ԼԻԼԻԹ ՆՈՒՐԻՋԱՆԵԱՆ
Խնամք Մատուցելով Ապրուստ Շահող Ներգաղթած Հայ Կանանց Պատմութիւններէն՝ «Ապրում եմ ուրիշի կեանքով, իսկ իմ կեանքը մնաց Հայաստանում…»
Հայաստանցիներին եւ տասնամեակներ առաջ ԱՄՆ գաղթածների հայ սերնդին այստեղ շատ հեշտ է տարբերել: Հարցը բարեկեցութեան ու լեզուի իմացութեան տարբերութիւնը չէ: Մէկ հայեացք, ձեռքի մէկ շարժում, ու արդէն պատկերացում ես կազմում մարդու, նրա դժուարութիւնների ու իրօք քամող կարօտի մասին:
Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլօ քաղաքի հայ ԴԻ-ՓԻների (DP displaced people) գրեթէ ամէն ընտանիքում, որտեղ կան կա՛մ ծերեր, կա՛մ հիւանդներ, աշխատում է միջին տարիքի հայաստանցի կին. նրանք, ովքեր թողնելով Հայաստանում իրենց ամուսիններին ու երեխաներին, կտրել են ովկիանոսը եւ այլ տներում աշխատելով՝ ապահովում են Հայաստանում մնացած ընտանիքի գոյութիւնը:
Այս կանանց հայեացքում ու ձեռքի կամ գլխի թեթեւ մի շարժումի մէջ կայ պրկուած կարօտի ու անջատուած ընտանիքների պատմութիւնը: Այդ պատմութիւնները գրեթէ նոյնն են՝ մի քանի թեթեւ վրձնահարուածների տարբերութեամբ:
***
Նարինէն վեց տարի է ինչ ապրում է Կալիֆորնիա նահանգում: Մի քանի ընտանիքներում խնամակալ է աշխատել: Ինձ դիմաւորեց հայաստանցիներին յատուկ զգուշաւորութեամբ:
«Մեր բոլորի պատմութիւնը նոյնն է, մենք լաւ կեանքից չէ, որ այստեղ ենք», միանգամից արտաբերեց, երբ դեռ չէի հասցրել նստել: Աչքերում, շուրթերին, ձեռքի շարժումներում կար միայն մէկ բան՝ լարուած կարօտ ու մոլորուածութիւն:
«Երկու աղջիկներս դպրոցն աւարտելուց յետոյ անմիջապէս ընդունուեցին համալսարան, երկուսն էլ՝ վճարովի: Ամուսնուս աշխատավարձը հազիւ էր բաւականացնում, որ ծայրը ծայրին հասցնենք: Ես փորձեցի հազար ու մի տեղ գործ գտնել. լաւագոյնը ռեստորանում աման լուացողն էր՝ ծիծաղելի աշխատավարձով: Այլ ելք չունէի. թողեցի տունս, ընտանիքս, ամուսնուս ու երկիրս եւ եկայ ԱՄՆ: Սկզբում մտածում էի՝ երկու տարի կ՛աշխատեմ, աղջիկներիս ուսման վարձը կը հաւաքեմ ու կը գնամ հետ: Երկու տարին դարձաւ չորս, չորսը՝ հինգ, եւ ես ծանր հիւանդացայ: Մի տարի չկարողացայ աշխատել, վիրահատութիւն ունեցայ, հազիւ էլի ոտքի եմ կանգնել: Հիմա աշխատում եմ, որ բուժմանս պարտքերը փակեմ: Իսկ հիւանդացայ՝ կարօտից, դեպրեսիաներից (ընկճուածութիւններէն-Խմբ.) ու անելանելիութիւնից», աթոռի ծայրին ձեռքերը իրար սեղմելով պատմում է Նարինէն:
«Գիտես, միշտ մտածում էի, որ ես թոյլ եմ, բայց կեանքը ստիպեց որ գամ այստեղ, ինքս էլ չպատկերացնելով՝ ինչ եմ անում: Սկզբում այնքան խառնուած էի, փողոց անցնել չէի կարողանում անգամ, որովհետեւ չգիտէի, որ կոճակը պիտի սեղմեմ կանաչ լոյսի համար, լեզու չգիտէի, բայց թղթերս էի դասաւորում, որ կարողանամ այստեղ մնալ ու եկածս օրուանից աշխատել եմ, քանի որ տեղ պիտի ունենայի մնալու եւ գումար՝ ուղարկելու ընտանիքիս: Ապրում էի մի կնոջ տանը, ում եւ խնամում էի, ու հէնց քնում էր, բացում էի բառարանները, աուդիօ (ձայնագրուած-Խմբ.) գրքերը ու՝ սովորում լեզուն»:
Վեց տարի կինն ապրել է օտարների տանը, խնամել օտար մարդկանց, ապրել նրանց կեանքով, իր խօսքերով՝ «Ծիծաղել, երբ նրանք են ծիծաղում, տխրել, երբ նրանք են տխրում ու ապրել այն, ինչ իրենք են ապրում» եւ միայն ինքն իր ներսում ապրել է սեփական ցաւը՝ ընտանիքի, հարազատների ու Հայաստանի կարօտը:
«Հայաստանը ամենալաւ տեղն է ապրելու համար, բայց ինձ բոլորը, բոլորն ասում են՝ հետ մի արի: Ասում են հիմա աւելի վատ է վիճակը, քան վեց տարի առաջ, երբ ես թողել եկել եմ: Ասում են, որ կը փոշմանեմ: Չգիտեմ, երազանքս Հայաստանում ապրելն է, բայց յոյս էլ չունեմ: Հիմա արդէն ուզում եմ թղթերս դասաւորել, որ ընտանիքիս կարողանամ բերել այստեղ. այլ ելք չկայ: Հայաստան հետ գնալը կը լինի մէկ շաբաթուայ ուրախութիւն, յետոյ կը սկսուեն պրոբլեմները (խնդիրները-Խմբ.): Իսկ պրոբլեմը միայն եւ միայն ֆինանսականն (դրամականն-Խմբ.) է: Այնպէս չի, որ Ամերիկայում բանանի ծառի վրայ լաւ կեանք ու փող է աճում, չէ՛, բայց այստեղ կայ արդարութիւն, այստեղ կայ հնարաւորութիւն, եւ եթէ աշխատում ես, վարձատրւում ես այնպէս, որ կարողանում ես մարդու նման ապրել», ասում է Նարինէն:
Հիմա Նարինէն մի բան է ցանկանում՝ ապրել իր ընտանիքի հետ ու աշխատանք ունենալ: Առաջինը հեշտ է ձեռք բերել՝ վերադառնալով Հայաստան, սակայն համոզուած է, որ ո՛չ իր, ո՛չ իր երեխաների համար Հայաստանում աշխատանք չկայ: Մնում է երազել՝ ընտանիքին ԱՄՆ բերելու եւ այստեղ նոր կեանք սկսելու մասին:
***
61ամեայ Քնարիկը Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլօ քաղաքում ապրում է արդէն տասը տարի: Ապրում է Հայրենական պատերազմի տարիներին գերմանական ճամբարից ԱՄՆ գաղթած տարեց հայ կնոջ տանը, խնամում նրան, ապրում նրա կեանքով:
«Այս կինը ոնց որ իմ մայրը լինի կամ սկեսուրը, այնքան սիրում եմ իրեն, ինքն էլ՝ ինձ, բայց մէկ է, սա իմ կեանքը չէ, սա իր կեանքն է, ես ապրում եմ ուրիշի կեանքով, իսկ իմ կեանքը մնաց Հայաստանում»:
Մօտ 20 տարի առաջ Քնարիկի աղջիկը ամուսնու հետ եկաւ ԱՄՆ, Քնարիկն էլ տարիներ անց որոշեց այցելել աղջկան: Այցի ժամանակ կինը լուր ստացաւ, որ ամուսինը յանկարծամահ է եղել 54 տարեկանում:
«Արդէն որոշել էի այստեղ մնալ, ու ամուսնուս համար թղթեր էինք դասաւորում, որ գար: Զանգեց մի օր, ասաց. «Նախ ես չեմ ուզում այդտեղ գալ, եւ յետոյ՝ ես երկու օրից մեռնելու եմ, նոյնիսկ չես հասցնի թաղմանս գալ»: Ճիշդ է, միշտ էլ հիպերտոնիա (գերճնշում-Խմբ.) է ունեցել, բուժումներ է անցկացրել, բայց լուրջ չընդունեցի ասածը: Երկու օր անց լուր ստացայ, որ մահացել է: Չկարողացայ մեկնել ամուսնուս թաղմանը: Ու արդէն մնացի ու որոշեցի աշխատել ու օգնել Հայաստանում մնացած երկու որդիներիս ընտանիքներին: Տարիները ձգուեցին ու արդէն տասներորդ տարին է, ինչ այստեղ եմ», յուզմունքից՝ պատմութիւնն այստեղ ընդհատեց Քնարիկը:
Շաբաթը եօթ օր, օրը 24 ժամ Քնարիկն անցկացնում է իր գործատուի տանը, նրա կողքին՝ աշխատում խոհանոցում, մաքրում տունը, խնամում այգին, գնում խանութ, ընդունում հիւրերին: Ինչպէս ինքն է ասում՝ ապրում է ուրիշի կեանքը:
«Մի քանի անգամ գնացի Հայաստան: Երբ ինքնաթիռը արդէն վայրէջք է կատարում, ներսս տակնուվրայ է լինում, աչքերս լցուում են, սիրտս կարծես դուրս է թռչում: Այստեղ ամէն բանի հնարաւորութիւնը կայ, բայց մեր հողը Հայաստանն է: Ես իմ թշնամուն անգամ չեմ ցանկանայ գալ այստեղ ու ապրել այս կեանքը: Պէտք է մենք մնանք մեր հողում: Ես իմ որդիներին չեմ թողնում անգամ մտածել այստեղ գալու մասին: Մեր հողը դատարկենք, որ ինչ: Բայց այդ ամէնի հետ ինչո՞ւ պիտի մեր երկիրը այն վիճակում լինի, որ ես, կին լինելով, թողնեմ իմ ընտանիքը, գամ այստեղ աշխատելու, որ նրանց պահեմ: Ամէն ամիս որդիներիս ընտանիքին գումար եմ ուղարկում: Հագուստ, խաղալիք, ամէն իր առնում են իմ ուղարկածով, որովհետեւ այնտեղի աշխատավարձով չեն կարողանում ընտանիք պահել: Իսկ մենք դժուարութիւններից փախչող չենք. 90ականներին, ձմրանն ամէն գիշեր գնում էի կրելով փայտ բերելու, հացի հերթ էի կանգնում սառնամանիքին, գիշերները մոմի լոյսի տակ կօշիկ էի կարում: Ամէն դժուարութիւն քաշել ենք, ամէն զրկանք կրել ենք, բայց արի ու տես, անցաւ տասը, քսան տարի, իսկ մեր երկիրը ոտքի չի կանգնում, մենք էլ ստիպուած բռնում ենք գաղթի ճանապարհը, որ մեր գլուխը պահենք»:
Քնարիկը հաստատակամ է, վաղ թէ ուշ, մէկ տարուց կամ երկու, երեք, ինքը վերադառնալու է Հայաստան. «Իմ գերեզմանն այնտեղ է, այնտեղ պիտի մեռնեմ, այնտեղ պիտի թաղուեմ»:
Յ.Գ.-. հերոսուհիների անունները փոխուած են:
————————————————————————
ՀԻՒՐ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

«ԱՍՊԱՐԷԶ».- Անցեալ ամիս, «Ասպարէզ»ի հրաւէրով, մէկամսեայ աշխատանքային այցով Երեւանէն Լոս Անճելըս եկան երկու լրագրողներ՝ Լիլիթ Նուրիջանեան եւ Սօնա Քոչարեան: Լիլիթն ու Սօնան այժմ կ՛ուսանին Վրաստանի մէջ Թիֆլիսի Georgian Institute of Public Affairs (GIPA) համալսարանը՝ պատրաստելով իրենց մագիստրոսի վկայականը: Այսօր կը ներկայացնենք Լիլիթի ստորագրած տեղեկագրութիւնը, շուտով կը հրատարակենք Սօնայի յօդուածները: Երկու լրագրողները արդէն վերադարձած են Երեւան: