
Ալիկն ու Լալիկը
ՀԵՐՄԻՆԷ ԲԱԲԱՅԵԱՆ

Տզտզում էր Լալիկը,
Նկարել էր Ալիկը,
Զամբիւղում լիքը-լիքը
Աշնան բերք ու բարիքը,
Ու չէր տալիս Լալիկին,
Փոքրիկ, քնքուշ բալիկին:
– Չէ՞ որ, Ալիկ, դու ունես,
Խնձորը՝ ինձ, տանձը՝ քեզ:
– Լսիր, Լալիկ, մեծանաս,
Մանկապարտէզ կը գնաս,
Եւ զամբիւղում՝ մշտահաս
Քո մրգերը կ՛ունենաս:
———————————————————————-
Գրքի Վիշտը
Վ. ՎԱՐԴԱՆԵԱՆ

– Ինքդ ասա՝ բա սա գիրք է,
Ասաց Հայկին դասագիրքը:
Ողջ երեսս կեղտ ու մուր է,
Իսկ երեսիս կէսը ո՞ւր է:
Թանաքոտուած թերթերս տե՛ս՝
Կրծոտել ես մուկիկի պէս,
Ջնջոտել ես գիր ու նկար.
Միթէ՞ ուրիշ թուղթ չգտար…
Գիրքը ինչպէ՞ս օգնի էլ քեզ,
Երբ փնթի ես դու Հայկ, տե՛ս:
Քո կարծիքով ինչպէ՞ս պէտք է պահել գիրքը:
———————————————————————–
Վերամուտ

Բարեւ սիրելի փոքրիկներ,
Յուսամ դուք ալ «Կաքաւիկ»ին պէս շատ լաւ ամառ մը անցուցիք ու հիմա ուրախ-ուրախ նորէն դպրոց կ՛երթաք…
Մէկ տարի ալ մեծցաք: Հիմա արդէն աւելի շա՜տ գիտէք հաշուել, կարդալ, գրել, պատմել… Իսկ այս տարի դեռ շա՜տ ու շա՜տ նոր բաներ պիտի սորվիք:
Ձեր ընկերներն ալ՝ Հայաստանի եւ այլ երկիրներու մէջ, արդէն դպրոց կ՛երթան:
Անոնք ալ դպրոցին մէջ ձեզի պէս լեզու, գիտութիւն, թուաբանութիւն, պատմութիւն եւ արուեստ կը սորվին:
Նաեւ ձեզի պէս կը խաղան ու կը զուարճանան:
«Կաքաւիկ» ձեզի կը մաղթէ փայլուն տարեշրջան մը…

——————————————————————————
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Նարօտի Դպրոցի Առաջին Օրը
Նարօտը շատ ուրախ էր: Նա այս տարի առաջին դասարանում էր սովորելու:
Նարօտը պատրաստել էր իր դպրոցի պայուսակը ու նրա մէջ դրել իր գիրքը, տետրակը, մատիտն ու ռետինը:
Նարօտն ուրախ-ուրախ մտնում է անկողին ու քնում, երազելով իր դպրոցի առաջին օրուայ մասին:
Նարօտի երազի մէջ իրեն հիւր են գալիս գիրքն ու տետրակը, մատիտն ու ռետինը:
– Ես գիրքն եմ գիրքը, իմ մէջ կը գտնես շատ ու շատ խրատներ: Ինձ պէտք է մաքուր պահես, թուղթերս չպատռես ու իմ նկարները չջնջոտես:
– Ես քեզ կ՛օգնեմ, եթէ իմ մէջ մաքուր գրես քո դասերը, չխզմզես իմ էջերը ու չպատռես իմ թուղթերը, ասում է տետրակը:
– Ես ռետինն եմ, ռետինը: Հէնց որ տեսնեմ սխալ բան, անմիջապէս կուլ կը տամ:
– Ես մատիտն եմ, մատիտը: Իմ հետ մի՛ խզմզիր, իմ ծայրը մի՛ կրծոտիր ու իմ արժէքը լաւ իմացի՛ր:
– Չէ՛, չէ՛, ես ձեզ լաւ կը պահեմ իմ ընկերներ: Ձեզ անտեղի չե՛մ փչացնի, չեմ խզմզի, պատառոտի ու ջնջոտի:
Չե՛մ չարչարի ու ձեր կեանքը չեմ կարճացնի: Ձեզ կը սիրեմ, կը գուրգուրամ ընկերոջ պէս:
Ու Նարօտն այսպէս՝ ամբողջ գիշեր իր նոր ընկերների հետ էր խաղում ու անհամբեր դպրոցի առաջին օրուայ մասին երազում:
———————————————————————————–
Մոնթէն ու Արմենուշը դպրոց կ՛երթան: Ահա՝ թէ ինչեր չեն մոռնար իրենց հետ դպրոց տանելու: Լրացուցէ՛ք անունները:
Արմենուշ՝
– Մոնթէ, դուն հետդ ինչե՞ր կը տանիս դպրոց:
Արմենուշ
– Իսկ ես գրչատուփիս
մէջ ունիմ՝
-ատի-
գու-աւ-ր մ-տ-տ
սրչ
գ-ա-ա-
-է-ի-
Մոնթէ
– Ես ա-ու-ա-իս մէջ
ունիմ՝
գի-ք
տե-րա-
-րի-
սր-ի-
ի-ղա-եր-

———————————————————————–
Առողջապահական Անկիւն
Նարեկն էլ, բոլոր փոքրիկների նման, դպրոց է գնում:
Նարեկը դպրոցական տարեշրջանում առողջ մնալու համար պէտք է՝
– Ուտելուց առաջ ձեռքերը օճառով լուայ.
– Արտաքնոցը օգտագործելուց յետոյ ձեռքերը օճառով լուայ.
– Ձեռքերը լուալուց յետոյ լաւ չորացնի.
– Ատամները ամէն առաւօտ ու գիշեր խոզանակի.
– Հազալու կամ փռշտալու ժամանակ ձեռքով բերանը ծածկի.
– Տաքուկ հագուստ հագնի.
– Հիւանդ լինելու դէպքում տունը մնայ եւ բժշկի թելադրած դեղերը օգտագործի:
——————————————————————————————
