
ԵՐԵՒԱՆ.- ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակէն ստացանք Հոկտեմբեր 3 թուակիր հետեւեալ հաղորդագրութիւնը.
«Այսու տեղեկացնում ենք, որ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, թուականիս Սեպտեմբերի 27-29, Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ Պատանեկան միութիւնների վարիչ մարմինների եւ վարիչների համահայկական խորհրդաժողով:
Խորհրդաժողովին մասնակցում էին Կանադայի, ԱՄՆ Արեւմտեան եւ Արեւելեան շրջանների, Հարաւային Ամերիկայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի Հիւսիսային եւ Հարաւային շրջանների եւ Հայաստանի պատանեկան միութիւնների վարիչ մարմինների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի մասնակիցները ամսի 27ի առաւօտեան այցելեցին Եռաբլուր եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Արցախեան ազատամարտի զոհերի յիշատակին:
Եռօրեայ նիստերի ընթացքում խորհրդաժողովը նախ ունկնդրեց մասնակից շրջանների պատանեկան միութիւնների իրավիճակի եւ դժուարութիւնների կապակցութեամբ տեղեկագրեր:
Այնուհետեւ տրուեցին զեկոյցներ՝ «Որո՞նք են հայրենաբնակ պատանու ազգային դաստիարակութեանը խոչընդոտող խնդիրները», «Որո՞նք են սփիւռքահայ պատանու հայեցի դաստիրակութեանը խոչընդոտող խնդիրները», «Ինչպէ՞ս օգտագործել համացանցի հնարաւորութիւնները միութենական աշխատանքներում պատանիների ներգրաւման եւ կազմակերպման գործում», «Ինչպիսի՞ն պիտի լինի պատանեկանի վարիչը» եւ այլ թեմաների կապակցութեամբ, որոնց շուրջ ծաւալուեց քննարկում:
Վերջում տրուեցին առաջարկներ պատանեկան միութիւնների աշխատանքների բարելաւման կապակցութեամբ: Յատուկ շեշտ դրուեց Երիտասարդական գրասենեակի միջոցով ՀՅԴ պատանեկան միութիւնների համահայկական հայաստանագնացութիւնների կազմակերպման շարունակութեան վրայ»: