ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղաւում էր Ապրիլի 9ին Բաղրամեան պողոտայի ուղղութեամբ շարժուող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինէ մահակներով զինուած ու դիմակներով պաշտպանուած, հաստատ իրեն տարեկից ոստիկանների շուրջկալ-հետապնդումից: Ինչի՞ համար… մի քանի վայրկեանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում յայտնուած անօգնական, տապալուած կենդանու պէս նրան քարշ են տաիս դէպի ոստիկանական մեքենան:
Ինչի՞ համար, լուռ ու դառը վիրաւորանքով, Բաղրամեան պողոտայում արտասւում էր անչափահաս աղջիկն ու նրա դէմքին իջած ոստիկանի ապտակն իբր չջնջուող ծանր ու ցաւացնող յուշ, հայրենիքի խարան կը մնայ ամբողջ կեանքի համար:
Ինչի՞ համար… այս անլուծելի ու ծանր հարցն ուղեղներում, իրենց կորցրած իրաւունքների ու կորցրած ճակատագրի յետեւից դէպի Ազատութեան հրապարակ են շտապել ՀՀ հազարաւոր մոլորուած քաղաքացիներ ու յոյսի վերջին փշուրներից երազ հիւսած, հիւծուած հայեացքով, մեր վիրաւոր ու անգոյ Սահմանադրութեամբ երդւում են նուիրուել ու պայքարել Նոր Հայաստանի համար:
Ինչի՞ համար… այս ցաւացնող ու դարձեալ ծանր հարցն է Սերժ Սարգսեանի դէմքին ու, երբ Մարզահամերգային համալիրում երդւում է Վեհամօր Աւետարանի ու ՀՀ Սահմանադրութեան վրայ, նա հաստատ զգում ու լսում է անել վիրաւորանքից տրոփացող Ազատութեան հրապարակը:
Ինչի՞ համար… հաստատ այս ցաւացնող ու դարձեալ ծանր հարցն է Սերժ Սարգսեանի դէմքին, որովհետեւ հաստատ Մարտի մէկն այլեւս մեր բոլորի ու մեր պետութեան կենսագրութեան էջն է:
Ինչի՞ համար… բաց վէրքի պէս ցաւում է սիրտս այս իրականութեան համար ու հասկանում, գրեթէ համոզւում եմ, որ բաժանարարներից ազատուելու ժամանակը ոչ թէ չեկաւ, այլ եկաւ անողոք, աննահանջ, անզիջում դիրքերով՝ բառիս իսկական իմաստով:
Ոստիկանների թանձր, ամուր ու կուռ շարքերը Բաղրամեան պողոտան բաժանել են մերոնց ու ոչ մերոնց: Երկուսն էլ մենք ենք՝ համազգեստով ու առանց, մահակով ու առանց, զէնքով ու առանց, կարմիր բերետով ու առանց, Հայաստանի Սահմանադրութեամբ ու առանց…. երկուսն էլ մենք ենք՝ ընդդէմ, ու համոզուած մտածում ենք՝ յանուն Հայաստանի:
Ինչի՞ համար…. բղաւում է ոստիկանների օղակ օպերացիայի (գործողութեան-Խմբ.) մէջ յայտնուած Աժ նախկին պատգամաւոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արմէն Մարտիրոսեանն ու նրա դէմքին ու որովայինին, ղեկավարութեան անվրդով ներկայութեամբ տեղում են ոստիկանների անզիջում հարուածներն ու «սրան շպրտէք էնկողմ» հրահանգով արիւնլուայ ու վիրաւոր Արմէնին տանում են դէպի ոստիկանական մեքենան:
Ինչի՞ համար… ինչի՞ համար… անզօր, հայրաբար բղաւում է բարիկադների այնկողմում յայտնուած ականատեսն ու նրա վիրաւորանք-յուսահատութիւնն աւելի է խորանում, որովհետեւ շատ-շատերի պէս նա էլ գիտի, որ այդ նոյն

Արմէն Մարտիրոսեանը Մարտի մէկին իր վրայ վերցրեց ոստիկանին ուղղուած դանակի հարուածը:
Ինչի՞ համար… դառը, դառը նստուածքով ցաւում է սիրտս մեր համար ու տեսնում եմ, թէ ինչ ստոյգ է աշխատում հին ճշմարտութիւնը՝ «յաղթանակի տէրեը շատ են, պարտութիւնն անտէր»: Հիմա շատերը, որ փորձում էին Րաֆֆու շուրջը պտտուել ու նրա նուաճած հարթակից ոտքի հող կորզել, վերածուել են նրա դատաւորների…
Իսկ իրականութիւնն աւելի քան մերկ է ու մեղք: Մեղք, որովհետեւ այս էլ որերորդ անգամ պարտութեան բեռից մեր միակ՝ ողնաշարն է բեկւում, Հայաստանի ողնաշարը:
Ճիշդ այս օրերին հրապարակւում է Գելափի հերթական զեկոյցը. Նախկին խորհրդային երկրներից սեփական երկրից հեռանալ ցանկացողների ամենաբարձր ցուցանիշն Հայաստանում է՝ Հայաստանի քաղաքացիների քառասուն տոկոսը հնարաւորութեան դէպքում կը լքէր հայրենիքը:
Իսկ մեր անկախ ու ժողովրդավարական երկիրը 22 տարեկան է, ու մենք պիտի որ վաստակած լինէինք արժանապատիւ ապրելու, կամ գոնէ խաղաղ երթ կազմակերպելու ամենապարզ իրաւունքը:
Ինչի՞ համար… հաստատ այս հարցն է շատ-շատերի շուրթերին ու մտքում, բաժանարարների երկու կողմում էլ ու մենք շարունակում ենք մեր անստոյգ, պարտուած ու բեկուած ողնաշարով երթը… ինչի՞ համար…