ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Նիւ Եորքի Սբ. Նահատակաց Ամէնօրեայ վարժարանը տօնեց Թարգմանչաց օրը Հոկտեմբերի 28ին, եկեղեցիի «Գալստեան» սրահում:
Ձեռնարկին ներկայ էին ծնողներ եւ հայ լեզուն քաջալերող անհատներ:
Բացումը կատարուեց Ե. դասարանի աշակերտների մուտքով, վեր բռնած դպրոցի, հայկական եւ ամերիկեան դրօշները: Դաշնամուրի ընկերակցութեամբ երգեցին դպրոցի, Ամերիկայի եւ Հայաստանի օրհներգները:
Վարժարանի երկարամեայ նուիրեալ, տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը իր ողջոյնի խօսքի մէջ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին ապա բոլորին զգացնել տուեց հայ գրի ու լեզուի պահպանումն ու գործադրումը մեր առօրեայ կանքի մէջ. «Հայ դպրոցը ներկարար չէ, որ վայրկեանների մէջ մեր ցանկացած գոյնը արտահանի: Այսօր որ «Հալօուին»ի օրն է տօնւում, ուր մասնակցում են, մեծ մասամբ, երեխաներ. ուրախ եւ անհամբեր տրամադրութեամբ զարմազան տարազներ են գնում ու հագնում, մտքովս է անցնում, արդեօք քանի՞ հոգի հայերէն գիրք գնեցին ու հայերէն թերթ կարդացին: Տքնաջան ճիգ ու աշխատանք է պէ՛տք, հայ գիրքն ու թերթը գնել ու կարդալ է պէտք, մեր լեզուն, մեր մշակոյթը եկող սերունդներին փոխանցել է պէտք», ասաց նա:
Ապա հերթաբար բեմ բարձրացան մանկապարտէզի աշակերտները այբ, բեն, գիմը կախուած վզներին, Ծաղկոց դասարանցիների հետ միասին արտասանեցին ու երգեցին իրենց քաղցրիկ ձայնով ու մանկական դուրեկան, զուարճալի շարժուձեւերով:
Ա., Բ., Գ., դասարանների աշակերտները բեմ ելան վզներին կախուած Մ. Մաշտոցի եւ թարգմանիչների խօսքերով ու դիմանկարներով: Արտասանեցին, խմ-բային երգեցին եւ խաղացին «Շաղիկին Զղջումը»:
Չորրորդ դասարանի աշակերտները արտասանեցին ու գեղեցկօրէն ներկայացրին Յ. Թումանեանի «Սուտասանը» մեծ հաճոյք պատճառելով ներկաներին:
Յայտագրի նախավերջում տեղի ունեցաւ արտասանութեան մրցում չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտների միջեւ: Մրցոյթին էր հրաւիրուած յատուկ «ժուր»ի՝ ընտրելու եւ պարգեւատրելու ամենալաւ արտասանողներին: Իւրաքանչիւր մասնակցող պարտաւոր էր մէկ ազատ ընտրութեան եւ մէկ պարտադիր բանաստեղծութիւն արտասանելու: Մրցոյթին էին մասնակցում Դ. դասարանից Դաւիթ Յովհաննէսեան եւ Լեւոն Ռակուբեան: Ե. դասարանից Միշէլ Աջպահեան եւ Հայկ Փիրամզատեան: Զ. դասարանից Մասնակցողներն էին՝ Արէն Առաքելեան, Մարգարիտ Սաքար, Ալիսիա Մորճիկեան եւ Նիգոլ Իսալօլեան:
Մրցոյթի արդիւնքը ներկայացրեց «ժուրի»ն. առաջին մրցանակ շահողներն եղան Հայկ Փիրամզատեանը եւ Նիգոլ Իսաղօլեանը. նրանք գնահատուեցին դպրոցին սատար հանդիսացող հանգուցեալ Ալիս Ժամկոչեանի անուան նուէրով: Մրցոյթի երկրորդ եւ երրորդ մրցանակին արժանացան Մարգարիտ Սաքարը եւ Միշէլ Աջպահեանը, որոնք գնահատուեցին գեղեցիկ նուէրներով:
Տեղին է աւելացնել, որ այս, եւ նման մրցոյթներին մասնակցող աշակերտները բոլորն էլ ի սկզբանէ անխտիր շահողներ են. քանի որ նման պարագաներում մեծ աշխատանք է տարւում հայ գրականութիւնն ու հայ լեզուն առաւել ամրապնդել ու անմոռանալի դարձնել նրանց մատղաշ հոգում:
Յիշենք նաեւ, որ օրուայ յայտագիրը նուիրուած էր մեր գրողներից՝ Մուշեղ Իշխանի, Անդրանիկ Ծառուկեանի եւ Սեզա Սիրանի (Զարիֆեան-Քիւփելեան Սիրան Տաճատի, 1903, Կ. Պոլիս) ծննդեան հարիւր ամեակին եւ նորոգ հանգուցեալ Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի յիշատակին:
Տօնակատարութեան աւարտին չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտները խմբային երգեցին «Գովք Հայ Դպրոցին», «Մայրենի Լեզու», «Հայ Ապրինք» եւ «Ձօն Սբ. Նահատակաց Եկեղեցւոյ 55ամեակին» երգերը: