
ԾԱՂԿԱՁՈՐ, «Արմէնփրէս».– Ծաղկաձորի մէջ ընթացք առին Համահայկական առաջին ձմեռնային խաղերը, որոնց բացման ներկայ էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը։ Ողջոյնի իր խօսքին մէջ ան ըսաւ. «Իր 15ամեայ պատմութեան ընթացքում ընդլայնելով աշխարհագրութիւնը եւ աւելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են յուշում. այս խաղերը պահանջուած են: Համահայկական խաղերը մեզ համար կարեւոր նշանակութիւն ունեն: Ակնյայտ է, որ այս խաղերն ամրապնդում են հայրենիք-Սփիւռք կապը: Ես յաջողութիւն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցութիւն, թէժ պայքար եւ մարզական յաջողութիւն»:
Ողջունելով ներկաները՝ Համահայկական խաղերու կազմակերպիչ կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանը վերյիշեց առաջին Համահայկական խաղերը, որոնք մեծ դեր ունեցան Հայաստան-Սփիւռք կապերու ամրապնդման իմաստով: «Հաճելիօրէն զարմացած ենք Համահայկական առաջին ձմեռային խաղերի մասնակիցների քանակից: Շուրջ 400 մասնակից 11 պետութիւններից, 22 քաղաքներից: Սա անակնկալ էր նաեւ մեզ համար, քանզի Հայաստանը, եւ կարծում եմ՝ նաեւ Սփիւռքը այդքան լաւ աւադոյթներ չունեն ձմեռային մարզաձեւերում: Բայց, եթէ ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանութեամբ, ապա յաջորդ խաղերին մասնակիցների թիւը կը հատի հազարի սահմանագիծը», նշած է Զաքարեան:
Համահայկական ձմեռնային առաջին խաղերուն կրակը վառեց Ողիմպիական խաղերու ախոյեան Իսրայէլ Միլիտոսեան, իսկ մարզիկներուն անունով ողիմպիական երդումը տուաւ Սոչիի Ձմեռնային ողիմպիական խաղերու մասնակից Արման Սերեբրակեան:
Պիտի տրուի 39 մետալ, 1 բաժակ: Խաղացանկին մէջ կան երեք մարզաձեւեր՝ դահուկ, լեռնադահուկ, եւ «սնոպորտ», որոնք տեղի պիտի ունենան Ծաղկաձորի մէջ, իսկ «հաքի»ի մրցաշարքը՝ Երեւանի: