ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեան 7րդ տօնական խնջոյքը համախմբել էր նահանգի, գաւառի եւ քաղաքի պետական ու մասնաւոր ծառայութիւններում գործող աւելի քան 400 ամերիկահայերի: Ամէնամեայ այս հաւաքը դարձել է հանրային ոլորտի աշխատակիցների ամենասպասուած առիթը, նաեւ՝ միութեան տարեկան գործունէութեան իւրատեսակ ամփոփումը: «Տարիներ առաջ, երբ սկսեցինք տասը հոգիանոց խմբով՝ նպատակն էր ստեղծել մի միութիւն, որտեղ հայ աշխատակիցները կը միաւորուեն, եւ մեր ուժերը կը ներդնենք նաեւ հայ համայնքին զօրացնելու եւ օգտակար լինելու գործում: Տարեցտարի մեր շարքերը համալրւում են տարբեր ոլորտներում ներգրաւուած աշխատակիցներով, ստեղծում ենք նոր յանձնախմբեր: Այդ առումով յատկանշական էր այս տարի մեր կազմակերպութեան ներքոյ կայացած կրթական ոլորտի ներկայացուցիչների համախմբումը, որի շրջանակներում ներկայացրեցինք ընտանիքներում բռնութեան ենթարկուած եւ ընտանիքների կողմից մերժուած հայ երեխաների հարցը, ովքեր խնամքի կարիք ունեն: Այս եւ այլ խնդիրների լուծման նպատակով մենք նաեւ համագործակցում ենք հայկական տարբեր կազմակերպութիւնների, պետական կառոյցների հետ», կազմակերպութեան նպատակների ու գործունէութեան մասին խօսեց Յարութ Եդալեանը՝ Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեան հիմնադիրն ու նախագահը:
Բրբանքում գտնուող «Ռիթս» սրահում, Դեկտեմբերի 8ին անցկացուած միութեան ձեռնարկը նաեւ առիթ էր գնահատելու հանրային ոլորտում աշխատող ամերիկահայերի, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել իրենց աշխատանքում, նաեւ՝ հայ համայնքի կեանքում: Պատուոյ մրցանակների արժանացան Լոս Անջելես գաւառի «Երեխաների եւ ընտանիքի համար ծառայութիւնների» վարչութեան տնօրէնի օգնական Հելեն Բերբերեանը, Լոնգ Բիչի «Այգիների, հանգստի եւ ծովային» հարցերով բաժնի տնօրէն æորջ Չափջեանը եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի Ծառայութիւնների հարցով տնօրէն Քրիստին æերեանը: Նրանց պատուոգրեր յանձնուեցին նաեւ Ադամ Շիֆի, Փոլ Գրիգորեանի, Մայք Գաթոյի կողմից: «Շատ զգացուած եմ նման վերաբերմունքի համար, հաճելի է, որ աշխատանքդ գնահատւում է: Հանրային ոլորտում ծառայողները հիանալի գործ են կատարում, սակայն նրանք յաճախ չէ, որ ճանաչւում են, եւ այս առիթը բնոյթով նաեւ բացառիկ է: Կարեւորում եմ այս միութիւնը, որ համախմբում է մեզ բոլորիս եւ հնարաւորութիւն է տալիս ամերիկահայ հանրային ծառայողներին միասին առաւել մեծ ներդրում ունենալու մեր համայնքի կեանքում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում յայտնեց Քրիստին æերեանը: æորջ Չափջեանն էլ կարեւորեց միութեան գործունէութիւնը՝ նշելով, որ այն լաւագոյն հնարաւորութիւնն է երիտասարդ ամերիկահայ մասնագէտների համար՝ միմեանց հետ ծանօթանալու եւ շփուելու, յետագայ գործունէութեան համար նոր հեռանկարներ բացայայտելու: «Այս միութիւնը մի քանի տարում կարողացել է հասնել նման արդիւնքների, եւ ես մեծ սիրով կ՛անդամակցեմ ու կ՛աջակցեմ Յարութ Եդալեանին ու նրա համախոհներին», նշեց Չափջեանը: Օրուայ մեծարեալները պատմեցին իրենց անցած ուղու, ներկայ գործունէութեան մասին եւ ընգծեցին իրենց կայացման հարցում ընտանիքի եւ հայ համայնքի դերը:
Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեան տօնական ձեռնարկին ներկայ էին կոնգրեսական Ադամ Շիֆը, ներկայացուցիչներ Քալիֆորնիայի խորհրդարանից, Լոս Անջելեսի քաղխորհրդից, Հայ Դատի յանձնախմբի ղեկավարներ, առողաջապահական, կրթական, իրաւական ոլորտի ամերիկահայ աշխատակիցներ: «Այս ձեռնարկին ներկաների թիւն ինքնին վկայում է, թէ որքան անհրաժեշտ ու կարեւոր է միութիւնը ամերիկահայ համայնքի համար: Սա իսկապէս հզօր եւ արդէն կայացած կազմակերպութիւն է: Այս ձեռնարկն էլ հաճելի առիթ է տօնական միջավայրում ծանօթանալու եւ նոր կապեր հաստատելու համար», մեզ հետ զրոյցում կարծիք յայտնեց Ադամ Շիֆը: Փաստաբան Յովհաննէս Մարգարեանն արդէն մի քանի տարի է այցելում է միութեան խնջոյքին. «Այս միութեան կայացումը հսկայական աշխատանքի արդիւնք է, որը շատ կարեւոր հնարաւորութիւն է ստեղծում հանրային ոլորտի հայ ծառայողների համար՝ միմեանց ճանաչելու, քանզի որքան համախմբուած լինենք, այնքան աւելի բարձր կը հնչի մեր ձայնը այս երկրում»: Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեան յաջողութիւնը նուիրեալների աշխատանքն է, ովքեր համախմբուել են գաղափարի շուրջ: Նրանց նպատակներն ու արդիւնքները ոգեւորում են շատերին՝ միանալու եւ աջակցելու կառոյցի զօրացմանը: Ուրախութեամբ պէտք է նշենք, որ «Ասպարէզ»ը երեք տարի է հանդիսանում է այս ձեռնարկի տեղեկատուական հովանաւորը: «Նիւ Եորք Լայֆ Ինշուրանս» ընկերութեան ներկայացուցիչ Կարպիս Հեզաջեանը պատմում է, որ հետեւել է միութեան գործունէութեանը եւ որոշել է հովանաւորել ձեռնարկը, քանի որ ոգեւորուած է այն աշխատանքով, որ միութիւնը կատարում է հայ համայնքի համար: Յատկանշական է, որ ձեռնարկին ներկայ էին հանրային ոլորտում աշխատող բազմաթիւ այլազգիներ. նրանք խոստովանեցին, որ ամերիկահայերի միութեան այս ձեռնարկը դարձել է նաեւ իրենց ամենասպասուած տօներից: Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեան աւանդական դարձած տօնական խնջոյքի ընթացքում բաժանուեցին բազմաթիւ թանկարժէք նուէրներ, արհեստավարժ «դիջէյ»ի երաժշտութեան ու պարերի ներքոյ երեկոն շարունակուեց բարձր տրամադրութեամբ:
Հանրային ոլորտի ամերիկահայ աշխատակիցների (AAPSE) միութեանը կարելի է անդամակցել անվճար: Յաւելեալ տեղեկութիւնների համար՝ այցելել MyAAPSE.org կայք: