ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ

Իլհամ Ալիեւը պաշտպանութեան նախարար է նշանակել ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զօրքերի հրամանատար Զաքիր Հասանովին, որն ունի գեներալ-մայորի զինուորական կոչում: Virtualaz.org-ը, նորանշանակ նախարարի հետ հարցազրոյց անցկացնելու հնարաւորութիւն չունենալով, փորձել է նրա «դիմանկարը» ստեղծել՝ օգտագործելով տարբեր առիթներով մամուլին յայտնած տեսակէտները:
Ստացուել է բաւական խճողուած պատկեր, չի հասկացւում՝ Հասանովը կո՞ղմ է, որ ադրբեջանական զինուած ուժերը վերակազմաւորուեն ՆԱՏՕի չափանիշներով, թէ՞ զինուած ուժերի խորհրդային-ռուսաստանեան մոդելի համակիրն է: Ակնյայտ է, որ Հասանովը նոյնպէս կարեւորում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցութեան հանգամանքը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի մարտական հմտութիւններին, ապա, Հասանովի կարծիքով, նա «պէտք է պատրաստ լինի պատերազմելու լեռնային տեղանքում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»: Նորանշանակ նախարարը չի գտնում, որ պրոֆեսիոնալ բանակը լաւագոյնն է: Ընդհակառակը՝ «վարձկանները (հէնց այդ բառն է օգտագործել նա- Վ.Ա.) միշտ նայում են գործի նիւթական կողմին, եւ դրանով ամէն ինչ ասուած է»:
Ի հարկէ, պաշտպանութեան նախարար նշանակուելով Հասանովը կարող է փոխել բանակի եւ ռազմական շինարարութեան մասին պատկերացումները: Կարեւոր էլ չէ, թէ նա ինչ եւ երբ է ասել: Առաւել հետաքրքրական է այդ նշանակման արձագանգը:
Ադրբեջանի զինուած ուժերի Շամքորի բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովը, որի յարաբերութիւնները նախկին նախարարի հետ չափազանց լարուած էին, պաշտպանութեան նոր նախարարի նշանակումն անուանել է «բոլորի համար տօն»: Նրա վկայութեամբ, «բանակային կորպուսների բոլոր հրամանատարներն ուրախ են, որ ազատուել են Աբիեւից»:
Հարցին, թէ ճի՞շդ է, որ Հասանովի փոխարէն նշանակուելու է ներքին զօրքերի հրամանատար, Աքպերովը պատասխանել է, թէ «տեղեակ չէ, իրեն այդ մասին ոչինչ չեն ասել»:
Աւելի վաղ, որոշ մեկնաբաններ կարծիք էին յայտնել, որ Աբիեւին փոխարինողների «ցուցակ գոյութիւն ունի, որտեղ երեք անուն կայ՝ Ռովշան Աքպերով, Էբրուս Օրուջեւ եւ Վահիդ Ալիեւ»:
Ինչպէս տեսնում ենք, Իլհամ Ալիեւը պաշտպանութեան նախարարի պաշտօնում նշանակել է բոլորովին այլ մարդու, որը կարծես զինուած ուժերի տարբեր խմբաւորումների հետ որեւէ առնչութիւն չի ունեցել: Երէկ, սակայն, Բաքուի ոչ իշխանական լրատուամիջոցներում տեղեկութիւններ են շրջանառուել, որ պաշտպանութեան նորանշանակ նախարարը «Ռամիզ Մեհթիեւի մարդն է»:
Այս կապակցութեամբ haqqin.az-ին մեկնաբանութիւն է արել Ռամիզ Մեհթիեւի փեսան՝ Միլլի մեջլիսի պատգամաւոր Իլհամ Ալիեւը, որի կարծիքով՝ «Ադրբեջանում իշխանութեան մէջ կլաններ չկան, պաշտպանութեան նախարարին նշանակում է նախագահը, ի՞նչ կապ ունի դրա հետ Ռամիզ Մեհթիեւը»:
Խնդրի ողջ նրբութիւնը նրանում է, որ Սաֆար Աբիեւը Բաքուի իշխող վարչախմբում ունէր արեւմտամէտ գործչի համարում եւ հանդէս էր գալիս ադրբեջանական բանակը ՆԱՏՕի ստանդարտներին համապատասխանեցնելու ծրագրի օգտին: Աբիեւին էին վերագրւում նաեւ ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտում Իսրայէլի հետ վերջին տարիների սերտացած կապերի յաջողութիւնը:
Իսկ Ռամիզ Մեհթիեւը համարւում է «Կրեմլի դրածոյ»: Եւ եթէ իրականութեանը մօտ է, որ նորանշանակ պաշտպանութեան նախարարը «նրա մարդն է», ապա ենթադրելի՞ է արդեօք, որ Ադրբեջանը ռազմական գերատեսչութեան առումով նախապատուութիւն է տալիս յարաբերութիւնների «հիւսիսային վեկտորին (արեւելումին-Խմբ.)»: Սա շատ բազմանշանակ կը լինէր…
Եւ ես պիտի յիշեցնէի իրեն,
Մենք Արարատին Նայելով օր մը պիտի հասնինք,
Իսկ ինք ալ՝ իր նախորդին պէս՝ եւ իր Ալի Պապա Ալիեւը Արցախին հեռուէն նայելով պիտի սմքին եւ անցնին.
Վահան Վանական,
Զուիցերիա