Վարեց՝ ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ
Panorama.am-ը ներկայացնում է հարցազրոյց Քալիֆորնիայի «Բըրքլի» համալսարանի Հայագիտութեան ամբիոնի ղեկավար, պատմաբան Ստեփան Աստուրեանի հետ: Դոկտոր Աստուրեանի հետ զրուցել ենք Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին առնչուող մի շարք հարցերի շուրջ:
ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Դոկտոր Աստուրեան, ինչպէ՞ս էք գնահատում ՀՀ ներկայիս քաղաքականութիւնը Թուրքիայի հանդէպ: Ինչպէ՞ս էք գնահատում ընդհանրապէս Ցեղասպանութեան հարիւրամեակի համար նախատեսուած ծրագիրը:
ԴՈԿՏ. ՍՏԵՓԱՆ ԱՍՏՈՒՐԵԱՆ.- Թուրքիայի հանդէպ վարած Հայաստանի ներկայիս քաղաքականութիւնը միանգամայն համապատասխանում է եւ ըստ էութեան շարունակում է Ցիւրիխում կնքուած հայ-թուրքական արձանագրութիւնների տրամաբանութիւնը: Այս արձանագրութիւնները, որոնք պարունակում էին շատ մեծ զիջումներ Հայաստանի կողմից՝ Թուրքիայի կողմից սահմանի բացման փորձի դիմաց, հէնց սկզբից էլ դատապարտուած էին: Դրանք դատապարտուած են առ այսօր:
Դժուար է որեւէ բան ասել հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի ծրագրի մասին, քանի որ ես տեղեակ չեմ այդ ծրագրի մասին, եթէ այդպիսին ի հարկէ գոյութիւն ունի: Չնայած այս հարցով զբաղուող պետական յանձնաժողովը հանդիպել է երեք անգամ, այն ոչ մի ծրագիր չի հրապարակել: Այն ամէնն, ինչ մենք ունենք այս պահի դրութեամբ, միայն լօգօ է եւ փոքր ինչ անհասկանալի նշանաբան: Քաջատեղեակ լինելով Սան Ֆրանսիսքօ Բէյ-ում Ցեղասպանութեան հարիւրամեակի կազմակերպման կոմիտէի գործունէութեանը՝ ես կարող եմ ասել, որ այստեղ ոչինչ հնարաւոր չէր լինի ժամանակին հասցնել կազմակերպել, եթէ մեր համայնքի առաջնորդները նախապատրաստական աշխատանքները սկսած չլինէին դեռեւս 2013թ.ի վերջերից:
ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում այն փաստը, որ ՀՀ նախագահը հրաւիրել է Թուրքիայի նախագահին 2015թ.ին ներկայ գտնուելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի յիշատակման արարողութիւններին: Ի՞նչ արդիւնք կարելի է ակնկալել այս հրաւէրից:
ԴՈԿՏ. ՍՏԵՓԱՆ ԱՍՏՈՒՐԵԱՆ.- Թուրքիայի նախագահին 2015թ.ին Հայաստան հրաւիրելը լաւագոյն դէպքում կարելի է համարել փոքր մարտավարական քայլ՝ ուղղուած արտաքին լսարանին: Թուրքիան ունի յստակ քաղաքականութիւն, եւ այս հրաւէրը չի ստիպելու նրան փոխել այդ քաղաքականութիւնը: Թուրքիան չի պատրաստւում վտանգի տակ դնել իր ուժեղ ռազմավարական կապերը Ադրբեջանի հետ՝ հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու համար: Բացի այդ, դժուար թէ Նախիջեւանի սահմանի մօտ վերջերս տեղի ունեցած ագրեսիան, որը հայկական կողմում զոհերի պատճառ հանդիսացաւ, կարող էր տեղի ունենալ առանց Թուրքիայի նախնական իմացութեան եւ համաձայնութեան: Այս համատեքստը հաշուի առնելով՝ լաւագոյն դէպքում Թուրքիան կարող է մի որեւէ երկիմաստ ժեստ կամ յայտարարութիւն անել 2015թ.ին, ոչ աւելին:
ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Ձեր կարծիքով ո՞ր խնդիրը պէտք է լինի առաջնայինը Սփիւռքի օրակարգում 2015թ.ից յետոյ: Չէ՞ք կարծում արդեօք, որ հարկ է Սփիւռքում կարեւորել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը նոյնքան, որքան կարեւորւում է Ցեղասպանութեան ճանաչման հարցը:
ԴՈԿՏ. ՍՏԵՓԱՆ ԱՍՏՈՒՐԵԱՆ.- «Սփիւռք»ը ինքնին բարդ երեւոյթ է, որը կազմուած է շատ տարբեր համայնքներից եւ ունի տարբեր կազմակերպման մակարդակներ: Հետեւաբար, «սփիւռք» ընդհանուր տերմինը օգտագործելը կարող է շփոթութիւն առաջացնել: Իմ կարծիքով Սփիւռքի համայնքների առաջնային խնդիրն է ապահովել իրենց գոյութիւնը եւ օգնել Հայաստանին տարբեր միջոցներով: Զուտ տնտեսական տեսանկիւնից, սակայն, սփիւռքահայ ներդրողների դառը փորձը վերջին քսան տարիների ընթացքում փաստում է, որ Հայաստանում չեն լինի լուրջ տնտեսական ներդրումներ, քանի դեռ օրէնքի գերակայութիւնն ու դատական համակարգի անկախութիւնը երաշխաւորուած չեն պետութեան կողմից:
Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրն արդէն տարիներ շարունակ օրակարգային թեմա է Սփիւռքի մի քանի համայնքների համար, մասնաւորապէս՝ ԱՄՆում: Իրական հարցը սակայն հետեւեալն է. ինչո՞ւ պէտք է օտար երկրները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, եթէ ՀՀն ինքը դեռեւս այն չի ճանաչել: Այսպիսով, ԼՂՀ ճանաչման խնդրին առաջին հերթին Հայաստանի Հանրապետութիւնն ու Լեռնային Ղարաբաղը պէտք է ձեռնամուխ լինեն, քանի որ դա որոշիչ է լինելու իրենց, եւ ո՛չ թէ Սփիւռքի ապագայի համար:
ՆՈՒԱՐԴ ՉԱԼԻԿԵԱՆ.- Դոկտոր Աստուրեան, դուք վերջերս դասախօսութիւն էք կարդացել Հայաստանի Ամերիկեան համալսարանում 1905-1906 թուականների հայ-թաթարական պատերազմի թեմայով: Ինչո՞վ են կարեւորւում այս պատմական իրադարձութիւններն այսօր եւ որքանո՞վ կարող են դրանք բացատրել այսօրուայ հայ-ադրբեջանական հակամարտութեան պաճառները:
ԴՈԿՏ. ՍՏԵՓԱՆ ԱՍՏՈՒՐԵԱՆ.- 1905-1906 թուականների այս իրադարձութիւնները սկիզբ դրեցին կովկասեան հայերի եւ այդ ժամանակուայ թաթարների կամ հարաւկովկասեան մուսուլմանների միջեւ թշնամանքի: Այս թշնամանքը, ինչպէս նաեւ այլ հակամարտութիւնները, որ տեղի էին ունենում կովկասեան հանրապետութիւնների անկախութեան ժամանակաշրջանում, շատ էական դեր խաղացին ադրբեջանցիների ինքնութեան յետագայ զարգացման համար, որը ձեւաւորուեց հիմնականում սովետական ժամանակաշրջանում: Ի դէպ, Լեռնային Ղարաբաղն արդէն իսկ կենտրոնական դեր ունէր հայ-թաթարական պատերազմում:
Panorama.am