
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Հորիզոն» հեռուստաընկերութիւնը կրկին եթերում է՝ 18.6 ալիքի անվճար յաճախականութեամբ, որ հեռարձակւում է ամբողջ Հարաւային Քալիֆորնիայում (Free to air 18.6): Համայնքի սիրուած հեռուստաալիքին կարելի է միանալ ալեհաւաքի միջոցով: «Հորիզոն Լայվ» խորագրի ներքոյ ամէն օր, երեկոյեան ժամը 7-9ը կարող էք հետեւել Հայաստանի եւ միջազգային իրադարձութիւնների մասին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան լուրերին, որին յաջորդում են հեղինակային հաղորդումներ՝ հեռուստադիտողին յայտնի, նաեւ նոր հեռուստամեկնաբանների հետ: Երկուշաբթին սկսւում է «Փարոս» հաղորդաշարով, որ վարում է Բալաբեկ Բարսամեանը, Երեքշաբթի՝ տարբեր թեմաների շուրջ հիւրերի հետ զրուցում է ճանաչուած երգչուհի Արաքսիա Վարդերեսեանը: «Հորիզոն Լայֆ»ի եթերում հաղորդման նոր ձեւաչափով է ներկայանում սիրուած մեկնաբան Մանուկ Սէրայտարեանը. քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի շուրջ քննարկումներին ուղիղ հեռախօսակապի միջոցով մասնակից է դառնում նաեւ հեռուստադիտողը: Հինգշաբթի՝ «Խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում Սվետլանա Բոսնոյեանը հանդիպում է արուեստագէտների, մշակութային գործիչների հետ:
«Հորիզոն Լայվ»ի հեռուստաշաբաթն ամփոփում է «Ասպարէզ» հաղորդումը: Ուրբաթ երեկոյեան, ժամը 8ին լրագրող, հեռուստամեկնաբան Նանէ Աւագեանը օրուայ հիւրի հետ միասին անդրադառնում է շաբաթուայ ամենաարդիական թեմային, տեսանիւթերի միջոցով ներկայացնում է համայնքում տեղի ունեցած կարեւոր իրադարձութիւնները: «Ասպարէզ»ը ասպարէզ է տրամադրում բոլորին: Տեղեկատուական-վերլուծական այս հաղորդման նպատակն է՝ իրազեկել եւ տարբեր ոլորտների մասնագէտների միջոցով, համապատասխան վերլուծութեամբ ներկայացնել ընթացիկ տեղական եւ համայնքային նորութիւնները: Հաղորդման նպատակներից է ակտիւացնել կապը համայնքի եւ հայկական կազմակերպութիւնների միջեւ, որոնք իրենց ամէնօրեայ գործունէութեամբ համախմբում ու աջակցում են ամերիկահայերին, ներկայացնել այն հնարաւորութիւնները, որոնք հանրութեան առաջարկում են այդ միութիւնները:
Առաջիկայում նախատեսւում է նաեւ ներկայացնել նահանգի եւ քաղաքապետարանի, կրթական, առողջապահական եւ հանրային այլ ոլորտի ծառայութիւնների մասին նորութիւններ: «Հաղորդումը կրում է համայնքի ամենասպասուած եւ միակ ամէնօրեայ լրատուամիջոցի՝ «Ասպարէզ» օրաթերթի անունը: Դա պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ համայնքի, Հայաստանի եւ միջազգային տեղեկութիւնների համար օգտւում ենք «Ասպարէզ» թերթից»:
«Հորիզոն» հեռուստաընկերութեան շուրջ 15 տարիների համագործակցութիւնը «Մերիդիան ստուդիա»ի հետ շարունակւում է, եւ 18.6 անվճար ալիքով ներկայացւում են նաեւ ժամանցային այլ հաղորդումներ, որոնք հեռարձակւում են նաեւ «Բեսթ Թիւի» հեռուստակայանով՝ Չարթըրի 87րդ ալիքով: Այդուհանդերձ, «Մերիդիան ստուդիա»ի ներկայացուցիչ Մարգարիտա Պետրոսեանի խօսքով՝ ազատ կապուղիներով հեռարձակուող հաղորդումների որակը զգա-լիօրէն բարձր է. «Չարթըր կամ Թայմ Ուորնըր կապուղիները պահանջում են, որպէսզի հաղորդումները համապատասխանեցուեն իրենց տեխնիկական չափանիշներին, ինչի արդիւնքում ունենում ենք որակի կորուստ, մինչ ազատ կապուղու դէպքում, այս դէպքում՝ 18.6 ալիքով մենք ներկայացնում ենք տեսանիւթերը ամբողջական որակով՝ առանց սեղմելու»:
Այսօր, «Հորիզոն» հեռուստաընկերութեամբ հեռարձակւում են բազմաժանր հաղորդումներ, այդ թւում սեփական արտադրութեան՝ «Բարի Լոյս», «Ֆիլմ Դիալոգ», «Միւզիք Բոքս», «Էմ-Սթէյջ», «Էմ-Քլաբ» եւ այլ ժամանցային ծրագրեր, հայկական, ամերիկեան ու միջազգային գեղարուեստական կինոնկարներ, Հայաստանում նկարահանուած գիտահանրամատչելի եւ կրթական հաղորդումներ:
Այսօր «Հորիզոն» դիտելու հնարաւորութիւն են ստացել բազմաթիւ քաղաքներ, ուր հայ բնակչութեան զգալի ներկայութիւն կայ՝ Փասադենա, Մոնթեբելլօ, Սանտա Մոնիքա, Սանտա Բարբարա, Սան Դիեգօ, ինչպէս նաեւ՝ Փալմ Սփրինգս, Օրենջ Քաունթի եւ այլն: «Հորիզոն»ին կարելի է հետեւել նաեւ առցանց՝ YouTube կայքում այցելելով՝ horizonarmeniantv, իսկ տեսաձայնագրութիւնները դիտել նոյն էջի video բաժնում:
Ինչպէս գտնել «Հորիզոն» հեռուստաընկերութիւնը.
Քայլ 1.- Բազմաբնակարան շէնքերի դէպքում, սովորաբար իւրաքանչիւր բնակարանում առկայ է ալեհաւաքին միացուած կաբել (cable), որ անվճար կարելի է միացնել հեռուստացոյցին:
Քայլ 2.- Միացումից յետոյ, «որոնում» (search) ազդանշանը յայտնուելուն պէս հեռակառավարման վահանակով պէտք է փնտրել 18.6 ալիքը:
Ալեհաւաք չունենալու դէպքում, այն կարելի է գնել իւրաքանչիւր խանութից («Բեսթ Բայ» կամ «99 Սենթ», սկսած 9 դոլարից):