
Ապրիլի 8ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները քուէարկութեամբ՝ Զարեհ Սինանեանին ընտրեցին քաղաքապետ: Ընդամէնը մէկ տարի առաջ ընտրուելով քաղխորհրդի անդամ, Սինանեանն իր ակտիւ եւ արդիւնաւէտ գործունէութեան, նուիրուած աշխատանքի շնորհիւ այսօր արժանացաւ գործընկերների բարձր գնահատականին: «Զարեհ Սինանեանն այն գործիչն է, ով գիտի թէ որն է ճիշդը, տիրապետում է իրավիճակին եւ կարողանում է համարժէք լուծումներ գտնել», իր խօսքում նշեց քաղխորհրդի անդամ Ֆրենկ Քինտերօն: Սինանեանի աշխատանքը դրուատեց նաեւ քաղաքապետ Դէյվ Ուիվերը: Հարկ է նկատել, որ Գլենդելի կառավարող մարմնի գործընթացում հազուադէպ է, երբ մէկ տարում քաղխորհրդի անդամն ընտրւում է քաղաքապետ: Զարեհ Սինանեանի պարագային եւս մէկ բացառիկ հանգամանք կայ. Սինանեանն ԱՄՆում ընտրուած առաջին հայ քաղաքապետն է, ով ծնուել է Հայաստանում:
Շնորհակալութիւն յայտնելով ընտանիքին ու գործընկերներին, Զարեհ Սինանեանը ներկայացրեց իր առաջիկա ռազմավարութիւնը մի շարք հարցերի շուրջ: «Մեր համատեղ ջանքերն ուղղուած են լինելու Գլենդելը դարձնել այնպիսի քաղաք, որտեղ ընտանիքները կը բարգաւաճեն, որտեղ ծնողները կը տեսնեն իրենց երեխաների ապագան, երիտասարդները կը ցանկանան բնակուել՝ համոզուած լինելով, որ քաղաքն անվտանգ է, կենսամակարդակը բարձր է, արուեստի ու ժամանցի համար կան համապատասխան պայմաններ: Միաժամանակ, շարունակելու ենք աշխուժացնել բիզնես մթնոլորտը՝ գործարարների համար ստեղծելով գրաւիչ միջավայր», յայտնեց նորընտիր քաղաքապետը: Զարեհ Սինանեանը նաեւ խոստացաւ քաղաքապետարանի գործունէութիւնը դարձնել առաւել բաց եւ թափանցիկ բնակիչների եւ գործարարների համար. «Մեր առաջնային նպատակը պէտք է լինի, որ բոլոր գլենդելցիներն անխտիր հնարաւորինս ներգրաւուեն քաղաքի կեանքում, եւ որ նրանցից իւրաքանչիւրի կարծիքն ու կարիքները պարզ եւ լսելի լինեն մեզ համար», նշեց Սինանեանը: Նա նաեւ յայտարարեց, որ մեծ աշխատանք է տարուելու տարեցների եւ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վիճակն էականօրէն բարելաւելու ուղղութեամբ: Ըստ այդմ, նախատեսւում է նուազեցնել ծախսերն ու արժէքները՝ միաժամանակ պահպանելով ծառայութիւնների մակարդակը:
Զարեհ Սինանեանի համառօտ կենսագրութիւնը.
Զարեհ Սինանեանը ծնուել է Հայաստանում, Երեւանում: 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխուել է Միացեալ Նահանգներ, որտեղ սովորել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանում (UCLA)՝ ստանալով քաղաքագիտութեան եւ պատմութեան բակալավրի աստիճան, այնուհետեւ՝ Իրաւագիտութեան դոկտորի կոչում Հարաւային Քալիֆորնիայի համալսարանից (USC): 2001 թուականից Զարեհ Սինանեանն աշխատում է որպէս իրաւաբան՝ մասնագիտացած քաղաքացիական հարցերում: 2013թ.ի Ապրիլին ընտրուել է Գլենդելի քաղխորհրդի անդամ: