ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երանի թէ հրաշագործ լինէի՝ թէկուզ եւ մի ակնթարթով: Կարողութիւն, փառք, եւ այլ ժամանակաւոր ընծաներ չէի կամենայ, այլ ընդամէնը կարճ ժամանակով կ՛ուզէի ետ դառնալ ժամանակի մէջ. ո՛չ ալ սխալների ուղղում կատարելու:
Առանց սխալների եւ դրանց ուղղման հնարաւորութիւնների կեանքն էլ անհետաքրքիր կը դառնար: Կ՛ուզէի ետ դառնալ, որպէսզի կարողանայի տատիկներիս շնորհակալութիւն յայտնել իրենց տուած ջերմութեան համար (ցաւօք պապիկներիս բախտ չեմ ունեցել տեսնելու եւ ճանաչելու): Հազուադէպ կը գտնէք մարդկանց, ովքեր տատիկի կամ պապիկի մասին յիշելիս երանութեան մէջ չեն ընկնի, սակայն որքան են մեր մէջ այնպիսիները, ովքեր իրենց տան սիւներին բաւարար չափով շնորհակալութիւն են յայտնել ժամանակին, երբ նրանք կենդանի էին: Արդեօք ովքե՞ր են գնահատել ըստ արժանւոյն իրենց տատիկի կա՛մ պապիկի համեստ թոշակի միջոցներով գնած մատանին, երբ վերջինս դպրոցն աւարտելու կապակցութեամբ նուիրել էր տասնեակ տարիներ առաջ, պարուրելով այն ջերմ համբոյրով: Ներքուստ գիտէինք, որ սիրում էինք նրանց, գնահատում, ապահով էինք զգում մեզ նրանց շրջապատում, բայց աշխարհն անծայրածիր էր այն ժամանակ, ժամանակը՝ անվերջ, կեանքը՝ ապահով ու վստահելի: Միայն յետոյ, տարիք առնելուց յետոյ գիտակցեցինք, թէ որքան փոքր է մոլորակը, որքան քիչ ժամանակ է մարդուն տրուած իր գոյութեան համար, եւ որքան շատ են պատահական ու անտարբեր մարդիկ:
«Ինչ է, տատիկ պապիկները չգիտե՞ն, որ իրենց շատ ենք սիրում, եւ կարիք կա՞յ արդեօք այդ մասին բարձրաձայն յիշատակելու ամէն առիթով», մտածում էինք շատերս: Պարզւում է, որ կայ, որ մի օր, կեանքի միջնամասում, կը յիշենք նրանց մասին, ու կ՛ուզենք պոռթկալ, բայց անզօր կը լինենք մեր զգացմունքի արտայայտման հարցում, քանի որ քանի որ ուշ է:
Երբ յիշում եմ տատիկիս, նրա ծերունական հայեացքը, լուռ, տանջուած դէմքն է ի յայտ գալիս, ու կարօտալից ժպտում եմ, ապա ջղայնանում ինքս ինձ վրայ, թէ որքան քիչ եմ նրան փաթաթուել, նոյնիսկ եթէ 1000 անգամից շատ եմ գրկել նրան, միեւնոյնն է, քի՛չ էր: Երիտասարդ, երկու նորածին երեխայ ձեռքին այս կինը կորցրել էր իր ամուսնուն, տեղահան եղել իր ծննդավայրից, գնացել էր օտար երկիր, ապա նորից տեղահան էր եղել, ու դիմագրաւել նոր դժուարութիւններ, այս անգամ արդէն հայրենիքում, բայց ոչ մի անգամ չէր տրտնջացել, միայն նրա դէմքի լուռ թախիծն էր վկայում, թէ ինչ արհաւիրքներ էր տեսել իր կեանքի այն տարիներին, որ լաւագոյնն են համարում մարդիկ: Չնայած այս ամէնին, պատուով էր կատարել իր պարտքը իր վրայ վերցնելով ե՛ւ մօր, ե՛ւ հօր պարտականութիւնները, սերունդ մեծացնելով, լաւ զաւակներ տալով մարդկութեանը: Իսկ ես միշտ կարծել եմ, որ նա անմահ է, ու չնայած միշտ էլ գնահատել եմ իրեն, երբեք նրա հետ բախտ չեմ ունեցել մի քանի ժամ առանձնանալու, սիրտս բացելու, մտածելով, թէ մեր մէջ առկայ աւելի քան 6 տասնամեակները պատնէշ կարող էին լինել: Որքան միամիտ էի:
«Տատուս թոշակից մի 2 հարիւր կը վերցնեմ, էս գիշեր կը տժժանք», պատահաբար լսեցի երկու երիտասարդի խօսակցութիւնից մի հատուած: Նրանք անբռնազբօս կանգնած էին, ինքնաշարժին յենուած, իսկ նրանցից մէկը սիգարետը հանելով, վստահօրէն վառեց այն, ու ծուխը ներս քաշեց, որքան հնարաւոր է երկար այն պահելով թոքերում:
«Այսպէս սիգարետ չեն քաշում», ինքս ինձ մտածեցի: Օրը ցերեկով, մարդկանց անցուդարձի մէջ երիտասարդը բացայայտ ոչ թէ սիգարետ էր ծխում, այլ «տժժում էր» մարիհուանայի թուացեալ երանութեան տակ: Ազատ երկրում ենք ապրում, բայց ազատութիւնն այս շատերին խելքից հանել է: Իսկ տատը երեւի չգիտէր էլ, թէ թոռնիկը իր թոշակից ստացած «մի 2 հարիւրը» ինչի վրայ էր մսխելու:
Խեղճ ու կրակ տատերն ու պապերը իրենք են ընկել կրակը, երբ փորձում են հասկանալ, թէ այս նոր սերնդի հետ ինչ է կատարւում: Իրականութեանն այս նրանք ծանօթ չեն, եւ գուցէ ժամանակ էլ չեն ունենայ ծանօթանալու, քանի որ նրանցից շատ շատերը մտովի դեռ բնակւում են այն երկրում, որտեղից եկել են Ամերիկա, իսկ ժամանակը սրընթաց շարժւում է իրենց դէմ:
Տարիներ առաջ հօրս ընկերը տրտնջում էր, թէ ինչպէս իրեն տնից դուրս էին հանել, քանի որ միանձնեայ որոշում էր ընդունել իր խեղճ թոշակից բաժին հանել Հայաստանում բնակուող իր դստերը: Հարսը հարցը բարձրացրել էր, իսկ որդին լռութեամբ կուլ էր տուել իր կնոջ որոշումը: Մարդը վիրաւորուելով որդու արձագանգից, որոշել էր դուրս գալ տնից, ու եկել էր մեր տուն, որոշելով էլ երբեք ետ չգնալ: Թոռնիկը, մօտ 20 տարեկան առնական երիտասարդը, փորձում էր պապիկին ետ վերադարձնել, խնդրելով նրան ուշադրութիւն չդարձնել մօր թափած թոյնի վրայ, բայց պապի որոշումը անդրդուելի էր: Այդպէս էլ չգնաց որդու մօտ, ու թքելով ամէն ինչի վրայ, Հայաստան վերադարձաւ: Վերջերս տեսայ նախկին այս երիտասարդին, ով արդէն հայր էր դարձել, ու տեղեկացայ, որ Հայաստան գնալուց յետոյ պապիկը մահացել էր, այդպէս էլ չհաղորդակցուելով իր ամերիկաբնակ ընտանիքի հետ: Որդին իրեն նուիրել էր օղուն, ու ընտանիքը կիսաքանդ վիճակում էր:
Այս ակնարկի մէջ բազմաթիւ նմանօրինակ դէպքեր կարող էի յիշատակել, բայց չեմ ուզում առաւել վշտացնել ընթերցողին: Լաւագոյնը կարող եմ անել, ընդամէնը յիշեցնելով, թէ որքան կարեւոր է մեր դերը մատաղ սերնդին սովորեցնելու հարցում, թէ տատիկ պապիկին յարգելն ու նրանց սիրով պարուրելը գուցէ ամենաաստուածահաճոյ գործերից մէկն է, որ մարդը կարող է անել իր կարճ կեանքում: Պապիկի թոշակից «մի 2 հարիւր» վերցնել ու «տժժալ» չի՛ կարելի, եւ ուղեղը ջուր սարքած երիտասարդին պէտք է անընդհատ կրկնել սա, միգուցէ տեղ հասնի:
Բոլոր այն տարեցներին, ովքեր շարունակում են սատար կանգնել իրենց ընտանիքներին՝ դուստրերին, որդիներին, թոռնիկներինխորին յարգանքներս: Գիտեմ թէ ինչպիսի զրկանքների միջով էք անցնում, երբ այս օրերին թոռնիկների համար ծննդեան նուէր էք գնում ձեր թոշակներից:
Բոլոր երիտասասրդներին, ովքեր գնահատում են իրենց տատիկ պապիկների համբոյրը՝ խորին յարգանքներս: Մի վարանէք նրանց մի լրացուցիչ անգամ փաթաթուելու, ու բարձրաձայն ասելու, թէ որքան էք նրանց սիրում: Վաղը ուշ կարող է լինել: