: Որքա՞ն ժամանակ ենք տրամադրում մեր հարազատներին, ընկերներին, մեր սիրած զբաղմումքին, արդեօք մտածե՞լ էք վերջերս այս մասին: Մեզանից շատերը սովոր են մեծ ընտանիքներով ապրելու գաղափարին, եւ ձեր խոնարհ ծառան ողջունում է այս հնարաւորութեան իւրաքանչիւր դրսեւորում, պարզապէս սա նշանակում է վերանայել մինչ այժմ ունեցած որոշակի պատկերացումներ՝ ապագայի մասին: Եւ հարկաւոր է սկսել ինքներս մեզնից, ու չվախենալ դրանից: Ընդհանուր ուժերով շատ աւելի հեշտ է դիմակայել տնտեսական դժուարութիւնները: