
Մայիսի 5ի ընտրութիւններին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահութիւն ու ապագայի յոյս ներշնչել:
Մենք փորձեցինք հիմնաւորել իշխող կուսակցութեան քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտութիւնը, մայրաքաղաքի արդիւնաւէտ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հաւատով ու անկեղծօրէն տարանք մեր քարոզարշաւը՝ ձգտելով երեւանցիներին գաղափարա-ծրագրային ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն տալ:
Եղաւ՝ ինչ եղաւ: Հերթական անգամ պետութեան եւ իշխող կուսակցութեան նոյնացումը, վարչական ռեսուրսի (միջոցներու-Խմբ.) անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:
Իշխանական մենաշնորհը աւելի կարծրացաւ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնեայ կառավարելու հնարաւորութիւն ունեն: Կը սպասենք արդիւնքներին, թէեւ դրանք մեզ համար կանխատեսելի են:
Ցաւօք, այս անգամ էլ մեզ չյաջողուեց մեր հասարակութեան մէջ ազատ քաղաքացու, արժանապատուօրէն ընտրութիւն կատարողի գիտակցութիւն ձեւաւորել:
Մենք շնորհակալ ենք Դաշնակցութեանը ձայն տուած երեւանցիներին: Վստահ եղէք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժէքը:
Եւ նրանց, եւ բոլոր երեւանցիներին, եւ Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամէնօրեայ աշխատանքը յանուն մեր երկրում արմատական փոփոխութիւնների, մեր քաղաքացիների ազատութեան եւ բարեկեցութեան:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ