
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հաւաքականն ակտիւօրէն պատրաստւում է 2014թ. ՖԻՖԱի Եւրոպայի C դիվիզիոնի առաջնութեանը, որ տեղի կ՛ունենայ Երեւանում: Այս մասին տեղեկացրեց հաւաքականի գլխաւոր մարզիչ Քարլ Բարդաքեանը՝ Լոս Անջելեսի ՀՀ հիւպատոսարանում անցկացուած մամլոյ ասուլիսի ժամանակ: «Հաւաքականը լրջօրէն է պատրաստւում այս մրցաշարին, քանզի սա կարեւոր ստուգատես է մեր թիմի համար, նաեւ՝ պարտաւորեցնող այն առումով, որ առաջին անգամ Եւրոպայի առաջնութեան խաղերն անցկացուելու են մեր հայրենիքում», յայտնեց Պարտաքեանը: C դիվիզիոնում ընդգրկուած են նաեւ Ուելսի, Մալթայի, Մոլդովայի, Շոտլանդիայի, Անդորայի, Սան Մարինոյի եւ մի շարք այլ երկրների հաւաքականներ: Ըստ գլխաւոր մարզչի, հաւաքականում խաղալու համար կը հրաւիրուեն Հայաստանից եւ Սփիւռքից ուժեղագոյն հայ մարզիկներ:
Քարլ Պարտաքեանի սաներն առաջին ուսումնամարզական հաւաքն անցկացրել են Հայաստանում, եղել են Արցախում, միաժամանակ՝ փորձել են դիտարկել նոր մարզիկներ Հայաստանից: Մարզումները հաւաքականը կը շարունակի Լոս Անջելեսում: Հայաստանի դրօշի ներքոյ հանդէս գալու եւ յաղթելու վճռականութեան մասին յայտնեցին նաեւ ասուլիսին ներկայ բասկետբոլիստները: Հաւաքականի աւագ՝ Մայք Դանիէլեանը նշեց, որ անելու են հնարաւորը՝ լաւ խաղ ցոյց տալու համար: «Ինձ համար մեծ պատիւ է, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Իւրաքանչիւր հայ ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին: Ես յոյս ունեմ, որ մեր յաջողութեամբ կը կարողանանք բարձրացնել մեր երկրի դրօշը»: Գոռ Փլաւչեանն էլ յայտնեց, որ իրենց յաջող խաղն ու յաղթանակը նաեւ ոգեւորիչ կը լինի հայ պատանի բասկետբոլիստների համար. «Եւրոպայի առաջնութեան անցկացումը Հայաստանում մեծապէս կարող է ազդել Հայաստանում այս մարզաձեւի նկատմամբ հետաքրքրութեան մեծացմանը եւ կ՛ոգեւորի մեր կրտսեր բասկետբոլիստներին»:
Անդրադառնալով ազգային հաւաքականի ֆինանսական մասին, Պարտաքեանը նշեց, որ շնորհիւ բարերարների եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ջանքերի՝ դժուարութիւններն անցեալում են: «Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հաւաքականը Հայաստան-Սփիւռք համագործակցութեան լաւագոյն օրինակներից է», իր խօսքում նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը: