ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Այն, ինչ «Հետքին» պատմել է ԱՄՆի քաղաքացի Նարինէ Իսմայիլին, անհաւանական է թւում: Նա յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնուող՝ 17/05 ընտրատեղամասում լցոնման փաստով յարուցուած քրեական գործով անցնում է որպէս վկայ: Սա այն ընտրատեղամասն է, որի արդիւնքները ՍԴ որոշմամբ ճանաչուեցին անվաւեր:
Յիշեցնենք՝ ընտրութիւնների օրը «Թրանսփարէնսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿում պրակտիկա անցնող Նարինէ Իսմայիլին, որպէս «Իրաւունքի Եւրոպա միաւորում» ՀԿ դիտորդ, եւ «Լրագրողներ յանուն մարդու իրաւունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումեանը բարձրաձայնել էին 17/05 ընտրատեղամասում կատարուած լցոնման մասին: Նարինէի խօսքերով՝ մօտ 25-30 երիտասարդ մտել է ընտրատեղամաս, մի քանի հոգի իրեն եւ Արտակին հրել են պատի մօտ եւ բռնել ձեռքերը, որպէսզի չկարողանան կատարուածը նկարել: Այնուհետեւ յանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանեանը բացել է քուէատուփը եւ տեղի է ունեցել մօտ 300-400 քուէաթերթիկի լցոնում: Իսկ արդէն քուէաթերթիկների հաշուման ժամանակ պարզուել է, որ քուէատուփի կնիքը վնասուած է, բացի այդ՝ քուէաթերթիկների քանակը մօտ 300ով աւելի է եղել ընտրութիւններին մասնակցած անձանց ստորագրութիւնների թուից:
Վերոնշեալի առթիւ յարուցուած քրէական գործը քննիչ Գ. Յովակիմեանի վարոյթում է: Նարինէի պատմելով՝ վերջինիս մօտ իր 4 հարցաքննութիւններից իւրաքանչիւրը տեւել է 5-6 ժամ, քանի որ ամէն անգամ քննիչի գրի առած տեքստի հետ խնդիր է ծագել:
«Ես հայերէն չեմ կարողանում գրել, դրա համար քննիչն է ասածներս արձանագրում: Բայց ամէն անգամ, երբ նրա գրածը բարձրաձայն կարդում ենք, պարզւում է, որ իմ ասածները փոխել է, միտումնաւոր փորձում է դարձնել այնպէս, որ ես սուտասան եմ, այնպէս է անում, որ ես ագրեսոր (յարձակող- Խմբ.) երեւամ, ասում է Նարինէն, օրինակ՝ ես պատմում եմ, որ երբ ներս մտայ, յանձնաժողովի նախագահը բարկացած ասաց՝ նստիր տեղդ: Բայց քննիչն արձանագրում է՝ ես մտայ ներս եւ յանձնաժողովի նախագահին բարկացած ասացի՝ նստիր տեղդ»:
Նարինէի ներկայացմամբ, քանի որ իրեն ուզում են «սուտասանի տեղ դնել» եւ կարող են իր դէմ «դատ բացել», իր հետ ՀՔԾ է գնում նաեւ փաստաբան Տիգրան Եգորեանը, ով հարցաքննութիւնը ձայնագրում է:
«Վերջին անգամ կանչել էին յանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանեանի հետ առերես հարցաքննութեան: Նա շատ հանգիստ էր իրեն զգում ու քննիչը նրա կողմից է, պատմում է Նարինէն: Ձայնագրիչը պարզ դրուած էր, եւ կարծես քննիչը սկզբում չէր նկատել: Տեսաւ ու շատ բարկացաւ: Ասաց՝ փաստաբանը ձայնագրելու իրաւունք չունի, ես էլ հարցրի, թէ որ օրէնքի որ յօդուածն է արգելում, որովհետեւ ես հանգիստ չեմ զգում առանց ձայնագրիչի: Բարկացաւ, յետոյ ՀՔԾ պետ Միրզոյեանը ներս եկաւ, շատ-շատ ջղայնացաւ, ձայնագրիչը խլեց, գցեց դէպի պատը եւ ասաց, որ զուգարան նետեն: Բղաւում էր, վիրաւորում, ես յուզուեցի, որովհետեւ ինձ սուտասանի տեղ էր դնում»:
Այնուհետեւ, ըստ Նարինէի, ձայնագրիչն անջատել են, դրել դարակում եւ հարցաքննութիւնը շարունակել: Սակայն վերջում պարզուել է, որ «ձայնագրիչը գողացել են». դարակում չէ: Ի վերջոյ, անձամբ Միրզոյեանը վերադարձրել է այն, եւ ինչպէս յետոյ են իմացել՝ ՀՔԾականները փորձել են ձայնագրառումները ջնջել:
«Երբ դուրս եկանք, ՀՔԾ շէնքից՝ 7րդ հարկից, մինչեւ մեր կազմակերպութեան գրասենեակ՝ մի քանի փողոց, երկու մեծ տղայ մեզ հետեւեցին: Ու ես շատ վախեցել էի: Դրանով նրանք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել», ասում է Նարինէ Իսմայիլին:
Վերջինիս փոխանցմամբ՝ քննիչ Գ. Յովակիմեանը պարբերաբար զանգել է իրեն, թէ՝ «սրա համար արի, նրա համար արի», եւ իր կարծիքով՝ պարզապէս փորձում են իրեն ձանձրացնել, ամէն օր կանչել եւ մի քանի ժամ հարցաքննել. «Քննիչն իրաւունք չունի ինձ զանգել. պէտք է իրաւաբանիս զանգի: Եւ ես սա ասացի նրան, նշեցի, որ ԱՄՆի դեսպանատունը գիտի այս ամէնի մասին: Երկու շաբաթ չզանգեց»:
Երկու օր առաջ, սակայն, Նարինէի խօսքերով, քննիչ Յովակիմեանը կրկին զանգել է եւ ասել, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյեանն ուզում է անձամբ խօսել իր հետ:
«Ասաց՝ «Թրանսփարէնսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպութիւնից քո նկարներն ենք ստացել՝ շատ անձնական բնոյթի, եւ բարի սրտով ինձ զանգում է, որ վերադարձնեն», ասում է Նարինէ Իսմայիլին: Նա շեշտում է, որ ՀՔԾին ուղարկել են ընտրութիւններին վերաբերող լուսանկարներ եւ գուցէ պատահաբար դրանց մէջ եղել է նաեւ 1-2 այլ նկար:
«Մտածեցի, որ սխալմամբ ընկերներիս հետ կամ ծովափին մի նկար եմ ուղարկել, բայց քննիչն ասաց՝ տան մէջ լողանալուց յետոյ: Ինչքան որ ես եմ հասկանում, մենակ ուզում եմ, որ ՀՔԾ գնամ եւ երեւի ուզում են ինձ վախեցնել, շանտաժ անել, որ Միրզոյեանի հետ կապուած խօսքերս հետ վերցնեմ, ասեմ, որ ինձ չի ճնշել, չի նեղացրել», ասում է Նարինէն եւ ընդգծում, որ այդպիսի նկար չկայ: Հակառակ դէպքում, ըստ նրա, դա ոստիկանութեան ձեռքի գործն է, քանի որ Նալբանդեան փողոցի վրայ գտնուող իր բնակարանի լուսամուտը նայում է ուղիղ ոստիկանութեան շէնքին:
Նշենք, որ այսօր յայտարարութիւն է տարածել «Թրանսփարէնսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿն, իսկ ԱՄՆի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Հեֆերնը մեծ ուշադրութեամբ յետեւում է Նարինէ Իսմայիլիի գործին: