
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ադամ Շիֆի անունը որպէս ԱՄՆի Կոնգրեսում տարիներ շարունակ հայանպաստ գործունէութիւն ծաւալած կոնգրեսականի՝ թերեւս յայտնի է աշխարհի իւրաքանչիւր ակիւնում ապրող հայի: Նրան յիրաւի կարելի է համարել հայերի ամենահնչեղ ձայնը Ամերիկայի օրէնսդիր մարմնում: Ադամ Շիֆին են պատկանում Ներկայացուցիչների պալատում ներկայացուած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բազմաթիւ օրինագծեր, կոնգրեսական Շիֆը մշտապէս հանդէս է եկել Արցախի ինքնորոշման եւ արցախեան հակամարտութեան հայանպաստ կարգաւորման օգտին, խթանել հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացումը, աջակցել հայ համայնքին:
Հայամէտ կոնգրեսականին իրենց երախտագիտութիւնը յայտնելու նպատակով Կալիֆորնիայի մի շարք հայկական կազմակերպութիւններ՝ ի դէմս Հայ Դատի յանձախմբի Արեւմտեան շրջանի եւ Հայ-ամերիկեան առեւտրի պալատի, նախաձեռնել էին ճաշկերոյթ-դրամահաւաք: Ձեռնարկին ներկայ էին քաղաքական-հասարակական գործիչներ, առողջապահութեան, մշակոյթի ոլորտի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպութիւնների անդամներ: Կազմակերպիչները շնորհակալութիւն յայտնելով Շիֆին՝ հաւաստիացրին, որ շարունակելու են աջակցել կոնգրեսականին առաջիկայ նախաձեռնութիւններում: «Ադամ Շիֆն այն թեկնածուն է, ով կատարում է իր նախընտրական բոլոր խոստումները: Նա իր հայանպաստ գործունէութեամբ մշտապէս խօսքը գործի է վերածել, եւ այսօրուայ առիթը ստեղծելով մենք ցանկանում ենք եւս մէկ անգամ մեր երախտագիտութիւնն ու աջակցութիւնը յայտնել կոնգրեսական Շիֆին», նշեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէն Էլէն Ասատրեանը: Յանձնախմբի խորհրդի անդամ Կարօ Խանճեանն էլ յիշելով համահայկական հարցերին Շիֆի նուիրուածութիւնը՝ կարեւորում է հայ համայնքի կողմից կոնգրեսականին բարոյական եւ ֆինանսական զօրակցութիւնը: Հայ-ամերիկեան առեւտրի պալատի եւ Կալիֆորնիայի 28րդ ընտրատարածքը ներկայացնող կոնգրեսական Շիֆի համագործակցութիւնը եւս տարիների պատմութիւն ունի, եւ ըստ կազմակերպութեան հիմնադիր Արմէն æանեանի՝ յաջողուել է միասին խթանել գործարարութիւնը շրջանում. «Ադամ Շիֆի եւ մեր նպատակները տնտեսութեան զարգացման եւ գործարարների աջակցելու ուղղութեամբ համընկնում են, եւ մենք բազմաթիւ համատեղ ծրագրեր ենք իրականացրել: Հայ-ամերիկեան առեւտրի պալատը մշտապէս աջակցել է Շիֆին նաեւ Հայաստանին ու Արցախին Կոնգրեսում տարբեր նախաձեռնութիւններով օժանդակելու, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում իր ներդրման համար»:
Պալատի նախագահ Գրիգոր Գրիգորեանը, ով իր առանձնատունն էր տրամադրել երեկոյի անցկացման համար նշեց, որ այդպիսով իրենց կազմակերպութիւնը մէկ անգամ եւս իր աջակցութիւնն է յայտնում Շիֆին: Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանեանը ամփոփեց Վաշինգտոնում համահայկական հարցերի արծարծման հարցում Շիֆի դերը, այն համարելով անգնահատելի. «Մենք ունենք Հայաստանի եւ Միացեալ Նահանգների յարաբերութիւնների զարգացման, Արցախեան համակարտութեան կարգաւորման, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրներ, ամերիկահայ համայնքի հետ կապուած հարցեր, եւ այդ պատճառով շատ կարեւոր է, որ ունենանք մեր շահերին եւ մեր համայնքին նուիրուած կոնգրեսական, ինչպիսին Ադամ Շիֆն է: Որպէս քաղխորհրդի անդամ, իմ իրաւասութիւնների մէջ մտնում է զուտ քաղաքի բնակիչներին յուզող խնդիրներով նրա հետ համագործակցութիւնը, սակայն որպէս հայ՝ ես շահագրգռուած են բազմաթիւ այլ հարցերով, որոնց շուրջ կոնգրեսական Շիֆը մշտապէս պատրաստ է քննարկումների», նշեց Սինանեանը:
Շիֆին իրենց աջակցութիւնը յայտնելու էին եկել նաեւ Գլենդելի եւ Լոս Անջելեսի բժշկական տարբեր հաստատութիւնների ղեկավարներ, բժիշկներ, այդ թւում՝ «Ադւենթիսթ» հիւանդանոցից, «Վերդիւգօ Հիլզ Ըրջընթ Սերւիս»ից: Բժիշկ Էմիլ Աւանեսը յայտնեց, որ Շիֆը նաեւ բազմիցս աջակցել է առողջապահութեան ոլորտի բարեփոխումներին եւ լաւ առիթ է նրան շնորհակալութիւն յայտնելու ու տեղեկանալու ոլորտի հետ կապուած կոնգրեսականի առաջիկայ ծրագրերին:
Շնորհակալութիւն յայտնելով իր նկատմամբ ուշադրութեան եւ ջերմ երեկոյի համար՝ Ադամ Շիֆը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ համայնքի հետ յարաբերութիւնները. «Շատ յաջողակ եմ, որ հայ համայքում ունեմ նման բարեկամներ եւ չափազանց կարեւորում եմ յարաբերութիւններս հայ ընկերներիս հետ, ովքեր կարծես իմ ընտանիքը լինեն», անկեղծացաւ կոնգրեսականը:
«Ասպարէզ»ի հարցին, թէ այս պահին հայկական ինչ հարցի ուղղութեամբ է աշխատում, Շիֆը յայտնեց, որ ակտիւօրէն զբաղւում է ադրբեջանցիների կողմից գերեվարուած հայ զինծառայող Յակոբ Ինջիղուլեանի շուտափոյթ ազատագրման եւ Հայաստան վերադարձի խնդրով, Պետդեպարտամենտի եւ Ադրբեջանում ԱՄՆի դեսպանի միջոցով: «Սա ամենակարեւոր հարցն է այսօր», հաւաստիացրեց Շիֆը: Երեկոյի ընթացքում Ադամ Շիֆը ներկաներին պատմեց, թէ ինչու էր որոշել Ապրիլի 24ին՝ Հայոց Ցեղասպանութեան առիթով ելոյթ ունենալ հայերէն. «Չի եղել դէպք, որ օտարազգի պաշտօնեան ոչ անգլերէն ելոյթ ունենայ բարձր ամբիոնից: Իմ հայերէն լեզուով ելոյթն առիթ դարձաւ, որ բազմաթիւ մարդիկ հետաքրքրուեն, թէ ինչի մասին էր խօսքս եւ Հայոց Ցեղասպանութեան հարցի շուրջ աւելի մեծ արձագանք եղաւ, քան թերեւս կարելի էր սպասել անգլերէն ելոյթի դէպքում», մեկնաբանեց Շիֆը: Խօսելով իր ներկայ գործունէութեան մասին, կոնգրեսականը մանրամասներ յայտնեց ԱՄՆի ազգային անվտանգութեան գործակալութեան հսկողութեան համակարգում բարեփոխումներ կատարելու իր առաջարկի մասին:
Ձեռնարկի կազմակերպիչներից՝ Հայ-ամերիկեան առեւտրի պալատի խորհրդի անդամ Ալիսա Ասմարեանի խօսքով, իրենց նպատակն էր նաեւ Ադամ Շիֆին ներկայացնել աւելի մտերմիկ միջավայրում: Այս գաղափարը յաջողուեց իրականութիւն դարձնել, քանզի ջազի հնչիւնների ներքոյ հաւաքուած շուրջ 200 հիւրերն առիթ ունեցան անձամբ շփուելու կոնգրեսականի հետ: Հայ Դատի յանձնախմբի Բրբանքի գրասենեակից Սիլվա Քէշիշեանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ ձեռնարկը տարբեր կազմակերպութիւնների համատեղ ջանքերի արդիւնք էր, եւ ուրախալի էր մեծ թուով երիտասարդների մասնակցութիւնը: