ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Հրաչի ու Զեփիւռի դստեր հարսանիքն էր: Հրաւիրուածներից գրեթէ ոչ ոքի չէի ճանաչում՝ բացի հարսի ծնողներից ու նրանց անմիջական մի քանի հարազատներից: Մեզ տեղաւորեցին յատկացուած տեղերում, «Բարեւ, Աստծոյ բարին» մաղթեցինք սեղանակիցներն, ու շատ անբռնազբօս մի մթնոլորտ ստեղծուեց: Աշխարհի տարբեր ծայրերում ծնուած ու հասակ առած մարդիկ հաւաքուել էին մի սեղանի շուրջ եւ բարեմաղթանքներ էին սփռում զոյգերին, կատակներ անում միմեանց հետ: Իմ մէջ ծառացած անհանգստութիւնը, թէ սեղանակիցներիցս ոչ մէկին չեմ ճանաչում, եւ կամ երաժշտութիւնը ուր որ է պիտի խլացնի բոլորիս, անմիջապէս փարատուեց: Նախ, երաժշտութիւնը առաջին մի քանի ժամուայ ընթացքում այնքան մեղմ էր, որ թոյլ էր տալիս մարդկանց զրուցել, կատակել: Այս ընթացքում հասցրեցի ծանօթանալ Հրաչի մանկապարտէզի ընկերոջ հետ, ապա խօսեցի կողքիս նստած երրորդ սերնդի եգիպտահայ տղամարդու, նրա կնոջ ու միւս բոլորի հետ: Ապա զրուցեցի նրանց կողքին նստած զոյգի հետ՝ կինը սիրիահայ, ամուսինը՝ հայաստանցի: Խօսում էինք առօրեայից, քաղաքականութիւնից եւ այլ յուզող հարցերի մասին: Կապը ստեղծուեց անմիջապէս, մի հանգամանք, որ երաշխիքն է հաճելի երեկոյ անցկացնելու տեսանկիւնից: Տղամարդիկ յաճախ դուրս էին գալիս իրենց ծխամորճը, սիգարետը, կամ էլեկտրոնային սիգարետը վայելելու՝ մի բան, որ բնական է հայկական

հաւաքոյթների ընթացքում: Ակամայից յիշեցի, որ Գլենդելում նոր օրէնք են պատրաստում քննարկել՝ արգելելու ծխախոտ ծխելը զուարճանքի վայրերում: Արդեօք ո՞ւմ դէմ էր ուղղուած այս օրէնքը, ինքներդ դատէք: Բայց ընտրութիւնը մեծամասնութեանն է, ու այս խնդրայարոյց հարցը չի խանգարի իմ հաճելի տպաւորութիւնները այս եզակի հարսանիքի մասին ձեզ հետ կիսուելուն: Մարդիկ պարում էին, ուրախանում, նոյնիսկ հարսի ու փեսայի ծնողները առիթ ունեցան բեմ բարձրանալ ու իրենց սրտի խօսքը յայտնել հաւաքուածներին ու նորապսակներին: Հարսի ու փեսայի ծնողների սրամտութիւնը համահաւասար էր, ու իրենց բաժակաճառի ընթացքում նրանք կարողացան բաւականին շատ տեղեկութիւններ հաղորդել ինչպէս նորապսակների, այնպէս էլ իրենց ընտանիքների մասին: Այս ամէնի մէջ այնքան համ ու հոտ կար, որ ակամայից յիշեցի հայաստանեան հարսանիքների ժամանակ ստեղծուած տօնական մթնոլորտը: Իմ յաճախած բազմաթիւ հարսանիքներ ընթացել են յոգնեցնող, յաճախ էլ ցաւալի ընթացքով: Յոգնեցնում էր հիմնականում երաժշտութիւնը, որ այնքան բարձր էր լինում, որ մարդիկ չէին կարողանում իրար հետ երկու բառ փոխանակել: Ցաւալի էր, որովհետեւ այսպիսի հարսանիքները հաճելի էին միայն երիտասարդների համար, ովքեր աղմկոտ հնչիւնները կարողանում էին քաջաբար տանել, իսկ մեծահասակների երեսին այնպիսի արտայայտութիւն էր լինում, որ մարդիկ ժամ առաջ փորձում էին տուն փախչել, գլուխները ազատելու ու ճնշման դեղահաբ ընդունելու համար: Այս հարսանիքից իմ տպաւորութիւնը միանգամայն այլ էր: Առաջին երգը հայրենասիրական էր, եւ հաւաքուածների ճնշող մեծամասնութիւնը միացաւ երգին: Կարծում եմ, որ գովելի օրինակ կարող է ծառայել նմանօրինակ սկիզբը: Հաճելի էր նաեւ բաժակաճառի գաղափարը, որ կարծես մոռացուել է սփիւռքեան հարսանիքներում: Հետաքրքիր է լսել մարդկանց բարեմաղթանքները, որ կատարւում են հրապարակայնօրէն: Ժամանակին որոշ բարձրագոյն համալսարաններում բաժակաճառեր էին ուսումնասիրում՝ որպէս ժողովրդական բանահիւսութեան արտայայտման մի ձեւ: Հրաչն ու Զեփիւռը երջանիկ էին, նրանց աւագ դուստրը, ում ճանաչում եմ իր մանկութիւնից եւ հիացած եմ նրա կերպարով, ամուսնանում էր լաւ ընտանիքից սերած լաւ հայ երիտասարդի հետ: «Ուրիշ ի՞նչ կ՛ուզէինք», ակամայ մտածեցի: Տնտեսական ճգնաժամի, համաշխարհային խառնաշփոթի, մարդկանց առօրեայ հոգսերի ու պրպտումների ֆօնի վրայ սա մի պայծառ լոյս էր, որ ուրախութիւն պատճառեց բոլոր հաւաքուածներին: Կեանքը հէնց այսպիսի դրուագներն են զարդարում, երբ մարդ անկախ իրենից հաճոյք է զգում, շփւում ուրիշների հետ, եւ այդ ընթացքում բազմաթիւ նոր բաներ սովորում: Հայ ժողովրդի բեկորները իրար են գալիս սփիւռքում, մտերմանում են, կարծիքներ ու տպաւորութիւններ փոխանակում: Թւում է թէ սովորական, բայց իմ եւ շատերի համար կարեւոր իրադարձութիւն էր անցեալ շաբաթուայ հարսանիքը: Եւս մի հայկական ընտանիքի հիմք դրուեց: Կանաչ ճանապարհ ու առողջ սերունդ ենք ցանկանում նորաստեղծ զոյգին ու սրտանց շնորհաւորում ենք Փաթանեան եւ Քիւորք (Թաշչեան) ընտանիքներին այս ուրախալի, խոստումնալից ու հոգեթով առիթի կապակցութեամբ: