
Երիկամաքարային քարերը միզաբանական (ուրոլոգիական) շտապ դէպքերի մեծ տոկոսն են կազմում: Այս հիւանդութիւնը հասուն տարիքի մարդկանց մօտ (30-50 տարեկան հասակում) աւելի յաճախ է հանդիպում, քան երեխաների: Նաեւ մեծ դեր ունեն ժառանգականութիւնը, տարիքը, սեռը, միզուղիների բորբոքումները, սնունդը եւ ձեւափոխական (մեթաբոլիկ) խանգարումները:
Բնականում մեզը յագեցած է որոշակի նիւթերով եւ աղերով: Դրանց կուտակումներից էլ առաջանում են երիկամաքարերը: Դրանց նպաստում է քիչ քանակի ջրի օգտագործումը, միզուղիների անկանոնութիւնները (անոմալիաները), միզաթթուի մեծ քանակը, երիկամի խողովակների ախտահարումները, աղի, շաքարի, կենդանական ճարպի, օքսալատների մեծ քանակի օգտագործումը:
Որպէս ամենապարզ կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրւում խմել այնքան ջուր, որ օրուայ մեզի քանակը կազմի մօտ 2.5 լիտր: Այսինքն՝ մօտ 3-4 լիտր հեղուկի ընդունումը պարտադիր է:
Երբեմն քարերը մեզի արտահոսքի խանգարում չեն առաջացնում, հետեւաբար՝ անախտանիշ են լինում: Ցաւ է առաջանում, երբ քարերը երիկամից տեղաշարժւում են դէպի արտաքին աշխարհ կամ, մնալով երիկամում, աւելի մեծանում են: Ցաւը զուգորդւում է բորբոքումով, արիւնամիզութեամբ եւ երիկամի վնասման պատճառ դառնում:
Երիկամային քարի ախտանիշներն են՝ սուր ցաւեր գօտկային շրջանում, սրտխառնոց եւ փսխում, արիւնամիզութիւն, բորբոքման դէպքում՝ նաեւ ջերմութիւն:
Ռենտգենեան եւ սոնոգրաֆիկ քննութիւններով կարելի է ախտորոշել քարի առկայութիւնը: Իսկ միզաքարային հիւանդութիւնների բուժման մեթոդները տարբեր են. քարերի հեռակայ հարուածային փշրում, էնդոսկոպիկ եւ վիրահատական հեռացում, նաեւ՝ դեղորայքային բուժում: