ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Հայաստանը մանկական մահացութեան ամենացածր ցուցանիշներ ունեցող ԱՊՀ երկրների շարքում չորրորդն է», դիտել տուած է Հայաստանի առողջապահութեան նախարարութեան աշխատակազմի մօր եւ մանկան վարչութեան պետ Կարինէ Սարիբէկեանը 24 Յունիսին կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին։
Անոր համաձայն՝ ԱՊՀ երկիրներու ցանկին մէջ առաջին հորիզոնականները կը գրաւեն Ռուսիան, Պելոռուսը եւ Ուքրանիան, ուր մանկական մահացութեան ցուցանիշները ամէնէն ցածը նկատուած են:
«Ի դէպ, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը մօտ 11.2 պրոմիլլէ է (1000 կենդանի ծնունդների հաշուարկով), իսկ Եւրոպայինը՝ ընդամէնը 6.9: Ինչ վերաբերում է Հայաստանի տուեալներին, 90ական թուականներին մանկական մահացութեան ցուցանիշը երկրում եղել է 18.6 պրոմիլլէ, իսկ նախորդ տարուայ ցուցանիշը՝ 9.8 պրոմիլլէ: Այսինքն, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշից մեր ցուցանիշը աւելի ցածր է, բայց Եւրոպական երկրների ցուցանիշին դեռ չենք հասել», յայտնած է Սարիբէկեան:
Ըստ անոր՝ աշխարհին մէջ տարեկան կը մահանայ մօտ ութ միլիոն երեխայ, որոնց երկու երրորդը կը մահանայ նախքան մէկ տարեկան ըլլալը։ Անոնց մէկ երրորդը կը մահանայ կեանքի առաջին ամսուան ընթացքին, իսկ երկու երրորդը՝ կեանքի առաջին շաբաթուան:
«Ի դէպ, հազարամեակի նպատակներից մէկն է նաեւ մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացութեան ցուցանիշների կրճատումը մինչեւ 10 պրոմիլլէ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաներինը՝ մինչեւ 8 պրոմիլլէ: Հայաստանին կարծես թէ բաւական քիչ է մնացել՝ այդ ցուցանիշներին հասնելու համար», յայտնած է ան։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.