
ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ
Իրանում վերջերս տեղի ունեցած երկրաշարժը կրկին կենտրոնացրեց մարդկանց ուշադրութիւնը սէյսմիկ (երկրաշարժի-Խմբ.) անվտանգութեան եւ պաշտպանութեան հիմնախնդիրների վրայ: Հայաստանի նման երկրի համար, որն ունի Սպիտակի երկրաշարժի փորձը, այս խնդիրն առաւել քան ցաւոտ է: 1988թ. Դեկտեմբերի 7ի երկրաշարժի հետեւանքով զոհուեց աւելի քան 25 հազար մարդ, շուրջ 19 հազար մարդ դարձաւ հաշմանդամ, 500 հազարը մնաց անօթեւան, երկիրը կրեց աւելի քան $13 միլիարդի տնտեսական վնաս:
Սպիտակի երկրաշարժի պարագայում զոհերի եւ աւերածութիւնների թիւը մեծ էր նաեւ այն պատճառով, որ խորհրդային իշխանութիւնները թերագնահատել էին Հայաստանի սէյսմիկ վտանգը: Իրականում, Սպիտակի երկրաշարժը ցոյց տուեց, որ երկրաշարժերի ուժգնութիւնը մեր տարածաշրջանում գնահատւում է 8 եւ աւելի բալ, մինչդեռ մեր երկրի շէնք-շինութիւնները կառուցուել էին՝ առանց հաշուի առնելու այս հանգամանքը:
Հայաստանի տարածքն՝ ըստ սէյսմիկ վտանգի բաժանուած է երեք գօտիների: Մայրաքաղաք Երեւանը գտնւում է երրորդ՝ ամէնավտանգաւոր գօտում: Մասնագէտների գնահատմամբ, ուժգին երկրաշարժի դէպքում մայրաքաղաքում հնարաւոր է զոհուի աւելի քան 100 հազար մարդ:
ԵՐԵՒԱՆԻ ՍԷՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Երեւանը Հայաստանի ամենախիտ բնակեցուած քաղաքն է, որտեղ 1000 տարուայ կտրուածքով հնարաւոր է 9 եւ աւելի բալ ուժգնութեամբ երկրաշարժ: ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան արեւմտեան ծառայութեան կառուցուածքների սէյսմակայունութեան կենտրոնի պետ Զաւէն Խլղաթեանի խօսքերով, մայրաքաղաքում, յատկապէս կենտրոնում, շատ են մինչեւ 1950թ. կառուցուած շէնքերը, որոնք չեն ենթարկուել հակասէյսմիկ միջոցառումների, իսկ 1950ից մինչեւ Սպիտակի երկրաշարժի ժամանակահատուածում կառուցուած շէնքերի պարագայում սէյսմիկ վտանգը թերագնահատուած է:
Վերջերս ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան ազգային ծառայութեան մասնագէտները ճապոնացի գործընկերների հետ համատեղ գնահատել են Երեւանի բազմաբնակարան բնակելի շէնքերի սէյսմիկ ռիսկը:
«Նախնական գնահատականներով, կարելի է ասել, որ Երեւանի շուրջ 4800 բազմաբնակարան շէնքերի 20 տոկոսը սէյսմակայունութեան տեսակէտից շահագործման պիտանի չէ: Դրանք պէտք է ապամոնտաժուեն (կազմաքանդուեն-Խմբ.) եւ փոխարինուեն նորերով: Բազմաբնակարանների մօտ 60 տոկոսը սէյսմազինուածութեան բարձրացման եւ ամրակայման կարիք ունի: Այսպիսով, բազմաբնակարանների միայն 20 տոկոսը ուժեղ երկրաշարժի դէպքում կը վնասուի, բայց չի փլուզի», նշել է Զաւէն Խլղաթեանը:
Հայ եւ ճապոնացի մասնագէտները դիտարկել են հաւանական երկրաշարժի մի քանի սցենարներ: Այսպէս, սցենարներից մէկի համաձայն՝ Գառնու մերձակայքում ցերեկային ժամերին ուժգին երկրաշարժի պարագայում Երեւանում կը զոհուի շուրջ 100 հազար մարդ, կը փլուզուի շէնքերի 40 տոկոսը: Եթէ երկրաշարժը գրանցուի գիշերը, զոհերի թիւը կը հասնի 250 հազարի:
Որպէս Երեւանի առաւել վտանգաւոր թաղամասեր Զաւէն Խլղաթեանը առանձնացրել է Կենտրոն համայնքը, որը կառուցապատուած է հիմնականում հին, սէյսմակայունութեան նորմերին չհամապատասխանող շէնքերով: Հնարաւոր երկրաշարժի դէպքում առաւել վտանգաւոր են նաեւ Շէնգաւիթ, Էրեբունի, Աջափնեակ եւ Հարաւ-Արեւմտեան Բ. թաղամասերը:
ԻՆՉՊԷ՞Ս ՀԱՍՆԵԼ ՍԷՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՈՒԱԶԵՑՄԱՆ
2011թ. Յունիսին «Սէյսմակայուն շինարարութեան հայկական ասոցիացիան» բաց նամակ ուղղեց ՀՀ ղեկավարութեանը, որում, մասնաւորապէս, ասուած էր.
«Հետազօտութիւնները ցոյց են տուել, որ Երեւանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի ազգաբնակչութեան աւելի քան 40 տոկոսը, 6.5-7 մագնիտուդայով կանխատեսուող երկրաշարժի դէպքում կ՛աւերուի կապիտալ կառուցապատման շէնքերի գերակշռող մեծամասնութիւնը, իսկ զոհերի թիւը կը լինի անհամեմատելի աւելի շատ, քան Սպիտակի երկրաշարժի դէպքում: Անդամալոյծների եւ անտուն մնացած մարդկանց թիւն արդէն հնարաւոր չի լինի հաշուել: Ակնյայտ է, որ նոյնիսկ հարուստ պետութիւններն ի վիճակի չեն իրականացնելու գոյութիւն ունեցող շէնքերի ու կառոյցների զանգուածային ուժեղացում: Օրինակի համար, անհրաժեշտ եւ ոչ անհրաժեշտ առիթներով շքեղ տօնակատարութիւնների ու համերգների փոխարէն այդ միջոցներն ուղղէք երկրաշարժից բնակչութեան պաշտպանութեանը: Մենք առաջարկում ենք շտապ կարգով սկսել դպրոցների, հիւանդանոցների ու կառավարական շէնքերի ուժեղացումը»:
Ակնյայտ է, որ այսօր մեր պետութիւնը, օբյեկտիւ պատճառներից ելնելով, ի վիճակի չէ հրաժարուել ոչ միայն սէյսմիկ անվտանգութեան նորմերին չհամապատասխանող, այլեւ վթարային վիճակում գտնուող շէնքերից: Սա կը պահանջի ոչ միայն ահռելի ֆինանսական միջոցներ, այլեւ բնակչութեան որոշակի խմբերին՝ նոր կացարանով ապահովում, ինչը ներկայ սոցիալ-տնտեսական իրավիճակում անիրական է թւում:
Ներկայ պայմաններում սէյսմիկ ռիսկի նուազեցման ամենաիրատեսական եւ արդիւնաւէտ ճանապարհներից մէկը բազմաբնակարան շէնքերի, դպրոցների, յատուկ նշանակութեան օբյեկտների ուժեղացումն է: Զաւէն Խլղաթեանի փոխանցմամբ, մօտ ապագայում կառավարութիւնը կ՛ընդունի որոշում, որով առաջնային խնդիր է դրւում ամրակայել հէնց դպրոցներն ու մանկապարտէզները:
Սէյսմիկ ռիսկի նուազեցման տեսանկիւնից պակաս կարեւոր չէ նաեւ ենթակառուցուածքների խնդիրը:
«Մեր ճապոնացի գործընկերների համար անհասկանալի էր, թէ ինչու են մեր թաղամասերի գազատարներն անցնում շէնքերի պատերին անմիջապէս կից: Դա շատ վտանգաւոր է: Այդ ենթակառուցուածքները նախատեսուած չեն անգամ փոքր ցնցումների համար, եւ երկրաշարժի դէպքում դրանք կը բերեն երկրորդային վտանգներ», նկատել է սէյսմիկ պաշտպանութեան գործակալութեան մասնագէտը:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ՝ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԾԱԽՍԵՐՈՎ
Զաւէն Խլղաթեանը մշակել եւ ԱԻՆի ուշադրութեանն է ներկայացրել ռազմավարական ծրագիր, որով առաջարկում է նուազագոյն ֆինանսական միջոցներով հասնել բազմաբնակարան բնակելի շէնքերի սէյսմիկ ռիսկի նուազեցմանը:
Նախնական հաշուարկներով, իւրաքանչիւր շէնքի սէյսմազինուածութեան բարձրացումը կը կազմի դրա արժէքի ոչ պակաս քան 40 տոկոսը եւ կը պահանջի շէնքի բնակիչների ժամանակաւոր տարհանում:
«Մենք առաջարկում ենք խնդրի լուծման ժամանակակից եւ արդիւնաւէտ եղանակ, որի իրականացումը պետական բիւջէից ներդրումներ չի պահանջի. օգտագործել տատանումների դինամիկական մարիչներ, որը մեր առաջարկած պարագայում իրենից ներկայացնում է շէնքի տանիքում մէկ լրացուցիչ հարկ: Երկրաշարժի ժամանակ այն տատանւում է շէնքի տատանմանը հակառակ ուղղութեամբ եւ իր վրայ է վերցնում երկրաշարժից շէնքին փոխանցուող էներգիայի զգալի մասը: Այն երկու անգամ փոքրացնում է սէյսմիկ ազդեցութիւնները բուն շէնքի վրայ եւ բացառում է շէնքի փլուզումը», ասել է Խլղաթեանը:
Նախնական հաշուարկներով, այս տարբերակը իւրաքանչիւր շէնքի պարագայում հնարաւոր է իրականացնել 1-1,5 ամսուայ ընթացքում, եւ 1 մ քառ. շինարարութեան համար կը պահանջուի ոչ աւելի, քան 500 ԱՄՆ դոլար:
«ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
ԶՍՊԱՇԱՊԻԿ ՀԱԳՑՆԵԼ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ»
Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որն ընդունել է «Սէյսմիկ պաշտպանութեան մասին» օրէնք: Սակայն այն դեռեւս չի լրացուել բազմաթիւ օրէնսդրական ակտերով:
«Նորմատիւային (օրինաչափական-Խմբ.) դաշտ կայ, բայց կան դեռ հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարողանում «զսպաշապիկ» հագցնել կառուցապատողին: Բազմաթիւ նամակներ ենք պատրաստել եւ ուղարկել ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւն եւ քաղաքապետարան՝ Երեւանում կառուցապատման խնդրի վերաբերեալ: Մենք մատնանշել ենք, որ Երեւանում կառուցապատումը պարտադիր պէտք է համապատասխանեցնել սէյսմիկ ռիսկի մակարդակին», ասել է Զաւէն Խլղաթեանը:
Սէյսմակայուն շինարարութեան նորմերի ամէն մի խախտում բերում է անկանխատեսելի հետեւանքների: Մասնագէտներին յատկապէս մտահոգում է քաղաքացիների կողմից բնակարաններում ինքնուրոյն իրականացուող ձեւափոխումները՝ միջնորմերի, հիմնական կրող պատերի ձեւափոխումը կամ քանդումը:
«Իմ խորհուրդն է մեր ազգաբնակչութեանը՝ մի վերագրէք ձեզ շինարարի գործառոյթները եւ ինքնուրոյն շինարարական միջամտութիւններ բնակարանում մի արէք», ասել է Զաւէն Խլղաթեանը: