
Հայոց Ցեղասպանութեան 110րդ տարելիցին առիթով, Հայ Դատի Կեդրոնական խորհուրդը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց.
«Հայոց Ցեղասպանութեան փաստը, որպէս մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրագործուած ոճիր, ճանաչուած է տասնեակ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից: Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց Ցեղասպանութեան մերժման փաստը, ինչն այդ յանցագործութեան ուղղակի շարունակականութեան դրսեւորում է: Աւելի՛ն, Թուրքիայի Հանրապետութեան կողմից Ադրբեջանին տրամադրուող անվերապահ ռազմաքաղաքական զօրակցութիւնը յանգեցրեց Արցախում էթնիկ (ցեղային) զտման ցեղասպանական քաղաքականութեան գործադրման` Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի ներգրաւմամբ: Այդ գործողութիւնները լիովին համապատասխանում են «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի (պայմանադրութեան) պահանջներին, որոնցով սահմանւում է ցեղասպանութիւն յանցագործութիւնը:
«Ելնելով վերոգրեալից եւ կարեւորելով ցեղասպանութիւնների կանխարգելման գործում միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների կոնվենցիոն (պայմանադրաական) պարտաւորութիւնները` ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը յայտարարում է.
«1. Թուրքիայի Հանրապետութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականութիւնը, մնում է Հայաստանի Հանրապետութեան համար գոյութենական սպառնալիք` հետապնդելով Հայաստանի անկախութեան, ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների: Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետութեան հետ բովանդակային եւ առանց նախապայմանների բանակցութիւնների մէջ ներգրաւուելու քաղաքական կամքը:
«2. Հայոց Ցեղասպանութեան իրողութեան ժխտման պետական քաղաքականութիւնը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլեւ հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողութիւն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրաւուած մնալ հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանական գործողութիւններում:
«3. Ստեղծուած պայմաններում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացի շարունակութիւնը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակուող ցեղասպանական գործողութիւնների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետութեան համար անվտանգային նշանակութիւն ունեցող խնդիր է:
«4. Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան դէմ պայքարն ու Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանն ուղղուած միջազգային գործողութիւնները կարեւոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագայ ցեղասպանութիւնները կանխարգելելու համատեքստում:
«5. Անհրաժեշտ է, որ միջազգային յարաբերութիւնների առանցքային դերակատարները` ինչպէս վերպետական կազմակերպութիւններ, այնպէս էլ առանձին պետութիւններ, շարունակաբար հետեւեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին` գնահատելով հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանական գործողութիւններում այդ պետութեան ուղղակի կամ անուղղակի ներգրաւման հնարաւորութիւնը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր:
«6. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան մասին հռչակագրով, ապա Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի համահայկական հռչակագրով նուազագոյնը երկու անգամ լայն համախոհութեամբ յստակեցրել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացներում իր ուղենիշները: Աւելին, 2010թ. Յունուարի 12ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժէքօրէն ընդունել է ՀՀ Անկախութեան մասին հռչակագրի` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրոյթի անբեկանելիութիւնը Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւններում:
«7. Առաջադրելով նոր նախապայմաններ` Թուրքիայի Հանրապետութիւնը բացառում է Հայաստանի Հանրապետութեան հետ բնականոն յարաբերութիւնների հաստատման հաւանականութիւնը` հիմնուած փոխվստահութեան, փոխադարձութեան եւ հաւասարութեան վրայ:
«8. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից ձեռնարկուող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմութիւնից (օրինականութենէ):
«9. Կարեւոր եւ արժէքաւոր է Հայկական սփիւռքի, դրա քաղաքական եւ համայնքային դերակատարների նպատակաուղղուած ջանքերը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դրա նորօրեայ դրսեւորումների հանրահռչակման գործում:
«10. Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների պատմութեան եւ ներկայի վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների հիմնազուրկ դատողութիւնները հեռու են պատմաքաղաքական հիմքերից եւ լեգիտիմութիւնից` ուղիղ հակասութեան մէջ մտնելով Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան մասին հռչակագրի հանրաճանաչ դրոյթների եւ մեր ժողովրդի հոգեմտաւոր ներաշխարհի հետ:
«11. Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւններն ուղղակիօրէն ծառայում են Հայոց Ցեղասպանութեան ոճրի նսեմացմանն ուղղուած թշնամական քարոզչութեանը` էլ աւելի ամրապնդելով Թուրքիայի եւ դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիութեան զգացումը:
«12. Արցախի հայաթափումն ամբողջապէս տեղաւորւում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու եւ գոյութեան համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականութեան համատեքստում: Արցախում կատարուածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսեւորում էր միայն: Ուստի հայ ժողովրդի համար Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու հետեւանքների վերացմանն ուղղուած քայլերն անվտանգային նշանակութիւն ունեն` թուրքական ծաւալապաշտութեան եւ ցեղասպանական քաղաքականութեան կասեցման տեսանկիւնից:
«Հայոց Ցեղասպանութեան 110րդ տարելիցի առիթով, ոգեկոչելով մեր մէկ ու կէս միլիոն սրբադասուած նահատակների յիշատակը, մեր ժողովրդին թէ՛ հայրենիքում եւ թէ՛ Սփիւռքում պայքարի շարունակման կոչ ենք անում` յանուն ազգային ինքնութեան պահպանման, հայրենի պետութեան զօրացման, արցախահայութեան լիարժէք իրաւունքների պաշտպանութեան ու վերատիրացման, առհասարակ յանուն Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացման եւ արդարութեան վերականգման: Սա է իրական խաղաղութեան դժուարին ուղին»։