ՆԵԼԼԻ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, գործազրկութեան, աճող գների եւ ցածր մնացող աշխատավարձերի հետեւանքով օրէցօր աւելանում է հայրենիքը լքողների կամ գոնէ նման մտադրութիւն ունեցողների թիւը:
Աֆրիկացին իրաւունք ունի, հայաստանցին՝ ոչ:
Վերջին շուրջ 10 տարում նորաձեւ է դարձել յատկապէս Եւրոպական երկրներում ապաստան փնտռելը: Բազմաթիւ մեր հայրենակիցներ լաւագոյն կեանքի որոնումներով, ապաւինելով օտար երկրի իշխանութիւնների բարեհաճութեանը, պարզապէս մեկնում են այնտեղ, թէ՛ միայնակ, թէ՛ ընտանիքով եւ ապաստան հայցում, կամ, ինչպէս ընդունուած է ասել, «յանձնւում», այլ կերպ ասած՝ յայտնւում փախստականների համար նախատեսուած ճամբարներում:
Այստեղ նրանք, կացութեան իրաւունքի մշուշոտ յոյսով, ճամբարային ահաւոր պայմաններում, շատ յաճախ իրենց երեխաներից ստիպողաբար բաժանուած, բազմաթիւ աֆրիկացի եւ պակիստանցի փախստականների հետ, ստիպուած են լինում ամիսներ, երբեմն էլ՝ տարիներ անցկացնել: Իսկ յետոյ կարող է պարզուել, որ աֆրիկացին իրաւունք ունի ապրել Եւրոպայում, իսկ հայաստանցուն ուղղակի արտաքսում են այդ երկրից:
Սա ոչ թէ զուտ ենթադրութիւն է, այլ պաշտօնական վիճակագրութեամբ հաստատուած փաստ: Օրինակ, ըստ Եւրամիութեան «Eurostat» վիճակագրական ծառայութեան տուեալների՝ 2011թ. երկրորդ կիսամեակում Հայաստանից ստացուած հայցադիմումների 95.5 տոկոսը մերժուել է եւ այն քչերից, ում տրուել է դրական պատասխան, միայն 1.5 տոկոսն է ստացել հենց փախստականի կարգավիճակ: Միեւնոյն ժամանակ, առանց քննուելու մերժւում է դիմումների մէկ երրորդը եւ սա վերաբերում է բոլոր երկրների միգրանտներին. Հայաստանն այստեղ բացառութիւն չէ: Արդիւնքում, Հայաստանից դուրս եկող դիմումների 97 տոկոսը մերժւում է կամ ընդհանրապէս չի էլ քննարկւում ընդունուող երկրների միգրացիոն կազմակերպութիւնների կողմից:
Մերժումների նման մեծ տոկոսը պայմանաւորուած է նրանով, որ համարւում է, որ Հայաստանում չկան քաղաքական ճնշումներ, չկայ քաղաքացիական պատերազմ, եւ ապաստան են խնդրում հիմնականում տնտեսական միգրանտները:
Համեմատութեան համար նշենք, որ կոնֆլիկտի մէջ գտնուող տարածքներից (Սոմալի եւ Էրիթրէա) ստացուած հայցադիմումների 67-73 տոկոսն ստացել է դրական պատասխան, հին կոնֆլիկտների մէջ գտնուող տարածքներից (Իրաք, Աֆղանստան) ստացուած հայցադիմումներից դրական պատասխան են ստացել գրեթէ կէսը, իսկ քաղաքական ճնշումներով յայտնի երկրներից (Թուրքիա, Բելառուս) դրական պատասխան է ստացել հայցադիմումների 15-20 տոկոսը:
Ստեղծուած իրավիճակում, երբ Հայաստանից դուրս բարեկեցիկ կեանք փնտռելու հնարաւորութիւնը գնալով նուազում է, հայրենիքից հեռանալ ցանկացողները նորանոր միջոցներ են փնտռում եւրոպացիներին համոզելու, թէ իրենք էլ աֆրիկացիներից պակաս ճնշուած ու թշուառ չեն:
Օրինակ, հայաստանցի «փախստականներն» առաւել համոզիչ երեւալու եւ Սոմալիի, Աֆղանստանի եւ այդօրինակ այլ երկրներից փախուստի դիմածների հետ նոյն կարգավիճակում լինելու համար յաճախ եւրոպացիներին են ներկայացնում կեղծ լուսանկարներ՝ ցոյց տալով, թէ իբր Հայաստանում անտանելի աղքատութիւն է, քաղաքական ահաբեկչութիւն կամ էլ զարտուղի ճանապարհներով ձեռք են բերում Հայաստանում ադրբեջանցի փախստականի կարգավիճակ: Իսկ արդէն վերջին շրջանի առաւել նորաձեւ պատճառներից է ոչ աւանդական կողմնորոշում ունենալու մասին «լեգենդը»:
Ի դէպ, այս մտացածին պատմութիւնների եւ կեղծ փաստերի ու փաստաթղթերի մասին իրենք «փախստականները» չեն էլ խորշում յայտարարել: Արտերկրում բնակութեան իրաւունք ստանալու համար իրենց կիրառած հնարքների ու խորամանկութիւնների մասին այս մարդիկ յաճախ պատմում են անգամ մեծագոյն պարծանքով ու սնափառութեամբ: Իսկ նրանք, ովքեր դեռ նոր են որոշել բռնել այդ ուղին, ազատ քննարկում են «յանձնուելու» հնարաւորութիւնները:
Ցաւոք, պէտք է խոստովանենք, որ մեր հայրենակիցներից շատերը պատրաստ են ամէն ինչի, միայն թէ գնան Հայաստանից եւ գնան յատկապէս Եւրոպա:
Ըստ ՄԱԿի փախստականների հարցերով գլխաւոր յանձնակատարի տուեալների՝ 2011թ. Հայաստանի քաղաքացիների կողմից փախստականի կարգավիճակի ստացման 6230 յայտ է ներկայացուել, եւ գրեթէ բոլորն էլ՝ եւրոպական երկրներ: Հայաստանի «փախստականների» գրեթէ կէսը դիմել են Ֆրանսիայում, միւսները՝ Նիդերլանդներում, Լեհաստանում եւ այլ երկրներում ապաստան ստանալու համար:
Եւրոպական բարեկեցիկ կեանքի մասին պատկերացումները, սակայն, փշրւում են հենց փախստականների ճամբարի վանդակաճաղերին հասնելուն պէս:
ԵՒՐՈՊԱՆ՝ ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ
ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՑ
Ըստ Գերմանիայում փախստականներին օժանդակութիւն ցուցաբերող «Pro Asyl» կազմակերպութեան ներկայացուցիչ Բերնդ Միզովիչի՝ վերջին քսան տարիների ընթացքում պետութիւնը «վարում է փախստականներին վախեցնելու քաղաքականութիւն»:
Ըստ նրա՝ դա կապուած է միգրանտների հոսքի կտրուկ մեծացման հետ, որը տեղի ունեցաւ 1990ականներին եւ ինչն էլ իր հերթին պատճառ դարձաւ հասարակութեան մէջ քսենոֆոբիայի (օտարատեացութեան-Խմբ.) առաջացման:
Այս իրավիճակը բնորոշ է եւրոպական այլ երկրներին եւս: «Վախեցնելու քաղաքականութիւն» ասելով՝ «Pro Asyl»ը նկատի ունի սոցիալական ցածր վճարները, աշխատելու արգելքն ու փախստականներին ստիպողաբար երկրի հեռաւոր գաւառների հանրակացարաններում տեղաւորելը:
Միեւնոյն ժամանակ, այս ոլորտում ամէն տարի իրավիճակը վատթարանում է, քանի որ փախստականները շատ են, աւելանում են միգրանտների գործերը, որոնք պէտք է քննարկուեն: Հետեւաբար, փախստականներն ստիպուած են աւելի երկար մնալ ճամբարում ու սպասել իրենց գործի քննութեանը:
Ի հարկէ, խօսքը ոչ բոլոր ճամբարների մասին է: Կան եւ այնպիսիք, որտեղ կարելի է ապրել ընտանիքով մէկ կամ երկու սենեակում: Սակայն առաւել յաճախ հանդիպում են գերբնակեցուած հանրակացարաններ կամ անգամ վրանային ճամբարներ, որտեղ մարդիկ ապրում են սարսափելի հակասանիտարական պայմաններում: Այնտեղ անհնար է չբախուել այլ երկրներից եկած փախստականների հետ, իսկ հաշուի առնելով Սոմալիի, Աֆղանստանի, Պակիստանի եւ այլ երկրների փախստականների թիւը՝ հայերը միշտ էլ տուժող կողմն են լինում:
Հարկ է նշել, որ այդպիսի ճամբարներում հազուադէպ չեն գիշերային բռնաբարութիւնները, ինչը զարմանալի չէ նման քրէական միջավայրում:
Բացի այդ, շատերն ստիպուած են լինում գողութիւնների գնալ, քանի որ չեն կարողանում ապրել փախստականների թոշակով: Միւսները տարւում են թմրանիւթերով, որոնք անցնում են ճամբարներով՝ հասնելով անգամ երեխաներին: Միեւնոյն ժամանակ, ճամբարներում յաճախ ընտանիքներ են քանդւում. կանայք թողնում են իրենց անյաջողակ ամուսնիններին եւ ամուսնանում են աֆրիկացի կամ արաբ միգրանտների հետ, միայն թէ հաստատուեն երանելի երկրում:
Քրէականացուած ճամբարի հետեւանքները պետութիւնն էլ իր ձեւով է փորձում շտկել: Խնամքի կենտրոններն ու սոցիալական ծառայութիւնները խլում են երեխաներին ծնողներից, որպէսզի «փրկեն» նրանց եւ յանձնում են մանկատներ: Իսկ ոստիկանները երեկոյեան ստուգումներ են անցկացնում եւ կարող են ձերբակալել կամ ծեծել աչքի առաջ յայտնուած միգրանտին:
Այս նուաստացման ու խտրականութեան միջով անցնում են Եւրամիութեան միգրանտների 80 տոկոսը, եւ նրանցից շատերը միայն խորտակում են իրենց կեանքը:
Այս պայմաններին չդիմանալով՝ մեր փոքրաթիւ հայրենակիցները, ովքեր դեռ կապ են պահել Հայաստանի հետ, ունեն տուն, ընտանիք, վերադառնում են հայրենիք: Իսկ մեծ մասն այդպէս էլ մնում է օտար ափերում՝ բախտ որոնողի կարգավիճակում: Հիասթափուելով մի երկրից՝ նրանք յաճախ ապօրինի հատում են մէկ այլ պետութեան սահման, դիմում նոր կեղծիքների, բայց դարձեալ յայտնւում նոյն մերժուածի կարգավիճակում:
Արդիւնքում, շատ շատերն ընկնում են կեանքի յատակն ու դառնում են «միջազգային անտուններ»՝ կորցնելով աշխատելու կարողութիւնը, թափառելով երկրից երկիր ու քարշ են տալիս իրենց խղճուկ գոյութիւնը: Իսկ վերջում, երբ բոլոր հնարաւորութիւնները սպառւում են, պահանջում են Հայաստանի կառավարութիւնից, որպէսզի տէր կանգնեն եւ ապահովեն այլ հարկատուների հաշուին: