
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Սերժ Սարգսեան 9 Ապրիլին Կարէն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ կայացած Հայաստանի Ազգային ժողովի յատուկ նիստին ընթացքին ստանձնեց Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը՝ հետեւեալ երդումով.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը՝ երդւում եմ. անվերապահօրէն կատարել Սահմանադրութեան պահանջները՝ յարգել մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները, ապահովել Հանրապետութեան անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը՝ ի փառս Հայաստանի Հանրապետութեան եւ ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի»:
Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնութեան խօսքէն եւ աղօթքէն ետք Սերժ Սարգսեանը արտասանեց հետեւեալ խօսքը.
Շնորհակալութիւն եմ յայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրութիւններին ակտիւ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնում:
Նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տուել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտայայտել են իրենց դժգոհութիւնը երկրում առկայ խնդիրների վերաբերեալ: Դրանով նրանք իշխանութիւններին յղել են յստակ ուղերձ՝ աւելի արդիւնաւէտ աշխատելու պահանջ: Համոզուած եղէք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօրուայ երդման արարողութեամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատուութիւն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկեան: Վեհամօր աւետարանը, որի վրայ ես երդուեցի, հազար տարուանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգուելը բացառիկ պատիւ է: Այս հանդիսաւոր պահին ես խոստանում եմ այդ պատիւը բարձր պահել:
Որեւէ նախագահի համար Սահմանադրութեամբ նախատեսուած երկրորդ ժամկէտն ունի ե՛ւ իր առաւելութիւնները, ե՛ւ իր բարդութիւնները: Հիմնական առաւելութիւնը, ի հարկէ, կուտակուած փորձն է, որ նման աշխատանքի դէպքում խիստ արժէքաւոր է: Լրացուցիչ բարդութիւնները կապուած են ժողովրդի աւելի մեծ ակնկալիքների եւ աւելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամէն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կեանքի կոչելու համար:
Յառաջիկայ հինգ տարիներին մեր պետութեան եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթութիւնում է: Կ՛առանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկութիւն, աղքատութիւն: Դրանց լուծումները նոյնպէս այս հարթութիւնում են: Արդիւնաւէտ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսութիւն. ահա յաջողութեան մեր բանաձեւը:
Երկրորդ առաջնահերթութիւնը իրաւունքի գերակայութեան ապահովումն է: Բոլորի հաւասարութիւնը օրէնքի առջեւ պարտադիր պայման է մեր թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական զարգացման համար:
Երրորդ առաջնահերթութիւնը, որն ամենաուղղակի կերպով կապուած է նախորդի, այսինքն՝ իրաւունքի գերակայութեան հետ, ժողովրդավարութեան խորացումն է: Համեմատէ՛ք հինգ տարի առաջուայ Հայաստանը այսօրուայ Հայաստանի հետ եւ կը տեսնէք տարբերութիւնը: Համեմատէ՛ք խօսքի, մամուլի, հաւաքների ազատութեան մակարդակները: Համեմատէ՛ք հասարակական կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս քաղաքացիական հասարակութեան կայացածութեան մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բաւարարուելու, կանգ չենք առնելու: Հինգ տարի յետոյ մենք ունենալու ենք ժողովրդավարութեան բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ: Դա ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին, սիրելի՛ հայրենակիցներ:
Արտաքին քաղաքականութեան ասպարէզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորումը մնում եւ մնալու է մեր առաջնահերթութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետեւողականօրէն աշխատելու ենք մեր անվտանգութեան մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որեւէ գործօն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունութեան ապահովմանը, բայց մենք պարտաւոր ենք առաջին հերթին ապաւինել մեր ուժերին: Հնարաւոր բացասական զարգացումների դէպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղութիւնը պահպանելու կարեւորութիւնը քննարկման առարկայ չէ:
Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առաւել եւս չենք օգտագործել այդ հարցը իբրեւ պատրուակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծօրէն եւ իրատեսօրէն ասել, որ նման վտանգ գոյութիւն ունի:
Պատերազմ չտեսած եւ անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարաւորութիւնը դարձնել ցինիկ եւ ստորաքարշ շահարկումների առարկայ: Ես նրանցից չեմ. ես գիտեմ ե՛ւ ընկերոջ կորստի, ե՛ւ յաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինուորի կեանքի համար, նաեւ հայրենիքի իւրաքանչիւր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովրդից ստացած վստահութեան քուէի ուժով յայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրաւելու իւրաքանչիւր մարտահրաւէրի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ իւրաքանչիւր մարտահրաւէրի:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարտադրանք, բռնութիւն, ահաբեկում, պատերազմ՝ սրանք են իրականութեան վերաբերեալ մեր հակառակորդի պատկերացումները: Այն իրողութիւնները, որ նրանք պարտադրում են սեփական ժողովրդին, նաեւ ցանկանում են պարտադրել մեզ:
Մենք նրանց այդ պայմանները մերժել ենք, եւ դրանք երբեք չենք ընդունելու: Մենք այլ իրականութիւն ենք կերտում. ինչպէս արդէն ասացի՝ տնտեսական վերելք, օրէնքի գերակայութիւն, ժողովրդավարութեան ամրապնդում: «Հայաստան» անունը առաջին հերթին պէտք է զուգորդուի սրա՛նց հետ: Հէնց սրանք են մեր հակափաստարկները, որ ներկայացնում ենք ինչպէս մեր հակառակորդներին, այնպէս էլ ողջ աշխարհին:
Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք համամարդկային արժէքների վրայ խարսխուած արժանապատիւ խաղաղութիւն: Բայց անցած տարիների փորձը ցոյց տուեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան աւելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան աւելի ուժեղ ենք մենք դառնում: Եւ դա աւելի տեսանելի է լինելու:
Այսօր որքան անհաւասար են մեր արտահանման պայմանները, այդքան աւելի ջանք մենք պէտք է ներդնենք՝ յաւելեալ արժէք պարունակող ապրանքներ ստանալու համար: Ներդնենք, որպէսզի ստանանք համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք ու ծառայութիւններ:
Մեր հիմնական առաւելութիւնը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականութիւնն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագաւառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինուորների պէս ամուր են պահում մեր երկրի անվտանգութիւնը: Իսկ նրանց հետ՝ նաեւ իւրաքանչիւր մարդ, ով ազնիւ աշխատում եւ արդիւնք է տալիս:
Մեր հիմնական խնդիրն է՝ աւելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորուելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարաւորութիւնը՝ մնացած ամէն ինչ նրանք ինքնուրոյն կ՛անեն, կ՛արարեն, կը ստեղծեն, կը զարգացնեն:
Նաեւ այդ նպատակով մենք պէտք է ապահովենք Հայաստան-Սփիւռք գործակցութեան դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ աւելին անել: Մենք պէտք է առաւելագոյնս ներգրաւենք Սփիւռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող իւրաքանչիւր ներդրումային ծրագիր կը ստանայ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների աջակցութիւնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընտրարշաւի ժամանակ մենք բոլորս խօսելու եւ մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարաւորութիւններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից իւրաքանչիւրը մտահոգուած էր նրանով, որ իր ասելիքը հնարաւորինս մանրամասն եւ ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրութիւններով ոչինչ չի աւարտւում, այլ սկսւում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետեւողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խօսքից գործին անցնելու, խօսքերը գործերով ամրագրելու:
Ուրեմն՝ ի գործ:
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
Փառք հայ ժողովրդին»: