Վերնախաւի Մասին (Շարունակութիւն)
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Յիշո՞ւմ էք՝ անցեալ անգամ յիշատակեցի, իմ կարծիքով, գլխաւոր տարբերութիւնը իրական եւ կեղծ վերնախաւերի միջեւ: Իրական վերնախաւն ունակ է կամաւոր զիջելու եւ մի կողմ քաշուելու (ընդգծում եմ՝ կամաւոր), եթէ դա պահանջում են բարձրագոյն շահերը, մինչդեռ կեղծ վերնախաւը իշխանութեանը կառչում է ատամներով ու մագիլներով, ամէն գնով, բոլոր հանգամանքներում: Եւ այստեղ կարեւոր եզրակացութեան ենք յանգում՝ արդէն կարող ենք շօշափել հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ Հայաստանում չեն յաջողում բարեփոխումները, ինչո՞ւ է կանգ առել երկրի զարգացումը:
Այն հասարակութիւններում, որոնց քաղաքական կեանքի կուլիսներում պահպանւում է (ինչպէս Եւրոպայում) կամ ստեղծւում ու զարգանում (ինչպէս Նոր աշխարհում) աւանդական ազնուականութիւնը՝ որպէս վերնախաւի անհրաժեշտ յատկանիշների պահապան եւ դրա բարոյական դատաւոր, այնտեղ ժողովրդավարութեան արատները հնարաւոր է լինում հարթել արդիւնաւետութեան այս կամ այն չափով: Որքան էլ անորակ լինի նման հասարակութիւններում իշխանութիւնը, վերնախաւի ձեւաւորման ու գործունէութեան՝ դարերի ընթացքում կուտակուած եւ փորձարկուած չափանիշները լաւ ֆիլտր են ազգային ինքնութեանը սպառնացող այլածին ներթափանցումների համար: Սակայն այնտեղ, որտեղ մի շարք պատմական պատճառներով աւանդական ազնուականութիւնը (արեամբ կամ ոգով՝ կարեւոր չէ) ոչնչացւում է կամ արտաքսւում, գործի է դրւում ժողովրդավարութեան ամենապարզունակ բանաձեւը՝ մեծամասնութեան յաղթանակը, որն, ի վերջոյ, յանգեցնում է անգունութեան, յիմարութեան, լպիրշութեան, ագահութեան եւ տգիտութեան յաղթանակին: Պատճառը պարզ է՝ ցանկացած հասարակութեան մէջ չափազանց քիչ են մարդիկ, որոնց մէջ համատեղւում են ե՛ւ խելքը, ե՛ւ կրթուածութիւնը, ե՛ւ ազնուութիւնը, ե՛ւ լաւ դաստիարակութիւնը, ե՛ւ արժանապատուութիւնը, ե՛ւ առողջ ազգայնականութիւնը: Նման մարդիկ, իհարկէ, կան, սակայն նրանք մշտապէս շատ սակաւաթիւ են եւ վերնախաւի մաս կարող են կազմել միայն երկու պայմանի առկայութեան դէպքում. առաջին՝ պէտք է պահանջուած լինեն նրանց յատկանիշները, երկրորդ՝ նրանց շրջանում պէտք է լինի ուժ (պարտադիր չէ, բայց ցանկալի է իշխանութիւն), որը կ՛ունենայ վերնախաւի սելեկցիայի (ընտրանքի-Խմբ.) աւանդոյթներ եւ սկզբունքներ: Եթէ այդ ուժը չկայ, եւ վերնախաւային յատկանիշները պահանջարկ չունեն, առաջին պլան է դուրս գալիս բոլորովին այլ հանրութիւն: Հէնց այդպիսիք են տեղ գտել յետխորհրդային հասարակութիւնների բարձրագոյն էշելոններում (շարքերուն մէջ-Խմբ.):
Դիտարկենք Ռուսաստանը. Ռիւրիկից մինչեւ Նիկոլայ Երկրորդ ռուս ժողովուրդը, ռուս ազնուականութիւնը ստեղծում եւ դաստիարակում էին ազգային վերնախաւ, որը, իր հերթին, կառուցում էր մեծ երկիր, մեծ մշակոյթ: Սակայն ընդամէնը մի քանի ճակատագրական սխալները հազարամեայ միապետութիւնը եւ Ռուսաստանի ժողովրդին հասցրեցին աղէտի. եկաւ 1917 թուականը, եւ փայլուն վերնախաւը ոտնատակ գնաց, ոչնչացուեց, արտաքսուեց: Բայց նոյնիսկ 100 տարի անց կայսերական իներցիան երկիրը պահում է շարժման, զարգացման մէջ: Թէ ո՞ւր է տանում այդ զարգացումը, այլ հարց է. Ռուսաստանի մասին կը խօսենք առանձին առիթով:
Հայ ազնուականութիւնը, մի քանի բացառութիւններով, երբեք, կարծես, աչքի չի ընկել սեփական երկրի ու ժողովրդի բարգաւաճման եւ վսեմութեան համար պատասխանատուութեան սուր զգացումով, նոյնիսկ՝ լիակատար կամ մասնակի ինքնիշխանութեան ժամանակաշրջաններում: Այն բաւականաչափ հիմնաւորուած, յաւակնոտ չէր: Կամ գուցէ շատ յաւակնոտ էր, որպէսզի սեփական բարեկեցութիւնը կապէր բացառապէս սեփական հայրենիքի բարգաւաճման հետ: Դրա պատճառների վերլուծութիւնը յատուկ ուսումնասիրման թեմա է, սակայն ցաւօք, լաւ յայտնի են օրինակներ, թէ ինչպէս են հայ ազնուականութեան ականաւոր դէմքեր, նոյնիսկ՝ թագաւորներ, հանգիստ լքել հայրենի երկիրն ու սեփական շրջապատով, զօրքով օտար երկրներում ծառայութեան անցել՝ թողնելով հայրենիքը կիսադատարկ ու անպաշտպան: Միապետութեան ինստիտուտի թուլութիւնը, հաւանօրէն, պատահական չէր, այն նշանաւորում էր աւելի խոր երեւոյթ՝ պետական իշխանութեան թուլութիւնը՝ ընդհանրապէս: Յամենայն դէպս, այդ թեմայի մէջ էլ հիմա չենք խորանայ: Ինչպիսին էլ լինեն պատճառները, փաստը մնում է փաստ, որ արդէն հին միջնադարում եկուոր քոչուոր բարբարոսների ճնշման տակ հայ ազնուականութիւնը՝ որպէս ազգային վերնախաւի իրական գործօն եւ ձեւաւորման աղբիւր, գործնականում դուրս եկաւ պատմական ասպարէզից՝ պահպանելով միայն ուրուականային, առասպելական ներկայութիւնը հասարակական յիշողութեան մէջ:
Չունենալով սեփական պետականութիւն, Հայաստանում ազգային վերնախաւը ձեւաւորւում էր օտար վերնախաւերի ու գաղափարախօսութիւնների ազդեցութեան տակ: Այդ իսկ պատճառով այն այդքան փխրուն ու անկայուն եղաւ իշխանութեան լծակներին ձգտող (եւ հասած) խաժամուժի, մութ ու ցուրտ տարիների բարոյական եւ նիւթական դժուարութիւնների, պատերազմի փորձութեան առաջ: Պէտք է ցաւով խոստովանել՝ ուշ Ռուսական կայսրութեան եւ խորհրդային ժամանակաշրջանների (երկրորդով շատերը իրաւամբ հպարտանում են եւ կարօտախտով յիշում) մեր փայլուն մտաւորականութեան բազմաթիւ ներկայացուցիչներ իրենց անձնական ճակատագիրը չէին ընկալում որպէս հայ ժողովրդի պատմական ճակատագրի բաղկացուցիչ մաս, այդ իսկ պատճառով չկարողացան ստեղծել ազգային վերնախաւերին բնորոշ կարեւորագոյն աւանդոյթը՝ մասնակից լինելու եւ զոհաբերուելու աւանդոյթը: Փորձութիւնների տարիներին, նաեւ պարզապէս մասնագիտական եւ կարիերայի աճի նկատառումներով նրանք յաճախ լքում էին (եւ շարունակում են լքել) հայրենիքը՝ իրենց վրայ պատասխանատուութեան բեռ վերցնելու ուժ չգտնելով: Ճակատագրի՝ ազգային եւ սեփական, ողբերգական երկուութեան պայմաններում հայ մտաւորականի ընտրութիւնը յաճախ նրան տանում է արտաքին կամ ներքին արտագաղթի: Սակայն, նոյնիսկ սեփական ընտրութիւնից անկախ, նրան այդտեղ է քշում կեղծ վերնախաւի ճնշումը: Մենք խօսում ենք իրական մտաւորականների մասին, քանի որ այլ մտաւորական չի էլ լինում: Միւսները հէնց կեղծ վերնախաւն են: (Դա, ի դէպ, բաւականին յստակ նկատւում է նաեւ Հայաստանի շատ քաղաքական կուսակցութիւնների էւոլիւցիայում (եղափոխութեան մէջ-Խմբ.)):
Հայ ազգային պատասխանատու վերնախաւի ի յայտ գալու ամենաբարենպաստ պահը՝ անցեալ դարի 80ականների վերջը եւ 90ականների սկիզբը, անտաղանդ կերպով ձեռքից բաց թողեցինք: Ղարաբաղեան շարժման ալիքի վրայ իշխանութեան եկած ու իրենց ռաբիս-ազգայնականութեան նեղ շրջանակներից, կիսագողական հասկացութիւններից դուրս ամէն ինչ մերժող (այդ թւում՝ գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի եւ փորձի արժէքը)՝ գաւառական խուլիգանի մենթալիտետով (մտածելակերպով-Խմբ.) կոկորդ կրծողները Հայաստանի կրթուած շերտերի շրջանում երկար ժամանակով կոտրեցին երկրի քաղաքական (նաեւ ցանկացած այլ) բարեփոխմանը եւ զարգացմանը մասնակցելու ցանկութիւնը: Քանի որ «մասնակից լինել» ինչ որ կարեւոր գործի նշանակում էր եւ հիմա էլ նշանակում է մէկ բան՝ մասնակից լինել իշխանութեանը, այլապէս ձեզ ոչ մի բանի մօտ էլ չեն թողնի: Ընդ որում՝ այդ իշխանութեան կազմը, գործունէութիւնը եւ վերարտադրման մեթոդները մտաւորական մարդուն ամենեւին յոյս չեն ներշնչում, որ որեւէ բարեփոխում հնարաւոր է: Չէ՞ որ իրական բարեփոխումը կարող է կեանքի կոչուել միայն ու միայն մէկ պայմանով. նրանք, ովքեր յանձն են առնում դա անել, պէտք է յստակ գիտակցեն, որ եթէ բարեփոխումն իրական է, դրա արդիւնքում կարող է իշխանափոխութիւն լինել (եւ, որպէս կանոն, այդպէս էլ լինում է): Սեփական իշխանութեան կորստի գնով բարեփոխում իրականացնելու գիտակցումը եւ պատրաստակամութիւնն են հէնց բարեփոխման իրական լինելու եւ բարեփոխիչ ուղեգիծ բռնած իշխանութիւնների անկեղծութեան գլխաւոր չափանիշները: Մնացածը՝ ինքնավստահ փայլուն ճառերը, փայլուն թղթին տպագրուած փորձագիտական գնահատականները եւ պաշտօնեաների աչքերի գորովագին արցունքները, գրոշի արժէք չունեն: Բոլորին վաղուց յայտնի է, որ հայկական իշխող դասակարգը ունակ է միայն այնպիսի բարեփոխումների, որոնք չեն սպառնում իշխանութեանը: Արդէն 2 տասնամեակ է՝ Հայաստանում բարեփոխումները հէնց այդպիսին են. իւրաքանչիւրը դիտարկւում է իշխանութեան պահպանման եւ վերարտադրման հիմնական խնդրի պրիզմայով (դիտանկիւնով-Խմբ.): Բաւական է վերլուծել ընդամէնը դրանցից մի քանիսը, որպէսզի պարզ դառնայ ընդհանուր միտումը:
Ահա մէկ օրինակ: Սփիւռքահայութեանը Հայաստանի քաղաքացիութիւն տրամադրելու հիմնախնդիրը յուզել է մեր հասարակութեանը անկախութեան առաջին իսկ օրերից: Հարցը չափազանց յստակ էր՝ Սփիւռքը քաղաքական կամ տնտեսական արտագաղթի արդիւնք չէ. օտարերկրեայ մեր հայրենակիցների մեծ մասը զրկուել է հայրենիքից Ցեղասպանութեան հետեւանքով: Հետեւաբար, նրանք բնական եւ անօտարելի իրաւունք ունեն՝ միանալու հարազատ ժողովրդին եւ երկրին՝ նրանց համար ընդունելի ցանկացած եղանակով՝ զբօսաշրջային այցերից մինչեւ մշտական բնակութիւն, բարեգործական աջակցութիւնից մինչեւ երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային կեանքին լիարժէք մասնակցութիւն: Այդպէս մտածում եւ զգում էին ոչ միայն դաշնակցականները կամ հենց Սփիւռքի ներկայացուցիչները, այդպիսին էր ամբողջ ժողովրդի հասարակական տրամադրուածութիւնը՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում: Եւ, իհարկէ, սփիւռքահայերին Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու իրաւունք տալը, անկախ նրանց որեւէ քաղաքացիութիւն ունենալուց, դիտարկւում էր որպէս ազգի միաւորման ամենաուղղակի եւ անմիջական միջոց:
Սակայն ո՞վ էր թողնողը: Ոչ առանց հին, միայն ու միայն դէպի Մոսկուան կողմնորոշուած ՊԱԿային նոմենկլատուրայի (վերադաս մարմինի-Խմբ.) ազդեցութեան՝ սկսեցին նողկալի խօսակցութիւններ տարածուել՝ այդ «ախպարները», նարինջ ու սիգար սիրողները կը գան ու կը գնեն ամէն ինչ՝ մեր գործարանները, ֆաբրիկաները, վարսավիրանոցները, ֆերմաները…, իսկ մենք, ի՞նչ է, աւելի վա՞տն ենք, չի կարելի նրանց քաղաքացիութիւն տալ, ամէն ինչ ինքներս կը սեփականաշնորհենք: Եւ սեփականաշնորհեցին՝ ամենաաւազակային մեթոդներով: Այդ բարեփոխման արդիւնքը եղաւ տնտեսական կոլապսը (անկումը-Խմբ.) եւ ազգային սեփականութեան ոչնչացումը, ինչից չենք կարող ուշքի գալ մինչ օրս: Իսկ եթէ գործարարութեան մէջ աւելի փորձառու սփիւռքահայերը մասնակցութիւն ունենային սեփականաշնորհման փուլին, ամէն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, այնպէս չէ՞:
Սակայն այն ժամանակուայ իշխանութիւնները նրանց յատկացրին խիստ սահմանափակ դեր՝ բարեգործութիւն հայրենիքում եւ արտասահմանում հայկական նոր ղեկավարութեանը աջակցելուն ուղղուած լոբբիստական ջանքեր: Այդ պատճառով էր ՀՀՇ ղեկավարութիւնը օրէնք յօրինել, ըստ որի՝ Հայաստանի քաղաքացիութիւն էր տրամադրւում այլ քաղաքացիութիւնից հրաժարուելու դէպքում: Փաստացի, դա խտրական արգելք էր, որը յետոյ ամրագրուեց Սահմանադրութեան մէջ: Այդ անհեթեթ արգելքի իրական պատճառը, իհարկէ, ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական բնոյթի երկիւղ. պարզ էր, որ, նոր հասարակութեան քաղաքական ակտիւ բաղադրիչը դառնալով, ոչ խորհրդային աշխարհի հայերը ոչ մի դէպքում չէին քուէարկի յօգուտ խորհրդային նոմենկլատուրայի տեղը զբաղեցնել յաւակնողների: Նրանց գերակշիռ մասը կը քուէարկէր դաշնակցականների օգտին, շատերը՝ հնչակեանների կամ ռամկավարների, սակայն՝ ոչ յօգուտ ՀՀՇի եւ կոմունիստների. դա պարզ էր: Եւ իշխանութեան համար աւելի հեշտ էր խաչ քաշել ազգային միաւորման դարաւոր երազանքների վրայ, քան վտանգի տակ դնել իր դիրքը:
15 տարուայ պայքար պահանջուեց այդ նողկալի օրէնքը չեղեալ անելու համար՝ 15 տարի եւ անհաշիւ կորուսեալ յոյսեր, հնարաւորութիւններ, չիրագործուած տնտեսական նախագծեր, չկատարուած ներդրումներ, Հայաստան, Ղարաբաղ, ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու համար չժամանած մարդիկ: Վերջապէս, 2005 թուականին իշխող կոալիցիային մաս կազմող Դաշնակցութեան ճնշման տակ Սահմանադրութիւնը փոփոխութեան ենթարկուեց, եւ արգելքը հանուեց, թէեւ ներկայումս էլ Հայաստանի քաղաքացիութիւն ստանալը կապուած է բազմաթիւ բիւրոկրատական (վարչակարգային-Խմբ.) խոչընդոտների հետ: Սակայն, ըստ էութեան, իշխանութիւնը զիջման գնաց միայն այն պատճառով, որ անկախութեան 15 տարիների ընթացքում Սփիւռքում զգալիօրէն մարեց ինքնիշխան հայրենիքի ձեռք բերման կապակցութեամբ ոգեւորութիւնը: Քաղաքականապէս ակտիւ արեւմտահայերի հին սերունդը, որը անկախ Հայաստանի գաղափարի եւ մեր ազգային իրաւունքների վերականգնման անշահախնդիր կրողն էր, հեռացաւ թատերաբեմից, եկան նոր մարդիկ, ի յայտ եկան նոր մոտիվացիաներ (շահախնդրութիւններ-Խմբ.), Սփիւռքն էլ այլեւս ուրիշ էր ինչպէս կազմով, այնպէս էլ կառուցուածքով ու իդէալներով: Այդ Սփիւռքն արդէն չի ձգտում հայրենիքում քաղաքական ակտիւութեան, այսինքն՝ իշխանութիւնների համար առանձնապէս վտանգ չի ներկայացնում: Եթէ Հայաստանում արմատական փոփոխութիւններ չկատարուեն, եթէ երկիրը նոր առանցք ձեռք չբերի, ազգային արժէքների ձեւափոխումը Սփիւռքի կողքով էլ չի անցնի:
Ահա ձեզ օրինակ, թէ ինչպէս յանուն իշխանական դիրքերի պահպանման Հայաստանի ղեկավարները պարզապէս ոչնչացրին Հայաստանի եւ հայ ժողովրդի որակական թռիչքի պոտենցիալ (կարողականութեան-Խմբ.) հնարաւորութիւնը: Այս թեման մենք կը շարունակենք: