
Սրանից իննսուն երկու տարի առաջ, Պարսկաստանի հիւսիս-արեւելեան նահանգ Խորասանի Մեշեդ քաղաքում լոյս աշխարհ եկաւ ապագայ վաստակաւոր բժիշկ-պրպտող դոկտոր Ալֆրետ Դանիէլեանը: Սկզբնական եւ միջնակարգ ուսումը ստանալուց յետոյ, տեղում, ընտանեօք փոխադրւում են մայրաքաղաք: Թեհրանում ընդունւում է տեղի համալսարանի բժշկական մասնագիտութեան բաժանմունքը, միաժամանակ՝ տեղական նորաբաց երաժշտանոցը: Մաս է կազմում նորակազմ սիմֆոնիկ նուագախմբին՝ ելոյթ ունենալով զանազան վայրերում: Իր երկու ընկերների հետ հիմնել է «Գարուն» անունով հայ մշակոյթի կենտրոնը: Եղել է տեղի Հայ գրողների միութեան նախագահ, իր մեկենասութեամբ մի քանի արժէքաւոր գրքեր են տպագրուել եւ ինք անձամբ թարգմանել է Մայքըլ Արլենի նշանաւոր՝ հայ արմատներին վերաբերեալ յայտնի եւ մեծ աղմուկ հանած վէպը:
Իմիջիայլոց, ան առաջինն էր այդ անողը. ոչ մի յայտնի հայ դեռ չի թարգմանել այն:
Նա նկարագրով շատ բարի, ազգասէր եւ լաւ անձնաւորութիւն է: Թեհրանում իր տարրալուծարանը ծառայում էր ոչ թէ միայն լայն հասարակութեան, այլ նաեւ նա զանազան քննութիւններ էր անում յայտնի եւ արժանաւոր հայ անձնաւորութիւնների, որոնցից միայն մի քանիսը ուզում եմ շեշտել. Իրանահայ թեմի առաջնորդ Արտակ արք. Մանուկեանը, ազգային-քաղաքական գործիչ՝ «Ալիք» օրաթերթի խմբագիր Անդրէ Ամարեանը եւ շատ-շատ ուրիշներ:
Ան աննախընթաց երեւոյթ է հայ իրականութեան մէջ: Իրանում յայտնի իրադարձութիւններից յետոյ, նա փոխադրւում է Միացեալ Նահանգներ՝ միանալով իրա սիրասուն զաւակներին:
Հրատարակում է երեք բժշկական հանրագիտարաններ, որոնք առաջինն էին հայ իրականութեան մէջ՝ ամբողջ հայ աշխարհում: Անոնք շատ են գնահատւում Սփիւռքում ու Հայաստանում:
Նա արթուն եւ պայծառամիտ է: Նրա լեզուն իր մտքից առաջ չի խօսում: Ստեղծագործութիւնը արթուն մարդու երազ է: Չեմ ուզում հաւատալ, որ քո արժանաւոր ստեղծագործումը ղեկավարւում է այն աներեւոյթ ուժով, որին մենք անուանում ենք ճակատագիր: Այն լիցքաւորման եւ ուժեղ կամքի դրսեւրումն է: Գրիչ շարժողը պատգամախօս եւ մարգարէ է: Դու դեռ երկար կը քայլես դարերի յորձանուտներով՝ բացելով կանաչ արահետներ բարօրութեան եւ ժողովրդին, որին դու նուիրուած ես:
Վերջում ցանկանում եմ, որ քո մուսաները միշտ արթուն մնան, որպէսզի ալ առաւել հարստացնես մեր գիտական գրականութիւնը՝ պատիւ բերելով ոչ միայն մեր ազգին, այլ նաեւ՝ մարդկութեան:
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ