
Վարեց՝ ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱԼՈՒՄԵԱՆ
«Իսլամացուած հայեր» թեմայով խորհրդաժողովի երկրորդ օրը կայացած «Յիշողութիւն, էթնիկութիւն, կրօն. Դերսիմ» խորագրով քննարկման շրջանակներում «Պահպանուած, բայց՝ արհամարհուած. Դերսիմի հայերը» վերնագրով՝ ալեւի դարձած երկու դերսիմահայ եղբայրների թոռների վերաբերեալ զեկուցմամբ հանդէս եկած լրագրող-գիտնական Գեօքչեն Բ. Դինչը 2006թ. ի վեր ուսումնասիրութիւններ է իրականացնում իսլամացուած հայերի շուրջ: Դինչի հետ զրուցեցինք դերսիմահայութեան եւ ինքնութեան խնդիրների մասին՝ որպէս ելակէտ ընդունելով խորհրդաժողովը:
ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ.- Ըստ ձեզ, ի՞նչ իմաստ է կրում սոյն խորհրդաժողովը:
ԳԵՕՔՉԵՆ Բ. ԴԻՆՉ.- Իսլամացուած հայերը մինչ այժմ Թուրքիայի ամենամեծ թաբուներից մէկն էին, պետութեան հայկական վախի մարմնացումը: Քանզի ամէն պահ մտավախութիւն կար, թէ «այդ մարդիկ իրենց ինքնութեանը վերադառնալով՝ կարող են թիկունքից հարուածել մեզ»: Ազգայնամոլութիւնը նոյնպէս սնուցում էր այդ ահը: Այս խորհրդաժողովը խիստ էական է՝ այդ վախի հետ առերեսուելու, նման մտավախութեան անհիմն լինելը ցոյց տալու առումներով: 2005թ. կայացած Հայկական կոնֆերանսից ի վեր շատ բան է փոխուել: Մարդիկ, հանգիստ կերպով գալով, ունկնդրեցին խորհրդաժողովում ներկայացուած զեկուցումները եւ անկեղծօրէն կիսեցին իրենց փորձն ու ցաւը: Իսլամացուած հայերի համար այս խորհրդաժողովը աւելի կարեւոր էր, քանի որ նրանք գտնւում են այն կէտում, որում հատւում են թուրք՝ մուսուլման եւ հայ՝ քրիստոնեայ ինքնութիւնները, եւ հնարաւորութիւն ունեցան կիսելու այդ միջանկեալ դրութեան յարուցած տրաւման (հոգեբանական խոցը-Խմբ.):
ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ.- Խորհրդաժողովն ինչպիսի՞ արձագանգ կը ստանայ արտերկրում բնակուող հայերի կողմից:
ԳԵՕՔՉԵՆ Բ. ԴԻՆՉ.- Սփիւռքահայերը նոյնպէս միատարր խումբ չեն կազմում եւ, ի հարկէ, տարբեր կարծիքներ ունեն այս խնդրի վերաբերեալ: Սակայն, եթէ հարցին անդրադառնանք հայկական ինքնութեան շուրջ տարածուած տեսակէտի, այսինքն՝ «հայը թուրք եւ մահմեդական չեղողն է» առանցքում, ապա կարող եմ հետեւեալն արձանագրել. նրանց համար իսլամացուած հայերը մարտահրաւէր են եւ հարցականի տակ են դնում հայկական ինքնութեան մասին տարածուած տեսակէտը: Ըստ իս, այդ ինքնութիւնը հարցականի տակ դնելու հնարաւորութիւնը լաւ բան է: Բացի այդ, ես, լինելով մէկը, ով կարծում է, թէ ազգային պետութեան սահմանները խիստ խնդրայարոյց են, համոզուած եմ, որ իսլամացուած հայերի փաստը կարող է կարեւոր եւ դրական նախաձեռնութիւնների տեղիք տալ՝ սահմաններով իրարից զատուած ժողովուրդների փոխառնչուելու առումով: Քանզի ինքնութիւնները միատարր, կարծր եւ անփոփոխ չեն, ինչպէս փորձում են այդպէս սահմանել պետութիւնները: Ինքնութիւնները բազմատարր, բազմաշերտ եւ փոփոխական են. նրանք կարող են փոխուել՝ անգամ ըստ վայրի, ժամանակի, անձի եւ փորձառութեան:
ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ.- Ձեր զեկուցման նիւթը եղած դերսիմահայերն ինչպէ՞ս են առերեսւում ինքնութեան այդ խնդրի հետ:
ԳԵՕՔՉԵՆ Բ. ԴԻՆՉ.- Դերսիմն Օսմանեան կայսրութեան դարաշրջանից ի վեր առանձնայատուկ տարածք է՝ մի շրջան, որը պետութիւնը երբեք չի կարողացել լիովին տիրել: Այնտեղի հայկական փորձը ինքնին ուշագրաւ պատմութիւն է: Համարւում է, որ դերսիմցիները 1915թ. պաշտպանել են հայերին: Ասում են, թէ Էրզինջանի (Երզնկա-«Ակունք») միջով կառուցուած գետնափոր թունելով 20-30 հազար հայ Դերսիմից Ռուսաստան է փախել: Միւս կողմից, Դերսիմում ապրող հայեր էլ կան, որոնց հայրենի երկիրը հէնց Դերսիմն է. դա ըմբռնում ենք գիւղերի անուանումներից, եկեղեցիների աւերակներից: Այս տարածքի մարդիկ միասին են ապրել տեղի տրաւմաները՝ 1937-38թթ. կոտորածը, յեղաշրջումները, ահաբեկչութիւնը, պետութեան գործադրած անհատնում բռնութիւնները: Շատերը տարբեր ժամանակներում, ընդհանուր առմամբ, ճնշումների պատճառով, երբեմն էլ՝ կամաւոր կերպով փոխել են իրենց ինքնութիւնը եւ ալեւի դարձել: Սակայն նրանք թէ ժողովրդի եւ թէ պետութեան կողմից ենթարկուել են խտրականութեան: Քանի որ նրանց ամէն պահ յիշեցուել է, որ մի ժամանակ հայ են եղել, նրանք անընդհատ հանդիպել են ինքնութեան մասնատման խնդրին: Թէեւ հայերէն չգիտեն, քրիստոնեայ չեն, դաստիարակուել են որպէս ալեւի, բայց խտրականութիւնը երբէք չի դադարեցուել: Նրանց յետեւից, որպէս վիրաւորանք, «հայ» են գոռացել, որովհետեւ, դժբախտաբար, Թուրքիայում որեւէ մարդու հայ անուանելը վիրաւորանք է համարւում: Վերջին տարիներին նրանցից ոմանք, մկրտուելով եւ անուանափոխուելով, վերստին հայ են դառնում, ոմանք այլեւս ուզում են ալեւի մնալ, ոմանք էլ իրենց ոչ ալեւի են բնորոշում, ոչ հայ, ոչ էլ քուրդ, այլ՝ որպէս մարդ կամ յեղափոխական: Այս բոլոր պատճառներով, ինչպէս որ քիչ առաջ էլ նշեցի, ինքնութիւնների ներթափանցման, փոփոխականութեան, բազմաշերտութեան տեսանկիւնից Դերսիմի հայերն ուշագրաւ օրինակ են: «Աթէիստ» հայ էլ կայ, «յեղափոխական» հայ էլ, «քուրդ ալեւի» հայ էլ… Եթէ խնդրին անդրադառնանք ալեւի ինքնութեան համատեքստում, ապա կ՛արձանագրենք, որ Դերսիմի հայերը նոյնիսկ իսլամացուած հայեր չեն, որովհետեւ Դերսիմի ալեւիականութիւնը շատ տարբերւում է Անատոլիայի ալեւիականութիւնից եւ չի պատսպարւում մահմեդականութեան քօղի տակ: Թէեւ ինքնութիւնները շատ բազմաշերտ են, սակայն իշխանութիւնն անշուշտ չի ցանկանում, որ դրանք այդ կերպ ներթափանցեն իրար մէջ, եւ ինչ որ իմաստով ինքնութեան սահմաններն անորոշ դառնան: Քանզի ռեժիմի պահպանման համար մարդը չպէտք է առանց ինքնութեան լինի, կամ նրա ինքնութիւնը չպէտք է անորոշ լինի. ռեժիմն անհատի վրայ ճնշում է գործադրում՝ «Ասա՛, թէ որտեղի՞ն ես պատկանում» հարցնելով:
ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ.- Դուք, լինելով մէկը, ով նախորդ տարիներին բազմիցս Դերսիմ այցելելով՝ հանդիպումներ է ունեցել այնտեղի մարդկանց հետ, ի՞նչ էք կարծում այն հարցի մասին, թէ դերսիմահայութեան առումով ինչ փոփոխութիւններ կը լինեն ժամանակի ընթացքում:
ԳԵՕՔՉԵՆ Բ. ԴԻՆՉ.- Ասեմ՝ մէկ օրինակով: Երբ երեք տարի առաջ առաջին անգամ Դերսիմ էի գնացել, ժամերով զրուցել էի մի մարդու հետ: Նա եկել էր այս խորհրդաժողովին մասնակցելու, եւ այստեղ նորից հանդիպեցի նրա հետ: Թէեւ այն ժամանակ ժամերով խօսել էինք իրար հետ, սակայն այդ ընթացքում ո՛չ թողել էր, որ ձայնագրիչս միացնեմ, ո՛չ էլ՝ յետագայում իր պատմութիւնը գրի առնեմ: Այն ժամանակ նա ինձ ասել էր. «Դերսիմը նման չէ Թուրքիայի այլ վայրերին. հիմա վաղաժամ է հայկականութեան քննարկման համար»: Այժմ այնքան բան է փոխուել, որ ինքը չէր նախընտրել խորհրդաժողովը համացանցի միջոցով դիտելու, այլ ուղղակի եկել էր մասնակցելու: Այլեւս շատերն աւելի հանգիստ են կարողանում խօսել իրենց հայկական արմատների մասին: Հայկականութիւնը Դերսիմի տարածքում վերածուել է մի նիւթի, որի շուրջ շատ են մտածում, ուսումնասիրութիւններ անում եւ որով շատ են հետաքրքրւում: Պէտք է խոստովանենք, որ դրան նպաստել է նաեւ Դերսիմի հայերի միութիւնը, չնայած որոշ խնդիրների առկայութեանը: Քանզի նախկինում ոչ ոք չէր լսել դերսիմահայութեան մասին, եւ միակ բանը, որ գիտէին նրանց վերաբերեալ, Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաչօղլուի՝ «Ալեւի քրդերը հայ են» խտրական, սպառնալից արտայայտութիւնն էր եւ թշնամական պնդումները:
ՕԶԳԻՒՆ ՉԱՂԼԱՐ.- «Պէտք է քննարկուեն նաեւ հայկականութեանը պատկանող այլ ներքին մշակոյթները»:
ԳԵՕՔՉԵՆ Բ. ԴԻՆՉ.- «Հայկական» ինքնութիւնը, ընդհանրապէս, սահմանւում է որպէս «թուրք եւ մուսուլման չեղող» կամ «քրիստոնեայ»: Սակայն իրականում միայն քրիստոնեայ ասելով՝ հնարաւոր չէ հայերին լիովին բնորոշել, որովհետեւ հայերի քրիստոնէութեան մէջ եւս տարբեր շերտեր են առկայ՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական հայեր… Սոյն խմբերը բաւարար չափով ճանաչուած չեն. չեն խօսում դրանց պատմութեան մասին, պետութեան, այլ հանրութիւնների եւ միմեանց հետ փոխառնչութիւնների, զանազան դինամիկաների շուրջ: Օրինակ, շատ քիչ մարդ կայ, ով տեղեակ է, թէ Օսմանեան պետութիւնն ինչպէս եւ ինչու է արգիլել հայերի կաթոլիկացումը: Պետութիւնը պետութիւն է մնում. ըստ իր քաղաքական շահերի՝ ձգտում է հասարակութիւնների վրայ տիրապետութիւն հաստատել, սակայն ժողովուրդները եւ իշխանութեանը դիմադրելու ձեւերը տարբեր են: Քրիստոնէութեան ներքին ինքնութիւնների վերաբերեալ ուսումնասիրութիւնները մեզ ցոյց կը տան, թէ ինչ զանազան ճակատագրեր են ունեցել այդ ինքնութիւնները պատմութեան ընթացքում, եւ կ՛աւելանան հայկականութեան մասին մեր տեղեկութիւնները: Յուսով եմ, երբ նման ուսումնասիրութիւնները շատանան, մեր երկրում «հայ» բառն այլեւս չի գործածուի որպէս վիրաւորանք:
«Ակունք»
————————————————————————————————————
Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւնը
Կը շնորհաւորէ համայն հայութեան
Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը
ցանկալով բոլորին քաջառողջութիւն եւ ամենայն բարիք
—————————————————-
Սիրվարդ Շաքարեանի Յիշատակին
Գէորգ եւ Թալին
Շաքարեաններ
Սեւան, էլլա
եւ Քլարա