
ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղը, որը հիմնուել է 1978 թուին, այսօր ՀՄԸՄի ամենաբազմանդամ մասնաճիւղն է իր աւելի քան 2400 անդամներով, որոնք առօրեայ իրենց աշխատանքն են տանում «Արարատ» մասնաճիւղի զոյգ կենտրոնների յարկի տակ:
35 տարիների ընթացքում, «Բարձրացիր, Բարձրացրու» նշանաբանով քայլեց «Արարատ»ը, իր հետ քայլեցնելով 15,000ից աւել հայորդիներ, որոնք այսօր իրենց ուրոյն տեղն են գրաւել համայնքում: 35 ամբողջ տարիներ եկել, թրծուել եւ իրենց տեղն են զիջել գալիք սերունդին «Արարատ»ի յարկի տակ հասակ առած հայորդիները:
Մարզական աշխատանքները համադրելու եւ կազմակերպելու համար իրենց անվերապահ ներդրումն են կատարում մարզական բաժանմունքների վարիչ մարմինները, մարզիչները, ծնողական յանձնախմբերն ու ենթայանձնախմբերը:
Մարզական խմբերն իրենց մասնակցութիւնն են բերում Շրջանային վարչութեան կողմից կազմակերպուած բոլոր խաղերին, միջ-մասնաճիւղային մրցութիւններին եւ ամերիկեան տարբեր կազմակերպութիւնների մրցոյթներին: Կազմակերպւում են նաեւ ներքին խաղեր, տարբեր մարզաճիւղերի համար: Նաւասարդեան 38րդ մարզախաղերին, մասնաճիւղը մասնակցել է աւելի քան հազար իր մարզիկներով եւ գրաւել առաջնակարգ տեղեր:
Մարզական բաժանմունքի կողքին իրենց կանոնաւոր աշխատանքն են տանում աւելի քան 400 սկաուտներ, որոնց շարքերն են շտապում նորագիրները՝ ստանալու կարգապահական, հայրենասիրական եւ սկաուտին յատուկ դաստիարակութիւն, ապահովելու իրենց ապագան որպէս կատարեալ, ճշգրիտ քաղաքացի եւ ազգանուէր հայ՝ ծառայելու իր հարազատ ժողովրդին:
Իւրաքանչիւր տարի Սկաուտական բաժանմունքը կազմակերպում է մէկշաբաթեայ ընդհանուր բանակում, որին իրենց մասնակցութիւնն են բերում աւելի քան 300 սկաուտներ, որոնք փորձառութեան լի օրեր անցկացնելով՝ աշխատանքի դաշտ են վերադառնում:
Բաժանմունքների անդամները մարզական, սկաուտական եւ մշակութային դաստիարակութիւն են ստանում մասնաճիւղում, իսկ նրանց անվերապահօրէն սպասարկում են Երէցների բաժանմունքը՝ հասութաբեր իրենց աշխատանքներով, եւ Ծրագիրների բաժանմունքը՝ դաստիարակչական ու կրթական իր ծրագիրներով: Այս բոլորը համատեղ աշխատում են յանուն ՀՄԸՄ «Արարատ» մասնաճիւղի վերելքին ու ապահովում մեր գալիք սերունդի ապագան՝ առաջնորդելով նրանց դէպի անվտանգ ու լուսաւոր ճանապարհ:
Մեր շարքերում հասակ առած մեր նախկին անդամներն այսօր դարձել են մեր ղեկավար տարրը, իսկ այսօրուայ մեր անդամներն երաշխաւորում են մեր վաղուայ ղեկավարութիւնն անկասկած:
Հիմնադրութեան իսկ թուականից սովորութիւն է, որ իւրաքանչիւր տարի համայնքին ներկայացուի մասնաճիւղի տարիների նուիրեալ մի անդամ, որպէս՝ պատկան տարուայ «Պատուոյ անդամ»: Այս տարուայ մասնաճիւղի Պատուոյ անդամն է տարիների նուիրեալ, հաւատաւոր, հանրածանօթ դէմք, ազգային եւ հասարակական գործիչ՝ Ժասիկ æառահեանը: Նա բազմիցս պարգեւատրուել է բարձրագոյն տիտղոսներով, իր տարած եզակի եւ նուիրական գործունէութեանց համար, որոնցից կարելի է նշել մի մասը.
– ՀՄԸՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան կողմից՝ որպէս Տիպար ՀՄԸՄական.
– Ծերակուտական Ճեք Սքաթի, Նահանգային խորհրդարանի անդամներ Տարիօ Ֆրոմըրի եւ Քարոլ Լուիի կողմից՝ որպէս «Տարուայ ոչ շահութաբեր կազմակերպութիւնների պաշտօնեայ» (Non-Profit Organization Employee of the Year).
– Բազմիցս, ՀՕՄի Շրջանային վարչութիւնը բարձր գնահատելով իր անսակարկ զոհողութիւնը, տքնաջան աշխատանքը, տնտեսական եւ բարեսիրական անսահման գործունէութիւնը՝ պաշտօնին առընթեր, աշխատանքների յաջողութեան գծով, պարգեւատրել է զայն.
– Քոնկրեսական Էտըմ Շիֆի կողմից պարգեւատրուել է իբրեւ «Տարուայ Կինը» (Woman of The Year).
– Պարգեւատրուել է իբրեւ «Պատուոյ արցախցի», Ծաղկաշատ գիւղի մէջ տարիների ընթացքին իր բարեսիրական եւ արդիւնաւէտ աշխատանքների համար.
– Հայ-ամերիկեան առեւտրական գրասենեակի (Chamber of Commerce) կողմից պարգեւարտուել է իբրեւ Woman in Service.
– Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից պարգեւատրուել է իբրեւ «Տարուայ կամաւորը» (Volunteer of the Year).
– ՀՕՄի «Մեղրի» մասնաճիւղի կողմից Մայրերի Օրուայ առիթով իրեն տրուել է «Տարուայ մայրը» կոչումը.
– Հայկական ոսկրածուծի տոնորների ռեճիսթըրի կողմից պարգեւատրուել է որպէս «Տարուայ կամաւոր»ը (Volunteer of The Year) գնահատագրով.
– 2012ի Մայիսին, Արցախի ազատագրման 20ամեակի առիթով, Արցախի Հանրապետութեան կողմից, Ստեփանակերտի մէջ նախագահ Բակօ Սահակեանի ձեռամբ պարգեւատրուել է նախագահական յատուկ «Երախտագիտական մեդալ»ով, Արցախում իր տարած երկու տասնեակ տարիների աշխատանքի համար.
– Նոյեմբեր 2012ին, Հայաստան Համահայկական հիմնադրամի կողմից պարգեւատրուել է մեդալով, իր 2 տասնամեակ տարիների աշխատանքի համար.
– ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղի կողմից պարգեւատրուել է «Հայ Մօր Տարի»ի առիթով:
Այս առիթներով նաեւ ստացել է շնորհաւորագրեր եւ գնահատագրեր. առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի կողմից ստացել է «Գիր գնահատագրի»՝ իր բացառիկ ազգօգուտ աշխատանքների համար: Քոնկրեսական Էտըմ Շիֆից՝ «Բացառիկ ծառայութեան» համար (In Recognition of Outstanding and Invaluable Service to the Community), Լոս Անճելըսի Գաւառային վերակացու Մայքըլ Անթոնովիչից, Քաղաքային խորհուրդի անդամ (ներկայիս քաղաքապետ) Էրիկ Կարսեթիից, Նահանգային խորհուրդի անդամ Փօլ Գրիգորեանից, Օգնական մեծամասնութեան ղեկավար Քեւին ՏըԼիոնից, Նահանգային ծերակուտականներ Քարոլ Լուիից, Անթոնի Փորթանթինոյից եւ Մայք Կաթոյից, ինչպէս նաեւ՝ Կլենտէյլի քաղաքապետարանից, Հայ Դատից, Հայց. առաք. Ս. Աստուածածին եկեղեցիից եւ տասնեակ տարբեր ամերիկեան եւ հայկական կազմակերպութիւններից:
Արժանիքներով լի Ժասիկ Ջառահեանը տիպար մի հայուհի է՝ օրինակ հանդիսանալով բոլորիս:
Հոկտեմբեր 19, 2013ին, Hyatt Regency Hotel-ի շքեղ սրահում տեղի է ունենալու ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի 35ամեակին նուիրուած երեկոն, որին իր մասնակցութիւնն է բերելու հանրածանօթ եւ սիրուած Allen G. Orchestra-ն: Այդ օրը 35 տարիների մի պատմութեան պայծառ էջերի տօնն է տօնուելու եւ խրախուսուելու է, որ համայնքն իր ներկայութեամբ ու սատար կանգնելով՝ միասնաբար կերտենք առաւել ստուար էջեր: