ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Այսօր Սեպտեմբերի 21ն է, անկախութեան օրը: Քաղաքն առանձնապէս չի պատրաստւում: Հանրապետութեան հրապարակում, նախկին Լենինի, բեմն է հաւաքւում, հաւանաբար այսօր տօնական համերգ կը լինի, քաղաքում եռագոյնի շոյիչ առատութիւն կայ՝ աշնանային ոսկէ արեւի մէջ անհոգ, զուարթ ծածանուող: Ոչ մի կարգախօս չի պարտադրում՝ իմ զէնքն իմ երգն է, իմ խօսքը կամ մուրճը… Եւ ինչ լաւ է, որ չի պարտադրում. պլակատային ու բեմադրուած հայրենասիրութիւնից յոգնել ենք, աւելի ճիշդտ շատերն են յոգնել…
Տուն-աշխատանք ճանապարհս Հիւսիսային պողոտայով է անցնում: Առաւօտուայ այս ժամին պողոտան մենակ է, ինքն իր հետ ու մի քիչ լքուած: Արդէն բացուած կամ գիշերուանից չփակուած սրճարաններում մէկ-երկու այցելու կայ, ծուլօրէն շուրջը նայող:
Հաշուել եմ՝ պողոտայի մի ծայրից միւսը 7 րոպէում եմ անցնում. Իսկ պողոտան պատմութիւն ունի յիշողութիւն ու ուղերձ, որ ոչ եօթ եւ ոչ էլ քսանմէկ տարուայ մէջ չի տեղաւորւում …. ժամերով չհաշուըւող… Առջեւում Օպերայի շէնքն է, դիմացն՝ Արարատը. ես Թամանեանի աչքով եմ նայում. հիմա երկուսն էլ լաւ չեն երեւում: Պողոտայի աննահանջ, սառն ու պարտադրող շէնքերի արանքում Աֆրիկեանների տան մերկ պատն է, հին Երեւանի վերջին վկան: Այս զարդաքանդակ, գրեթէ ասեղնագործ յուշարձանի գլխին նոր Հայաստանի աներեր բուլդոզերն է կախուած: Արամ Մանուկեանն ու Սիլիկեանը տեսնե՞ս քանի անգամ են անցել այստեղով, ինչ հոգսերով ու տագնապներով, մտածում եմ ես ու փոքրանում. բուլդոզերի դէմ ես ու ինձ պէս մտածող մի քանիսը մենակ ենք մնացել:
«Օրեգանօ», այսպէս է կոչւում ճաշարանը, ուր մի ժամանակ, երբ ես կոմերիտական էի ու սովետական կրթութիւն էի ստանում, «Պիոներ» կինոթատրոնն էր ու մենք ՍՄԿԿ 26րդ համագումարի կամ Չապաեւի մասին ֆիլմեր էինք դիտում՝ պարտադիր դասղեկի ուղեկցութեամբ:
Հիւսիսային պողոտան հիմա նոր տէրեր ունի. նրանց խանութները «Մոսկվիչկա» կամ «Արմանի» են կոչւում, հրապարակները՝ Պեացցա: Իսկ պողոտայի հին տէրերը, որ հիմա գերակայ շահի զոհեր են դարձել կամ խաբուած աւանդատուներ, Եւրոպական դատարանում են տէր փնտռում: Շատերն էլ տիրոջ որոնումից հիւծուած՝ նոր աշխարհագրութիւն են գտել:
Տարօրինակ-տարօրինակ ձգողութիւն ունի պողոտան՝ 2008ին, երբ արդարութեան, իրաւունքի եւ ուժի ալիքներն էին բախւում, շատերն իրենց ճշմարտութիւնը Հիւսիսային պողոտայում էին փնտռում՝ ոստիկանների երկաթէ հայեացքի ու ռետինէ մահակի ներքոյ:
Հիմա պողոտայում զբօսանքներն այլեւս քաղաքական չեն: Մութն ընկնելուն պէս այն վերածւում է յորդացող ճեմուղու՝ անմնացորդ պճնուած աղջիկներն իրենց հմայքն են շաղ տալիս, մոլորուած որսորդի հայեացքով տղաներն ուշքի

չեն գալիս, ոտքի տակ ծնողների ձեռքից պոկուած մանուկներ են յայտնւում, ու թափառող-երաժիշտը, որ սովորական է դարձել ու նոյնիսկ հաճելի՝ Փարիզն է յիշեցնում՝ անհոգ, մի քիչ էլ գինով: Բայց այնուամենայնիւ պիտի ուշադիր լինես՝ պողոտան նաեւ gold համարանիշով մեքենաների ժամադրավայր-ճեմուղին է՝ աւտոաշխարհի վերջին նորոյթով: Հոսքի մէջ աննկատ չեն մնում օտարերկրացիները՝ մի քիչ հիացած, անփոյթ զարմացած, ակնթարթ որսող: Մենք սովորել ենք, էլ չենք նկատում՝ շէնքերում գրեթէ լոյս չի վառւում: Շէնքերի յետեւում խորշեր են՝ վայրի անկանոն… իսկ լոյսը՝ չգիտեմ:
Ոստիկանների հայեացքի մէջ մահակը չկայ ու աղջիկներ կան՝ ամազոնուհու հայեացքով:
Այս օրերին պողոտայի բոլոր անկիւններից արեւմտահայերէն է լսւում՝ սիրիահայերն են, խնամուած, մոլորուած ու անորոշ սպասումի մէջ: Սիրտս ցաւում, կծկւում է բոլոր-բոլոր հայերի պէս, բայց երկրորդ վայրկեանին մխիթարում եմ ինձ ու մտածում՝ ինչ լաւ է, որ էս արեւի տակ հայրենիք ունեն, անկախ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետութիւն:
Աշնան անմեղ արեւով ողողուած այսպիսի մի օր, 94 կամ 93 տարի առաջ Արամ Մանուկեանն հաստատ անցնելիս կը լինէր Աֆրիկեանների տան մօտով, կառավարութեան շէնքի առջեւ գաղթականների անվերջ ալիքն էր…
Այսօր Սեպտամբերի 21ն է. քաղաքում եռագոյնի շոյիչ առատութիւն կայ՝ աշնանային ոսկէ արեւի մէջ անհոգ, հպարտ ծածանուող: Եւ ոչ մի պաթոս, ոչ մի պարտադրանք: Անկախութիւնն ամէնօրեայ գործ է, կերպ, շնչելու պէս:
Իսկ Հիւսիսային պողոտայի առջեւում Արարատն է…
Այս Էջը Կը Հովանաւորէ
SEVAN BAKERY