
ԼԵՒՈՆ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Հայաստանի ընդերքը հարուստ է մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոներով: Դրանց մի մասն արդիւնահանւում է, իսկ միւս մասի համար տարւում են բազմաբնոյթ աշխատանքներ՝ արդիւնահանման գործընթացը հնարաւորինս արագ կազմակերպելու համար: Այդ բոլոր օգտակար հանածոների արդիւնահանման տեխնոլոգիական գործընթացը պայմանաւորուած է ստորգետնեայ ապարների մեծածաւալ արդիւնահանման, մեխանիկական մանրացման, հարստացման եւ մասամբ՝ մշակման հետ:
Հանքարդիւնահանման գոյութիւն ունեցող տեխնոլոգիական գործընթացները խիստ էներգատար են եւ բացասական են անդրադառնում շրջակայ միջավայրի վրայ: Կարելի է պնդել, որ եթէ արդիւնահանման արդիւնքը չի արտադրւում հանրապետութիւնում եւ չի ծառայում բարձր շահութաբերութեան արտադրանքի արտադրութեանը, այլ բաւարարւում ենք լոկ կիսաֆաբրիկատների (վերջնական մշակում պահանջող արտադրանքներու-Խմբ.) ստացմամբ, ապա ճիշդ կը լինի հնարաւորինս սահմանափակել այդ տիպի արտադրութիւնների ծաւալները՝ արտաքին պարտքերի հետ միասին այդ հարստութիւնները կտակելով մեր սերունդներին:
Միջազգային շուկայում օգտակար հանածոների մէջ իրենց շահութաբերութեամբ ուրոյն տեղ են գրաւում նաւթը եւ այրուող գազերը, որոնք հիմնականում ծառայում են էներգետիկ նպատակների համար եւ շատ աւելի փոքր ծաւալներով օգտագործւում են որպէս հումք քիմիական արդիւնաբերութեան մէջ: Այսինքն՝ դրանց շուկայական բարձր գինը հիմնականում պայմանաւորուած է էներգետիկ նպատակների համար դրանց պահանջարկի ծաւալով: Իզուր չէ, որ զարգացած երկրներն ահռելի միջոցներ են ծախսում այլընտրանքային ճանապարհով էլեկտրական էներգիա ստանալու եւ ստացման տեխնոլոգիաները (հումքը մշակելու ընթացքը-Խմբ.) կատարագործելու վրայ (տարեկան մօտ 50 մլրդ. դոլար):
Այլընտրանքային էներգիայի աղբիւրների մէջ (արեւ, քամի, ծովային մակընթացութիւն եւ տեղատուութիւն, կենսավառելանիւթ եւ այլն) մատչելիութեամբ (գէօթերմալ (ընդերքային-Խմբ.) էլեկտրաէներգիայի ինքնարժէքը արեւայինից չորս անգամ աւելի ցածր է), բնապահպանական անվտանգութեամբ, արտաքին եղանակային պայմաններից անկախ լինելու առանձնայատկութեամբ եւ ջերմային էներգիան էլեկտրականի փոխակերպելու տեխնոլոգիական գործընթացի պարզութեամբ գէօթերմալ էլեկտրակայանները ունեն իրենց ուրոյն տեղը: Նման էլեկտրակայաններ ներկայումս շահագործւում են ԱՄՆում, Ռուսաստանում, Իտալիայում, Իսլանդիայում եւ այլուր՝ ընդհանուր առմամբ, ապահովելով մօտ 17,000 մեգավատ հզօրութիւն:
Բոլոր գործող գէօթերմալ էլեկտրակայաններն աշխատում են գէյզերային աղբիւրների ստորգետնեայ ջերմային էներգիայով, որը, ինչպէս յայտնի է, մագմատիկ ծագում ունի: Հետազօտութիւնների արդիւնքները ցոյց են տալիս, որ Հայաստանի տարածքը հարուստ է այս տիպի էներգիայի պաշարներով: Յանգած հրաբուխների մեծ քանակութիւնը մեր երկրում (մօտաւորապէս 550) վկայում է ընդերքում հետմագմատիկ զանգուածների գոյութեան մասին, որոնք, կախուած տարիքից եւ զանգուածի չափերից, օժտուած են որոշակի ջերմային էներգիայով: Հայաստանի ընդերքում հիմնականում հանդիպում է բազալտա-գրանիտային ծագմամբ համեմատաբար ծանր մագմա, որը պարունակում է 5 տոկոսից ոչ աւելի հեղուկ, եւ քանի որ մագմային զանգուածներին յարակից տարածքներում բացակայում են ստորգետնեայ ջրային մեծ տարողութիւն ունեցող աւազաններ, մենք չունենք արդիւնաբերական նշանակութեան գէյզերային աղբիւրներ: Սակայն հետազօտութիւնների արդիւնքները եւ մեր կողմից կատարուած տեսական հաշուարկները թոյլ են տալիս գնահատել ստորգետնեայ մատչելի ջերմային պաշարների մեծութիւնը: Մատչելի են համարւում ջերմային դաշտերը, որոնք գտնւում են մինչեւ 5 կմ. խորութեան վրայ, թէեւ ներկայումս մեծ թուով նաւթի եւ գազի հորատանցքեր են գործում, որոնց խորութիւնն անցնում է 7,500 մետրից, օրինակ՝ Աւստրիայում գործող բնական գազի հորատանցքն ունի 8,553 մ. խորութիւն, իսկ ԱՄՆի Օկլահոմայի նահանգում գործողը՝ 9,583 մ. խորութիւն:
Հայաստանի ջերմային ակտիւ գօտիներում, որոնց տարածքը գնահատւում է մօտ 3,000 քռ.կմ, գոյութիւն ունեն մատչելի ջերմային պաշարներ, որոնց մեծութիւնը համարժէք է 600 միլիարդ բարել նաւթի ծաւալին: Ընդ որում՝ այդ ջերմային էներգիայի օգտագործումը չի պահանջում թթուածնի լրացուցիչ ծախս, որն այդ քանակութեան նաւթի համար կը կազմէր 25×1012 խոր. մ. նորմալ ճնշման պայմաններում գտնուող օդ: Ստացւում է, որ մենք պատկանում ենք երկրագնդի ամենահարուստ եւ ամենաէժան, էկոլոգիապէս (բնապահպանման առումով-Խմբ.) մաքուր էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին (երկրագնդում նաւթի հաստատուած պաշարները գնահատւում են մօտ մէկ տրիլիոն բարել) եւ, չգիտես՝ ինչու, նաւթ ենք փնտրում այնտեղ, որտեղ նախախնամութիւնը նաւթին փոխարինող աւելի թանկարժէք հանածոյ է մեզ տուել: Անհասկանալի է, որ, ունենալով այսպիսի հզօր էներգետիկ պաշարներ, մենք այս սուղ պայմաններում բարձր գներով ներկրում ենք էներգետիկ միջոցներ եւ դեռ մեր սէյսմիկ ակտիւ տարածքում «խիզախօրէն» օգտւում միջուկային էներգիայից, որից շատ աւելի վատ էներգետիկ պայմաններում գտնուող եւ շատ աւելի զարգացած երկրներ ամէն կերպ հրաժարւում են:
Տրամաբանական է, որ այսպիսի հզօր եւ էկոլոգիապէս մաքուր էներգետիկ պաշարների տիրապետող երկիրը հնարաւոր ամէն ինչ պիտի անի այդ հարստութիւնները երկրի հզօրացմանը եւ բնակչութեան բարգաւաճմանը ծառայեցնելու համար:
Մեր կողմից նախագծուել եւ արտօնագրուել է սարքաւորում, որը հնարաւորութիւն է տալիս կորզելու ստորգետնեայ չոր ապարների ջերմութիւնը՝ փոխակերպելով այն էլեկտրական էներգիայի: Սարքի աշխատանքը հիմնուած է նաւթի եւ գազի արդիւնահանման համար հորատուող հորատանցքերի օգտագործման վրայ: Որոշակի կոնստրուկտիւ (կառուցողական-Խմբ.) փոփոխութիւնները թոյլ են տալիս փակ միակոնտուր (միաշրջագիծ-Խմբ.) համակարգում հորատանցքի շրջակայքի ստորգետնեայ ջերմային էներգիան վերածել էլեկտրականի: Մէկ հորատանցքի վրայ տեղադրուած սարքաւորումը հնարաւորութիւն է տալիս մինչեւ 4-4.5 կմ խորութիւն ունեցող հորատանցքից ստանալ 2-3 մեգավատ հզօրութեան էլեկտրական էներգիա: Եթէ օգտագործւում է ճիւղաւորուած հորատանցքերի համակարգ, ապա արտադրուող էլեկտրաէներգիայի հզօրութիւնը կը բազմապատկուի համակարգի մէջ մտնող հորատանցքերի թուով: Այսինքն՝ մէկ բազմահորատանցք կայանը կարող է ապահովել մինչեւ 50 մեգավատ հզօրութիւն:
Հարկ է նշել, որ գոյութիւն ունեցող ստորգետնեայ ջերմային դաշտերը կարող են ապահովել կայանին անհրաժեշտ ջերմութեան մատակարարումն անընդմէջ՝ մինչեւ 200 տարի: Իհարկէ, ժամանակի ընթացքում կայանի հզօրութիւնը աստիճանաբար կը նուազի՝ 200 տարուայ վերջում կազմելով նախնական հզօրութեան մօտ կէսը: Սարքաւորման փակ միակոնտուր համակարգն ապահովում է դրա աշխատանքի էկոլոգիական մաքրութիւնը, իսկ սարքաւորման վերգետնեայ մասի զբաղեցրած փոքր մակերեսը (3 մեգավատ հզօրութիւն ունեցող կայանի համար այն կազմում է մօտ 40 քառ. մ.) հնարաւորութիւն է տալիս, անգամ մեծ հզօրութիւններ ստանալու դէպքում, չզբաղեցնել վերգետնեայ մեծ տարածքներ: Էլեկտրակայանի ծախսածածկման ժամկէտը, էլեկտրական էներգիայի մէկ կիլովատ/ժամը հինգ ցենտով վաճառելու դէպքում, կազմում է 5-6 տարի:
Պատկերացնելու համար, թէ դա ինչ կարող է տալ հանրապետութեանը դիտարկենք ստացուած արդիւնքը, եթէ հանրապետութեան ջերմային ակտիւ տարածքի մէկ երրորդն օգտագործենք առաջարկուող եղանակով էլեկտրական էներգիա ստանալու համար: Ստացուող էլեկտրաէներգիայի գումարային հզօրութիւնը առաջին երեսուն տարիներին կը կազմի 20 հազար մեգավատ եւ գործող սակագների դէպքում տարեկան կը ստեղծի ութ ու կէս միլիարդ ԱՄՆ դոլարի արդիւնք, որը գերազանցում է հանրապետութեան տնտեսութեան ցանկացած ճիւղի համախառն արտադրանքը: Որոշակի հզօրութեան կայանների համակարգ կառուցելու դէպքում կարելի է ոչ միայն բնակչութեանը անհրաժեշտ քանակի էլեկտրաէներգիայի մատակարարումն իրագործել սիմվոլիկ (խորհրդանշական-Խմբ.) գներով, այլեւ հանքարդիւնաբերութեան ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով ապահովել արտադրանքի վերջնական արդիւնքի ստացումը եւ լուծել հանրապետութեան առաջ ծառացած տնտեսական ու սոցիալական հիմնական հարցերը: