ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Վերջին 5 տարիների վիճակագրութեան տուեալների համաձայն՝ Գլենդելում աւտովթարի զոհ են դարձել 14 անձինք, որոնց 86 տոկոսը հայեր են, 7 տոկոսը՝ սպիտակամորթներ, մնացեալ 7 տոկոսը՝ կորեացիք: Զոհերի մի զգալի մասը տարեցներ են: Մարդու սիրտ է ճմլւում, երբ կարդում է այսպիսի փաստերի մասին: Նմանօրինակ տուեալները պարզապէս պարտադրում են բոլորիս աւելի հանգամանօրէն անդրադառնալու իրավիճակին, առաջիկայ հնարաւոր պատահարները կանխելու մտադրութեամբ: Ոմանք կ՛ասեն՝ ճակատագրից փախուստ չկայ: Սակայն թոյլ տուէք այստեղ մատնանշել, թէ որքան կարեւոր է փողոցային եւ երթեւեկութեան կանոններին զգօն կերպով հետեւելը, եւ ճակատագիրն էլ կարող է ինչ որ ձեւով ընդառաջ գալ անձին:
Երբեմն Գլենդելում ինքնաշարժ վարելիս պարզապէս սարսափում եմ՝ տեսնելով, թէ որքան է շատացել «թեքստ» անող վարորդների թիւը: Բջջային հեռախօսը (ցաւօք) դարձել է մեր առօրեայի անբաժանելի մասնիկը, ու շատերս ենք ընկնում ակամայ տագնապի մէջ, երբ որ ինչ-ինչ պատճառներով մոռանում ենք կամ կորցնում հեռախօսը: Բայց ընդամէնը մի քանի տարի առաջ հանգիստ ապրում էինք առանց այդ «յարմարութեան»: Այժմ ամէն րոպէ հասանելի լինելու գայթակղութիւնը ստիպում է շատերիս ամէն րոպէ հեռախօսը աչքի առաջ պահել, իսկ ոմանց մօտ դա այնպիսի աստիճանի է հասել, որ նոյնիսկ մեքենայ վարելիս են փորձում իրենց հաղորդակցութիւնը անընդհատելի դարձնել: Ես չգիտեմ, թէ վերը նշուած չարաբաստիկ դէպքերի պատճառներից որոնք են բջջային հեռախօս օգտագործողի մեղքով եղել, բայց առիթը չեմ ուզում փախցնել ու բոլորիս, այդ թւում նաեւ ինքս ինձ, խորհուրդ տալ, որ անկախ ՈՐԵՒԷ հանգամանքից, պէտք է հեռախօսը հեռու պահել, երբ մեքենայ ենք վարում: Ոչ մի խելացի վարորդ չի ցանկանայ պատճառ դառնալ հետիոտնի մահուան: Եւ խօսքս ոչ միայն օրինական հետեւանքներից խուսափելու մասին է, այլ նաեւ բարոյահոգեբանական այն ծանր բեռի, որ պարտաւոր կը լինենք կրել մինչեւ կեանքի վերջ, եթէ վնասենք հետիոտնին ընդամէնը այն պատճառով, որ ցանկանում ենք րոպէ առաջ կապ հաստատել այս կամ այն անձի հետ:
Մեր պարտականութիւնն է նաեւ մեծահասակների հետ զրուցել, յատկապէս նրանց հետ, ովքեր ակտիւ կեանքով են ապրում, որ փողոցը կտրելու «հայկական» տարբերակը չափազանց վտանգաւոր է: Չնայած, սխալ կը լինի անցումները անտեսելու գաղափարը զուտ հայկական պիտակելը: Ինձ բախտ է վիճակուել վկայ լինելու, թէ ինչպէս են փողոցները կտրում զարգացած եւրոպական մի շարք քաղաքներում, ու պարզապէս ապշել եմ:
Լոնդոնում միակ անձինք, ովքեր սպասում էին անցորդների՝ փողոցը կտրելու ազդանշանին, ամերիկացիներն էին: Տեղաբնակ՝ մեծ թէ փոքր, կտրում էին փողոցը երբ պատահի, որտեղ պատահի: Իմ կողքին կանգնած զոյգին հարցրի, թէ որտեղի՞ց էին: Պարզուեց՝ Սան Ֆրանսիսքոյից զբօսաշրջիկներ էին: Հարաւային Իսպանիայում նոյն պատկերն էր: Էլ չեմ ասում, թէ ինչպիսի իրավիճակ է Երեւանում: Այս մասին բազմիցս յիշատակել եմ: Պատկերը վերլուծելիս, ակամայ եկայ այն եզրահանգմանը, որ գաղթականների մի մասը իներցիայով շարժւում է «հին» նիստուկացով, այդ թւում նաեւ փողոցը կտրելու իրենց սովորութեանը տուրք տալով: Այդ իսկ պատճառով, յատկապէս տարեցներին խորհուրդ տալը, թէ այստեղ իրավիճակը տարբեր է, բնաւ էլ ամօթ չէ: Եւ այդ խորհուրդը կրկնելն էլ ամօթ չէ, քանի որ այն պէտք է արմատաւորուի ու սովորութիւն դառնայ: Նախընտրելի կը լինէր հայերէն լեզուով մի փոքրիկ ձեռնարկ պատրաստել, ուսուցողական նպատակով, որպէսզի մեր տարեցները կարդային ու հետեւէին օրէնքներին: Իմ մանկավարժական փորձառութիւնը թոյլ է տալիս ենթադրելու, որ այդ ձեռնարկը ոչ միայն օրէնքների հաւաքածոյ պէտք է լինի, այլ նաեւ յագեցած՝ իրական պատմութիւններով, որ մարդկանց համար հարազատ լինի, ու մի կողմ չդնեն այն՝ որպէս օրէնքների եւս մի տարափ: Ճիշդ մատուցման ձեւը գտնելը իւրաքանչիւր նիւթ իւրացնելու յաջողութեան գրաւականն է: Այս առումով, գովելի է Հայ Դատի յանձնախմբի վերջերս կազմակերպած միջոցառումը, թէժ նիւթը լուսաբանելու կապակցութեամբ: Այսպիսի միջոցառումների յաճախականութիւնը պէտք է բազմապատկել, ու հայկական բոլոր հասարակական կազմակերպութիւնները պէտք է կցուեն այս գործին:
Աւելորդ չէր լինի նաեւ դպրոցական միջավայրում նման հանդիպումներ կազմակերպելու մասին մտածելու գաղափարը կեանքի կոչել: Դեռ վաղ հասակից երեխաների մէջ երթեւեկութեան օրէնքները յարգելու անհրաժեշտութիւնը պէտք է սերմանել, եւ եթէ նմանօրինակ քայլերը կարող են կանխել թէկուզ եւ մէկ անցանկալի դժբախտ դէպք, ապա կարելի է ձեռնարկուած քայլերը յաջողութիւն համարել: