ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հանրութիւնը չէր հասցրել մարսել թուրքական «Today՛s Zaman» պարբերականի միջոցով Անկարայի կողմից Հայաստանին նետուած տեղեկատուական պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) խայծը ԼՂին յարակից 5 շրջաննները յանձնելու՝ Երեւանի պատրաստակամութեան եւ դրա դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու հնարաւորութեան մասին, եւ արդէն արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն կոչ է անում Հայաստանին՝ թօթափել Թուրքիայի հանդէպ ունեցած անվստահութիւնը: Թէ ի՞նչը հիմք ընդունելով Հայաստանը պէտք է վստահի Թուրքիային, Դաւութօղլուն, ի հարկէ, մոռացել է պարզաբանել: Նա, թերեւս, նկատի ունի 2009թ. ստորագրուած հայ-թուրքական երկու արձանագրութիւնները վաւերացնելու առումով միջազգային մակարդակով տրուած հաւաստիացումներից հրաժարուելը, ինչպէս նաեւ յարաբերութիւնների կարգաւորման համար Հայաստանի հետ նախապայմանների լեզուով խօսելու քաղաքականութիւնից բխող «վստահութիւնը», որը երախտամոռ հայերը գնահատել չեն ցանկանում: Ի հարկէ, Հաաստանի բարեբախտութիւնն էր, որ Թուրքիան ինքը սառեցրեց այդ չարաբաստիկ արձանագրութիւնները եւ մնաց դրանց տակ: Բայց եւ այնպէս՝ յղուող ուղերձների նման տոնայնութիւնը (շեշտը-Խմբ.) ցոյց է տալիս, որ Թուրքիան ընտրել է Հայաստանի եւ յատկապէս միջազգային հանրութեան ականջները շոյելու մարտավարութիւնը:
Դա ունի իր պատճառները: Առաջինը, ի հարկէ, Հայաստանի՝ Մաքսային միութիւն քշուելու իրողութեամբ պայմանաւորուած, ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացում եւ, ընդհանրապէս, Հարաւային Կովկասում տանտիրոջ կարգավիճակով իր դիրքերն ամրապնդելու՝ Ռուսաստանի ամբիցիաները (փառասիրութիւնները-Խմբ.) չափաւորելն է: Թուրքիան հաշուի է առնում նաեւ Իրանի նկատմամբ Արեւմուտքի փոխուող վերաբերմունքը, այս տարածաշրջանի նկատմամբ Թեհրանի աճող հետաքրքրութիւնը եւ պարզապէս չի ցանկանում դուրս մնալ ուժեղ խաղացողների մրցապայքարից: Իսկ դրա համար լաւագոյն գործիքը, ի հարկէ, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում գերշահագրգռուած լինելու իմիտացիայի (նմանակին-Խմբ.) ստեղծումն է:
Երկրորդը, Սիրիայում կրած ուղղակի խայտառակ դիւանագիտական պարտութիւնից ինչ որ կերպ դուրս պրծնելու, դէմքը փրկելու մղումն է: Խնդիրն այն է, որ հէնց սիրիական ճգնաժամում ունեցած կատաստրոֆիկ (աղիտալի-Խմբ.) դերակատարութեամբ Թուրքիան մերկացրեց իր իսկ յօրինած «զրօ խնդիր հարեւանների հետ» քաղաքականութեան սնանկութիւնն ու շովինիստական (ազգայնամոլական-Խմբ.) էութիւնը: Հայաստանի նկատմամբ բարեկամական զեղումների արտայայտութիւններն ուղղուած են սեփական հեղինակութիւնը փրկելուն եւ համապետական ընտրութիւններին մօտեցող Էրդողանի վարչակարգի նկատմամբ միջազգային դրական վարկանիշը վերականգնելուն:
Եւ, վերջապէս, երրորդ պատճառը, Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցով պայմանաւորուած, իր նկատմամբ կանխատեսելի ուժեղ ճնշումներին դիմակայելու հրամայականն է, որը ստիպում է Անկարային հերթական անգամ խաղարկել Հայաստանի հետ յարաբերութիւնները վերականգնելու ցանկութիւնը՝ Ցեղասպանութեան ճանաչման քաղաքական եւ հումանիստական (մարդասիրական-Խմբ.) անհրաժեշտութիւնը օրակարգից հանելու նպատակով: Անկարան փորձում է երկրորդ անգամ մտնել նոյն ջուրը, որը ճահճացել է հէնց իր դաշտում: Նրա այդ ցանկութեանը մեծ հաշուով չեն հաւատում ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհում՝ ընդհանրապէս: Մինչեւ Թուրքիան վերջնականապէս չյստակեցնի՝ ինչ է անելու Ցիւրիխում ստորագրուած արձանագրութիւնների հետ, Անկարայից հնչող ցանկացած յայտարարութիւն թուալու է ոչ հիմնաւոր: Բայց ողջ հարցն այն է, որ Անկարան ձգտում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը պայմանաւորել ոչ թէ այդ արձանագրութիւններով, այլ Հայաստանի տրամադրուածութեան բացակայութեամբ եւ ղարաբաղեան բանակցային գործընթացի յարուցած բարդութիւններով, այսինքն՝ իրեն ազատել արձանագրութիւնների կապանքներից ու պատասխանատուութիւնը բարդել Երեւանի վրայ: Կը ստացուի դա, թէ՝ ոչ, դժուար է ասել: Շատ բան կախուած է հէնց Երեւանից եւ արտաքին այն ուժերից, որոնք կարող են վերջինիս մղել Թուրքիայի հետ գիշերային դիւանագիտութեան մոտիւներով նոր սեպարատ (անջատ-Խմբ.) բանակցութիւնների: Բայց փաստն այն է, որ Անկարան 1915թ. ազդեցութիւնը չէզոքացնելու ուղղութեամբ աշխատում է չափազանց ինտենսիւօրէն (լարուած-Խմբ.)՝ ոչ թէ այդ հեռանկարն ընդունելով որպէս ցնցակաթուած յարուցող արհաւիրք, այլ՝ խոչընդոտ, որը պէտք է վերացնել ցանկացած գնով: Եթէ նա առաջիկայ մէկուկէս տարում շարունակի նոյն տեմպերով, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կ՛ունենանք 2015թ. Ապրիլի 24ին կամ կ՛ունենա՞նք, արդեօք, ինչ որ բան ընդհանրապէս, թէ՞ ոչ: Խնդիրն այն է, որ Անկարայի այս հետեւողական ու լուրջ աշխատանքներին հայկական կողմի հակադարձը համարժէք չէ: Սփիւռքի առանձին հատուածների, կազմակերպութիւնների գործադրած քաղաքական, լոբբիստական ջանքերն ակնյայտօրէն բաւարար չեն: Որքան էլ դրանք կազմակերպուած լինեն, չեն կարող մրցակցել պետութեան մակարդակով վարուող քաղաքականութեան հետ, այն էլ այնպիսի պետութեան պարագայում, ինչպիսին Թուրքիան է:
Հայաստանը, որպէս պետութիւն, կարծես իրեն ընդհանրապէս դուրս է դրել այս պրոցեսից եւ այն ամբողջութեամբ թողել է Սփիւռքի վրայ: Ուկրաինական պարբերականներից մէկին տուած հարցազրոյցում վարչապետ Տիգրան Սարգսեանը ասում է, թէ Ցեղասպանութեան ճանաչման, ընդհանրապէս պահանջատիրութեան խնդիրը Հայ Առաքելական եկեղեցունն է, ոչ թէ պետութեանը: Մինչդեռ հրապարակային մակարդակում չէզոքութիւն պահպանելը չի նշանակում, որ պետութիւնը պէտք է ձեռքերը լուանայ նաեւ կուլիսային մակարդակում: Անգամ Անկարայից Դաւութօղլուի միջոցով յղուող վերջին այս ուղերձները պատշաճ պատասխանի չեն արժանանում: Այս առումով ամենամեծ հարուածը հասցնում է զոյգ արձանագրութիւններից ստորագրութիւնը ետ կանչելուց Երեւանի չհրաժարուելու կեցուածքը: Այն օգուտ է տալիս՝ բուն արձանագրութիւնների վաւերացման պատասխանատուութիւնը Անկարայի վրայ թողնելու առումով: Բայց եթէ այս տեսակէտից այն շղթայում է Թուրքիայի ձեռքերը, ապա Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ՝ միանշանակ հայկական կողմի: Այդ արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ առ այսօր Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը փակուղուց դուրս չի գալիս: Չնայած քաղաքների, երկրամասերի ճանաչման առանձին դէպքերին, դրանից յետոյ որեւէ պետութիւն պաշտօնապէս չի ճանաչել Ցեղասպանութիւնը: Անկարայի վերջին շրջանի ակտիւացումների հիմնական նպատակը այն փակուղում պահելն է մինչեւ կրիտիկական (տագնապալից-Խմբ.) շրջանն անցնելը: