ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Մայիսի երեսունին, երեկոյեան ժամը 7ին, «Մկրտչեան» ցուցասրահում կը բացուի մեծանուն հայ գեղանկարիչ Էդուարդ Արծրունեանի անհատական ցուցահանդէսը: Էդուարդ Արծրունեանը ակադեմիական կրթութիւնը ստացել էր Սանկտ Պետերբուրգում, այնուհետեւ ապրել եւ ստեղծագործել է Մոսկուայում, սակայն հայրենիքի նկատմամբ սէրը 1974թ.ին Արծրունեանին ընդմիշտ վերադարձնում է Հայաստան:
Արծրունեանի կտաւներում արտացոլուած է հայ մարդու կենցաղն ու կեանքը: Արծրունեանի գործերին նայելով անհնար է չտեսնել այն սէրն ու ջերմութիւնը, որ նկարիչը զգում էր իր հայրենիքի նկատմամբ: Արծրունեանը լինելով իր ժամանակի ամենատաղանդաւոր նկարիչներից մէկը, մշտապէս հաւատարիմ մնաց իր կեանքի եւ հայրենիքի գոյներին՝ գոյներ, որոնք երբեք չես շփոթի, գոյներ, որոնք միայն արծրունեանական են:
Էդուարդ Արծրունեանի աշխատանքները ներկայացուած են «Տրետեակովեան» պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երեւանի Ժամանակակից արուեստների թանգարանում, ինչպէս նաեւ բազմաթիւ անհատական հաւաքածուներում:
ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունեանը ունեցել է բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ աշխարհի տարբեր երկրներում:
«Մկրտչեան» ցուցասրահը եզակի արուեստի կենտրոն է, որ մշտապէս ներկայացնում է հայ մեծանուն նկարիչների: Բաց մի թողէք Մայիսի 30ից Յունիսի 20ը՝ Արծրունեանի կտաւների միջոցով տեղափոխուելու հայրենիք, վայելելու հայրենիքի բոյրն ու համը, ինչը այդքան իրական ներկայացուած է նկարչի գործերում:
Ցուցադրութեան սկիզբը Մայիսի 30ին, երեկոյեան ժամը 7ին, «Մկրտչեան» ցուցասրահում:
Հասցէ՝ 117 N. Maryland Ave., Glendale, CA: