ՅԱՅՏՆԻ ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԷՏԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ

Աշխարհի լաւագոյն 20 տնտեսագէտների ցանկում գտնուող ստամբուլահայ Տարօն Աջեմօղլուն թուրքական Milliyet-ին տուած հարցազրոյցում ասել է, թէ Թուրքիայի 2023 թուականի տեսլականը իրական չէ, քանի որ թուրք գործարարների համար դժուար է մի երկրում գործունէութիւն ծաւալել, որն իրաւունքի երկիր չէ:
Թուրքիայում ստացած հերթական մրցանակը վերցնելու համար Ստամբուլ ժամանած Տարօն Աջեմօղլուն, ով ապրում է ԱՄՆում եւ դասաւանդում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, պատասխանել է Milliyet-ի հարցերին:
Լրագրողի այն հարցին, թէ որքանո՞վ են իրական թուրքական իշխանութիւնների յայտարարած 2023ի ծրագրերը, Տարօն Աջեմօղլուն պատասխանել է, թէ անհնար է, որ դրանք իրականանան: «Տնտեսութիւնը մեծանում է, սակայն մարդիկ աղքատ են: Աշխարհի ամէն վայրում է աղքատութիւն եւ անհաւասարութիւն կայ, սակայն Թուրքիայում վիճակն այլ է: Դա կապուած է նախկին համակարգերի հետ», նշել է Աջեմօղլուն:
Անդրադառնալով ֆինանսա-բանկային համակարգին, հայ տնտեսագէտը նշել է, թէ այդտեղ Թուրքիայի գործն աւելի դժուար է, քանի որ այն դեռ իրաւունքի պետութիւն չէ: «Դատական մարմինները շատ վատ վիճակում են: Եթէ գործարար էք, ոչ մի պարագայում չէք կարող դիմել դատարան: Երբ Թուրքիայում չեն ստեղծուել մարդկանց հաւասարութիւնն ապահովող կառոյցներ եւ քաղաքական համակարգը չի նորացուել, դրանք չեն կարգաւորուի», նշել է Տարօն Աջեմօղլուն:
Այն հարցին, որ եթէ Թուրքիան անցնի նախագահական համակարգի, իրավիճակը ո՞ր ուղղութեամբ կը փոխուի, Աջեմօղլուն պատասխանել է. «Իհարկէ, բացասական ուղղութեամբ: Եթէ իրաւունքի պետութիւն էք, նախագահական համակարգը վատը չէ: Իրաւունքը պէտք է միշտ քաղաքականութեան առջեւում լինի: Թուրքիայում առկայ խնդիրների պարագայում նախագահական համակարգի անցում կատարուի, աւելի կը յետաձգուի անցումը դէպի իրաւական պետութիւն»:
Նշենք, որ Տարօն Աջեմօղլուն ծնուել է 1967ին, Ստամբուլում: 1986ին աւարտել է Գալաթասարայի աւագ դպրոցը: Այնուհետ, աւարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտութեան դպրոցում: 1993ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագէտների շարքը 2000ին ստանալով պրոֆեսորի կոչում:
Տարօն Աջեմօղլուն, IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպութեան կողմից հրապարակուած տուեալների համաձայն, աշխարհում ամենաշատ վկայակոչուող 20 տնտեսագէտների մէջ է մտնում՝ զբաղեցնելով 8րդ տեղը, երբ Նոբելեան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակի 13րդ տեղում է: