Երբ Սումգայիթից Երեւան եկան առաջին փախստականները, Սօս Սարգսեանն ակտիւ գործողութիւնների անցաւ: Նա իր բնակարանը վերածեց շտաբի, որտեղ ամէն օր հաւաքւում էին բազմաթիւ փախստականներ, կիսւում իրենց խնդիրներով, օգնութիւն ստանում: Բարեգործական նախաձեռնութեան շնորհիւ ԽՍՀՄ տարբեր երկրներից տնակներ ուղարկեցին Հայաստան, որոնք տեղակայուեցին Ստեփանակերտում՝ փախստականների բնակութեան համար: Դա դերասանի՝ Ղարաբաղ կատարելիք յաճախակի այցերի առիթ հանդիսացաւ:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբ փախստականները եկան Երեւան, պետութիւնը իմ, Սարգիս Մուրադեանի եւ Զօրի Բալայեանի վրայ նրանց օգնելու «պարտաւորութիւն» դրեց: Շուրջ 6 միլիոն ռուբլի գումար հաւաքեցինք, 25.000 փախստական տեղաւորեցինք Ղարաբաղում՝ նրանց դրամական աջակցութիւն ցուցաբերելով: Մի ոտքս այնտեղ էր, միւսն այստեղ, օրերով, շաբաթներով մնում էիք Ղարաբաղում, փախստականներին հաստատուելու համար օգնութիւն էր պէտք, ոմանց համար անգամ ընտանի կենդանիներ գնեցինք, որ կարողանային տնտեսութիւն հիմնել:
Դրանք ինձ համար շատ դժուար տարիներ էին, կարելի է ասել, որ իմ կեանքի ամենամռայլ ժամանակահատուածն էր: Այդ ժամանակ մենակ էի ապրում: Գիշեր-ցերեկ դուռս բաց էր, իմ տուն էին գալիս ծայրայեղ ծանր վիճակում գտնուող մարդիկ, կիսւում իրենց խնդիրներով ու հոգսերով:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Երբ հիմնուեց «Ղարաբաղ» կոմիտէն, դրան կից ստեղծուեց «աւագների խորհուրդ», որին անդամակցող մտաւորականների թւում էին Սօս Սարգսեանն ու Սիլվա Կապուտիկեանը:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք խնդիր ունէինք կառավարութեանը տեղեակ պահել մարդկանց ցանկութիւնների, առաջացած տարատեսակ հարցերի մասին, դրանց վերաբերեալ յայտնել մեր կարծիքը, թոյլ չտալ, որ մարդկանց ցրեն: Մեր խնդիրը կառավարութեան հետ համագործակցելն էր: Շատ պարզ ու անկեղծ քննարկումներ էինք ունենում Կարէն Դէմիրճեանի հետ: Ամէն մի հանդիպումից յետոյ խօսում էինք տղաների հետ, փորձում այս կամ այն հարցի վերաբերեալ ճիշտ լուծումներ գտնել:
Կարելի է ասել, որ աւագների խորհուրդը շատ մեծ նշանակութիւն ունեցաւ շարժման համար, հեղինակաւոր մարդիկ էին խորհրդի կազմում ընդգրկուել: Կարծում եմ, Գորբաչովը գիտեր դրա մասին, թէ չէ այստեղ էլ կոշտ գործողութիւնների կը դիմէր:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Երեւանի հանրահաւաքներին Սօս Սարգսեանը ժամանակի սղութեան պատճառով յաճախ չի մասնակցել, եղել են դէպքեր, երբ նա դէմ է եղել այնտեղ արուող յայտարարութիւններին:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբ գործադուլի կոչեր էին արւում, ես սկզբունքօրէն դէմ էի, ինձ հետ համամիտ էին նաեւ Սիլվա Կապուտիկեանն ու Զօրի Բալայեանը: Կոչեր եղան նաեւ Արցախում, մենք փորձեցինք խօսել ժողովրդի հետ: Գիւղացուն բացատրեցինք, որ գարնան սկզբին գործադուլ անելն այնքան էլ խոհեմ քայլ չի լինի՝ գիւղացու գործադուլը ո՞րն է:
1988 թուականի Փետրուարի 22ին Երեւանում տեղի ունեցաւ համընդհանուր գործադուլը:
Մինչեւ հիմա համարում եմ, որ գործադուլը սխալ էր: Սխալ էր նաեւ «Նաիրիտ» գործարանի ու ատոմակայանի փակուելը: Երբ փակում էին «Նաիրիտը», ինձ մօտ մի խումբ մարդիկ եկան, ովքեր 15 տարի աշխատել էին գործարանի ամենաթունաւոր բաժնում՝ բնակարան ստանալու ակնկալիքով: Գործարանի փակուելուց յետոյ նրանց ընտանիքները բազմաթիւ խնդիրների առջեւ կանգնեցին:
Դէմ էի նաեւ ատոմակայանի փակմանը՝ պարզ հասկանում էի, որ դա կործանարար է լինելու մեզ համար:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Յաճախ ցուցարարների զայրոյթի առարկայ էին հանդիսանում մոսկովեան պաշտօնաթերթերը:
«Իզուեստիա»ն, «Պրաւդա»ն շատ կեղծ հրապարակումներով էին հանդէս գալիս: Խնդիրները շատ էին, հիմնական թեման՝ Ղարաբաղը, ողջ ԽՍՀՄ ուշադրութիւնն ուղղուած էր Ղարաբաղի վրայ: Զայրոյթ կար, ցասում, մարդիկ ճիշտ, երբեմն նաեւ սխալ ելոյթներ էին ունեմում:
Սօս Սարգսեանի եւ այլ անուանի մտաւորականների ասածները յաճախ քննադատւում էին, այդ մասին անգամ հրապարակումներ էին լինում, բայց դերասանը յիշում է, որ իր հասցէին հնչող քննադատութիւնը համեմատաբար զուսպ էր:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ղարաբաղ յաճախ էինք գնում, մեզ հետ գալիս էր նաեւ Սիլվա Կապուտիկեանը, այնտեղ շատ հարցեր կային լուծելու, երբեմն խճճւում էինք՝ ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք: Յիշում եմ, շատ լաւ քարտուղար ունէին՝ Հենրիկ Պօղոսեանը (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարը), ով չենթարկուեց Մոսկուայից եկող հրամաններին:
Մի անգամ ես, Զօրի Բալայեանը եւ Ստեփան Պօղոսեանը կրկին Ղարաբաղում էինք: Երեւան վերադառնալու համար եկանք օդանաւակայան: Արդէն սկսուել էր «Կոլցոյ» (Օղակ-Խմբ.) գործողութիւնը, խորհրդային բանակն ադրբեջանական ՕՄՈՆի (ոստիկանական յատուկ ջոկատներ-Խմբ.) հետ այնտեղ էր: Ռուս կապիտաններից մէկը մեզ տարաւ օդանաւակայանի առանձին մի սենեակ ու ասաց, որ այնտեղից դուրս չգանք, վտանգաւոր է: Մէկ էլ տեսնենք, որ սենեակի մուտքի մօտ ադրբեջանական ՕՄՈՆի անդամներից մէկն է կանգնած՝ աւտոմատը (ինքնաձիգ հրացանը-Խմբ.) ձեռքին: Մեզ չնկատելու տեղ դրեց: Կարող էր զէնքը գործի դնել եւ իր ազգի հերոսը դառնալ, բայց չարեց:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Այս ամէնից յետոյ դերասանը երկար ժամանակ ստեղծագործական գործունէութիւն չծաւալեց, հեռացել էր Սունդուկեան թատրոնից, սիրելի գործին վերադարձաւ միայն Համազգային թատրոնը հիմնելուց յետոյ, բայց սրտի վէրքերը դեռ չեն սպիացել:
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իմ սրտում միշտ էլ ապրում է իմ ժողովրդի ցաւը: Ես այդ դարդով եմ ապրում, չեմ մոռանում մեր կորուստները, չեմ կարող ներել թուրքերին մեր մէջքը կոտրելու համար:
Ես այս կեանքից գնում եմ դառնացած, չբաւարարուած, չհատուցուած… Ազգը պիտի իր դէմ կատարած ամէն մի չարութիւնից յետոյ հատուցում պահանջի, որպէսզի շարունակի ապրել, մենք չունեցանք այդ հատուցման պահը:
ՀԱՏՈՒԱԾՆԵՐ
ԶՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆԻ՝
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.
«ՄՇԱԿՈՅԹԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԳԹԱՍՐՏՈՒԹԻՒՆԸ»
ՅՕԴՈՒԱԾԻՑ
Այդ նա էր, որ 1990 թուականի Մարտի 5ին ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի ամբիոնից հնչեցրած իր ելոյթում խօսեց Սումգայիթի եւ Բաքուի մասին, Ղարաբաղի ողբերգութեան ու ցաւի մասին:
Խօսում էր մեղմաձայն, բայց բացարձակ լռութեան մէջ (առանց թղթից օգտուելու): Մի պահ կանգ առաւ ու թեթեւակի շրջուելով դէպի նախագահութիւն, որտեղ նստած էր ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը, արդէն բարձր արտաբերեց. «Միթէ՞ Դուք այդպէս էլ չհասկացաք, թէ ինչ է կատարուել ու կատարւում մեր մեծ երկրում: Այդպէս էլ չհասկացաք, որ իւրաքանչիւր ժողովուրդ ունի իր ուրոյն, ինքնատիպ մշակոյթը, եւ միայն ամբողջութեան մէջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժէքներ: Ամէն ինչ սկսուեց նրանից, երբ սկսեցինք մշակոյթը դիտարկել որպէս յաւելեալ կառոյց, այնինչ, մարդկային կեանքի իմաստաւորուած էութիւնն է այն: Արդեօք անըմբռնողութիւնը չյանգեցրե՞ց նրան, որ մշակոյթ ենք համարում միայն շեքսպիրեան կրքերը բեմի վրայ, կամ, ասենք՝ քանդակների կախարդական գծերն ու ձեւերը: Այնինչ մշակոյթի հիմքում ընկած է գթասրտութիւնը, որի բացակայութիւնն էլ յանգեցրեց Սումգայիթի, իսկ հիմա՝ նաեւ Բաքուի»:
Ես երբեք չեմ մոռանայ այդ րոպէները: Կրեմլի նիստերի դահլիճում մեռեալ լռութիւն տիրեց, մինչեւ որ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկութիւնից յետոյ ցածրաձայն եւ բազմանշանակալից արտաբերեց՝ «՜Օ, օ՜»:
***
Քչերն են այսօր յիշում, որ սումգայիթցի խեղուած փախստականների հոսքը Երեւան լցուելուց արդէն մի քանի օր անց Սօսն իր բնակարանը վերածեց ամենաիսկական շտաբի: Այն ժամանակ նա ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու: Ամէն օր, վաղ առաւօտից նրա դռան մօտ հերթ էին կանգնում: Սումգայիթի փախստականները լուռ կուտակւում էին նրա բակում:
Նրա եւ տաղանդաւոր նկարիչ Սարգիս Մուրադեանի հետ այցելեցինք սկզբում Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ Ֆադէյ Սարգսեանին, յետոյ մեկնեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի մօտ: Յաջորդ օրը Էջմիածինը պետբանկի (պետական դրամատան-Խմբ.) հաշուին փոխանցեց երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա փող էր): Մի քանի ուսանողներ կամովին սկսեցին աշխատակցել Սօսի շտաբում: Գրանցւում էին անունները, անձնագրերի համարները, եւ տրւում էին ստացականներ, որոնք նախապէս ուղարկւում էին բանկից: Դա շարունակուեց մի քանի ամիս: Շուտով Ֆադէյ Սարգսեանը կարողացաւ անել ամենագլխաւորը: Նրա խնդրանքով ԽՍՀՄ տարբեր տարածաշրջաններից մեզ ուղարկեցին շատ մեծ քանակով ֆիննական տնակներ, որոնք իսկոյն ուղարկեցինք Ստեփանակերտ:
Մի քանի անգամ Սօսի եւ Սիլվա Կապուտիկեանի հետ գնացինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թէ ինչ բուռն աշխատանք է կատարում Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյեանը: Կարճ ժամկէտներում նա կարողացաւ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպէս էլ կոչուեց՝ Սումգայիթեան: Եւ այդ ամէնի մէջ կար Սօս Սարգսեանի ոգին: Այն ժամանակ նրա դրան վրայ ինչ-որ մէկը կաւճով գրել էր Սողոմոնի առակի բառերը Հին կտակարանից. «Ոգուց զուրկ մարդը նոյնն է, ինչպէս աւերուած քաղաքն՝ առանց պատերի»:
Այս Էջը Կը Հովանաւորեն
Տէր Եւ Տիկ. Կայծակ Եւ Ծովիկ Զէյթլեաններ
ՀԱՅԿՈՒՇ ՔԵՂԻՆԵԱՆ-ՔՈՀԼԸՐ
ՉԱՔՐԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ