ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Հանրութեանը նա յայտնի է եղել «շռայլ վանական» անուանմամբ: Ուրիշ ինչպէ՞ս կարելի է անուանել հոգեւորականին, ով 42 միլիոն դոլարանոց դղեակում է ապրում: Խօսքը գնում է գերմանական Լիմբուրգ քաղաքի եպիսկոպոս ոմն Թեբարց Վան Էլսթի մասին: Սակայն նրա շռայլութեան վերջը եկել է այն ժամանակ, երբ Հռոմի պապ Ֆրանսիսը (ամենայն հաւանականութեամբ) հեռացրել է նրան թեմից, ապացուցելով իր հաստատուն կարծիքն այն մասին, թէ եկեղեցին պէտք է աղքատների մխիթարանքի աղբիւրը հանդիսանայ, այլ ոչ թէ շռայլութեան: Եպիսկոպոսին մեղադրում են չլսուած շռայլութիւններ իրագործելու ամբաստանութեամբ: Դատէք ինքներդ. որոշ տեղեկութիւնների համաձայն, նա մօտ 474 հազար դոլար է յատկացրել պահարաններ կառուցելու համար, 135 հազար դոլար՝ պատուհանների, եւ աւելի քան 600 հազար դոլար՝ արուեստի գործեր գնելու պատրուակով: Եպիսկոպոսի անձնական լոգարանի արժէքը 20 հազար դոլար արժէ: Այժմ համեմատէք վերոյիշեալի ունեցուածքը Հռոմի պապի ունեցուածքի հետ: Ֆրանսիս պապը լիմուզինների փոխարէն ճանապարհորդում է գործածուած «Ռենօ» մակնիշի ինքնաշարժով, իրեն տրամադրուած շքեղ պալատանման առանձնատնից հրաժարուել է Պապ կարգուելուց անմիջապէս յետոյ, փոխարէնը նախընտրելով բնակուել մի չափից աւելի համեստ կացարանում: Պապը մեղադրել է կաթոլիկ եկեղեցական որոշ առաջնորդների՝ ինքնահաւանութեամբ, նարցիսիզմով տառապելու մէջ: Այս իւրատեսակ առաջնորդը կոչ է արել բոլոր հոգեւորականներին դուրս գալ իրենց «գրասենեակներից» եւ սփոփել աղքատներին, ընչազուրկներին: Այժմ վերադառնանք տխրահռչակ գերմանացի հոգեւորականին: Նրան մեղադրում են ստախօսութեան ամբաստանութեամբ, քանի որ գերմանական դատարանին իբր թէ խաբել է ու ժխտել, թէ Հնդկաստան կատարած իր այցելութեան ընթացքում առաջին կարգի ինքնաթիռի ուղեւորատոմս չի գնել: Թեբարց Վան Էլսթին անմիջապէս Հռոմ են հրաւիրել՝ «երկխօսութեան»: Հանդիպումից յետոյ Լիմբուրգի թեմը հրապարակել է մի յայտարարութիւն, որտեղ մասնաւորապէս նշուած է, թէ եպիսկոպոսը «երախտապարտ է սրտամօտ երկխօսութեան կապակցութեամբ»: Վատիկանը առայժմ պաշտօնական յայտարարութիւն չի հրապարակել: Փոխարէնը գերմանական թեմը յայտնել է, թէ հանդիպման ժամանակ տեղի ունեցածը գաղտնի կը պահուի: Եպիսկոպոսը պաշտօնապէս յայտարարել է, թէ ոչ մի աւելորդութիւն իրեն թոյլ չի տուել: Այս հակասութիւների ֆօնի վրայ փաստեր են գրանցուել, որոնց սկզբնաղբիւրը դժուար չէ կռահել: Անցեալ տարի Լիմբուրգում բնակուող 300 կաթոլիկներ պաշտօնապէս հրաժարուել են իրենց հաւատքից, իսկ վերջին շաբաթների ընթացքում օրական մօտ 30 մարդ է նոյն քայլին դիմում:
Հոգեւորական դառնալիս աշխարհիկ մարդը գիտակցաբար երդւում է, որ պիտի զերծ մնայ աշխարհիկ գայթակղութիւններից, որպէսզի կարողանայ օրինակ դառնալ բոլորի համար, յոյս ու հաւատ ներշնչի հասարակ մահկանացուներին: Ո՞ւմ են ծառայում մանկապիղծ, խաբեբայ, դրամաշորթ, պատեհապաշտ հոգեւորականները: Ինչպէ՞ս են իրենց զգում, երբ քարոզում են Աստծոյ խօսքն ու իրենք իսկ դրժում են տիրոջ պատուիրանները: Ինչպէ՞ս են սրանք նայում հայելու մէջ ու շարունակում իրենց կեանքը: Չէ՞ որ իրենց երդմնադրժութեան արդիւնքում ոմանց աչքում ապականում են ոչ միայն իրենց, այլ հաւատը, որ ներկայացնում են իրենք: Բայց հաւատը մեղաւոր չէ, երբ մարդը ապականում է իր անունը: Հաւատը անապական է: Սակայն, արի ու սա բացատրիր այն մանուկին, որ սեռական ոտնձգութեան է ենթարկուել այս կամ այն «հոգեւորականի» կողմից: Արի ու սա բացատրիր այն ընչազուրկին, ով հոգեւորականին տեսնում է 150 հազար դոլարանոց ինքնաշարժով ուղեւորուելիս՝ աղքատ քաղաքի փողոցներով: Հաւատքը մեղք չի կարող ունենալ, երբ այն ջատագովողը սայթաքում է, եւ օրեցօր աւելի ու աւելի է սահում ներքեւ, արդարացնելով իր այս կամ այն յանցաւոր քայլը, աւելի վտանգաւոր քայլերի է դիմում: Մինչեւ ե՞րբ: Այստեղ ստիպուած եմ յիշել «Գաջի գործարան» թաղամասի չարքաշ բանուորներից մէկի՝ Մարտիկի խօսքը. «Ներկարար, քեզ հետ եմ խօսում, պատշար դու լսիր»: