ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը յաջորդ տարի պիտի ներկայացնէ Կոմիտաս վարդապետին թաշկինակը՝ մեծանուն բանաստեղծ Չարենցի ծննդեան օրը՝ 13 Մարտին: «Այս թաշկինակը Կոմիտասը ժամանակին նուիրել է դաշնակահարուհի Աղաւնի Մեսրոպեանին: Չարենցը մտերիմ է եղել Մեսրոպեանի հետ եւ պաշտել է Կոմիտասին: Բանաստեղծը մշտապէս գտնւում էր Թիֆլիսում եւ մասնակցում էր այն բոլոր համերգային երեկոներին, որոնց ընթացքում հնչում էին Կոմիտասի գործերը: Մեսրոպեանը եւս Կոմիտաս էր կատարում: Հանդիպումներից մէկի ժամանակ Աղաւնին Չարենցին է ցոյց տուել Կոմիտասի թաշկինակը, որի վրայ Կոմիտասը գրել է «Օ՜, հիասքանչ դու լեզու» երգի տողերը եւ նուիրել նրան: Չարենցը սաստիկ յուզուել է դրանից եւ խնդրել իրեն նուիրել այդ թաշկինակը: Աղաւնի Մեսրոպեանը խոստացել է Երեւան տեղափոխուելուն պէս այն նուիրել Չարենցին, սակայն չի հասցրել իրագործել իր մտադրութիւնը», «Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը:
Պատմական այս թաշկինակին «ուղեւորութիւնը» տակաւին աւարտած չէ: Չարենցի մահէն ետք Աղաւնի Մեսրոպեանը թաշկինակը նուիրած է Չարենցի դստեր՝ Անահիտին: «Սա կարծես հոգու պարտք էր Մեսրոպեանի համար, եւ նա իր խոստումը կատարեց: Այժմ թաշկինակը պահւում է Չարենցի թոռնուհու՝ թանգարանի գիտաշխատող Գոհար Բազեան-æերահեանի մօտ: Պատրաստւում ենք այն առաջին անգամ ցուցադրել՝ Կոմիտասի անձնական իրերի հետ», փոխանցած է Յակոբեան:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.