Վերջերս Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ)ի գործերով Արցախ էր ժամանել այս կառոյցի ԱՄՆի Արեւմտեան շրջանի գրասենեակի ընդհանուր հաշուապահ-հաշուեքննիչ, 2010թ. նաեւ այդ նոյն գրասենեակի ընդհանուր տնօրէն, ՀՀում եւ ԼՂՀում միութեան աշխատանքները համակարգող, բարեգործ Ժասմեն Բունիաթեան-Ջառահեանը, ում հետ զրուցեցինք Արցախ գալու նպատակի եւ այլ հարցերի շուրջ:
Տիկին Ժասմենին հանդիպեցինք իր տանը, որը գտնւում է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գիւղում՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հարեւանութեամբ: Դա լաւ առիթ էր նաեւ պատմական էքսկուրսիա կատարելու համար…
Գիւղն իսկապէս ծաղկաշատ էր, Նիկոլ Դումանի վերանորոգուած տուն-թանգարանն էլ մերձակայ նոյնպէս վերանորոգուած տների ու տարածքի հետ զուգորդւում էր դրախտային հանգստեան գօտու հետ: Այնքա՛ն ճիշդ էին կատարուած վերանորոգման աշխատանքները. ամէնուրեք պահպանուած էր հնաոճ ճարտարապետական տեսքը, անգամ փայտէ ճաղաշարերի գոյնը չէր յիշեցնում մեր օրերում պատրաստածի մասին: Բոլոր այդ տների բակերը բարեկարգուած, բայց՝ նոյնպէս գիւղական ոճի մէջ: Աչք էին շոյում հնաոճ թոնիրը, օջախը, գիւղական ձեւի ճօճանակը, դրսում դրած սեղանները…
Նման գիւղական հնաոճ վայրում ԱՄՆ քաղաքացու ապրելու ցանկութիւնը տիկին Ժասիկի (նրան բոլորն այդպէս են անուանում) կերպարը դարձրեց է՛լ աւելի հետաքրքիր: Յատկապէս՝ որ նրա միջամտութեամբ եւ հովանաւորութեամբ է հնարաւոր եղել վերանորոգել այդ ամբողջը:
Տիկին Ժասիկն ուղղակի ապրում է Արցախով՝ ուրախանալով նրա ամէն մի յաջողութեամբ: «Արցախեան շարժումը զարթօնք էր բոլորիս համար: Միշտ զբաղուել եմ հայութեան գործերով, բայց Շարժումն ընդգծեց նպատակները, դարձրեց այն տեսանելի», մի այլ ոգեւորութեամբ ասաց նա՝ շարունակելով. «Շարժումը մի նոր իմաստ տուեց ազգանպաստ գործունէութեանը, լիցք եւ եռանդ հաղորդեց հայութեանը: Հոգիներս խանդավառուեցին, ու զգացինք, որ կարեւոր անելիք ունենք: 1991թ. ՀՕՄի գործերով առաջին անգամ Հայաստան եկայ: ՀՕՄի ծրագրով՝ կապուած հաշմանդամների հետ եւ մշակուած Իրանահայ միութեան կողմից, 1995թ. եկայ Արցախ: Սիրտս մղկտաց վշտից ու աւերածութիւններից: Սիրեցի այս հպարտ ու ազատատենչ ժողովրդին, եւ իմ կեանքը կապեցի Արցախի բարգաւաճման հետ: Այն, ինչ տեսնում եմ ամէն գալով, ապշեցուցիչ տպաւորութիւն է թողնում. յիշողութեանս մէջ տպաւորուած յետպատերազմեան ահռելի պատկերի, այսօրուայ գեղատեսիլ Ստեփանակերտի եւ բարեկարգուող Արցախի միջեւ տարբերութիւնը պարզապէս զարմացնում է, թէ ինչպէս այդ փոքրիկ երկիրն իր սուղ հնարաւորութիւններով եւ այդքան կարճ ժամանակում կարողացաւ ոտքի կանգնել: Ես շատ բարձր եմ գնահատում իշխանութիւնների եւ ժողովրդի նման ջանքերը»:
Հարց ուղղուեց Ծաղկաշատի հետ կապուած գործունէութեան մասին, եւ տիկին Ժասիկը պատմեց, թէ ինչպէս հերթական այցի ժամանակ, երբ հետաքրքրուեց օգնութիւն ցուցաբերելու հարցով, Սերգէյ Շահվերդեանը եւ Դաւիթ Իշխանեանը տեղեկացրին, որ յայտնաբերուել են Նիկոլ Դումանի, Վարդան իշխանի տոհմական տները, եւ նրանք փափաք ունեն դրանք վերանորոգելու: «Կարեւորեցի այդ գործը, յատկապէս որ ազգի նուիրեալների մասին էր խօսքը, եւ խոստացայ, որ կը դիմեմ եղբօրս՝ Կարէն Բենիասեանին, ով բիզնես ունի ԱՄՆում ու սատարում է ազգանուիրեալ գործերին եւ ճանաչուած բարեգործ է Ղափանում: Նա մեծ սիրով համաձայնեց, եւ Սերգէյ Շահվերդեանի մանրակրկիտ հսկողութեամբ սկզբից վերանորոգուեց ու թանգարան դարձաւ Նիկոլ Դումանի տունը, յետոյ՝ մօտակայ տները, մերձակայ տարածքը: Այնուհետեւ՝ քիչ վերեւ գտնուող Վարդան իշխանի տունը, մերձակայ տները, եւ ես հասկացայ, որ շատ սիրեցի այդ վայրը ու ցանկացայ մի տուն գնել ու նոյն սկզբունքով վերանորոգել: Հիմա Արցախ գալուց միայն այստեղ եմ մնում: Յաճախ ինձ հետ բերում եմ ընտանիքիս անդամներին, այս անգամ ինձ հետ է տղայ թոռնիկս, ով նոյնպէս շատ սիրեց այս գիւղը», ասաց տիկին Ժասիկը:
Տեղեկացնենք, որ այս դրախտավայրում պահպանուել եւ վերանորոգուել է 250 հոգու համար նախատեսուած մշակութային սրահը, որը կահաւորուած է. կան սեղաններ, աթոռներ, երկու երաժշտական կենտրոն, հեռուստացոյց: Նպատակը՝ որ երիտասարդութիւնը յաճախ ժամանի այս, կարելի է ասել, համալիրը՝ ազատ ժամանցը գեղեցիկ անցկացնելու համար եւ ակամայ մերձենայ մեր պատմութեանը, ծանօթանայ մեր պապերի ապրելակերպին, հասկանայ նաեւ դրա գեղեցկութիւնը:
Նշենք, որ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի բացումը եղել է 2006թ., 2007ին էլ՝ Վարդան իշխանի: 2013 թուականին էլ Ժասմեն Բունիաթեան-Ջառահեանի հովանաւորութեամբ լոյս է տեսել Համլէտ Գէորգեանի «Նիկոլ Դուման» գիրքը:
Մտահոգուած լինելով գիւղացիների կենցաղային խնդիրներով, տիկին Ժասմենն սկսեց օգնել նաեւ նրանց: Բազմազաւակ ընտանիքներին նուիրաբերուեցին մէկական կովեր, միայնակ կանանց՝ ձմեռուայ փայտի պաշարը: Գիւղի գործերի համար նուիրուեց տրակտոր: Կանայք դիմեցին աշխատատեղեր ստեղծելու խնդրանքով: Բերուեցին գորգագործական սարքեր, մի քիչ աշխատեցին, բայց գործն առաջ չգնաց, բերուեցին կարի մեքենաներ, բայց գործը դարձեալ չստացուեց: Մի խօսքով՝ Ծաղկաշատի խնդիրներին սատարող կայ:
ՀՕՄի ԱՄՆի Արեւմտեան շրջանի ֆինանսաւորմամբ Արցախում գործում է երկու մանկապարտէզ, հովանաւորւում են 23 արցախցի ուսանողներ (զոհուած ազատամարտիկների երեխաներ), իրագործւում են որբախնամ ծրագրեր: Այդ ամէնի համակարգողն ու իրագործողը, ինչպէս նշեցինք, տիկին Ժասմենն է:
Նա ծնուել է Պարսկաստանում, 14 տարեկանից մասնակցել է «Արարատ» միութեան գործունէութեանը, որտեղ եւ ի յայտ եկան նրա կազմակերպչական ունակութիւնները: 1984թ. տեղափոխուեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր մասնակցութիւնը բերել սիրելի «Արարատ» միութեանը: Գործուն անդամ է նաեւ ՀՄԸՄի (Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւն): 2006թ. ստացել է «Պատուոյ Արցախցի» կոչումը՝ Ծաղկաշատ գիւղի վերանորոգման աշխատանքները կատարելու համար: 2007թ. կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից պարգեւատրուել է որպէս Տարուայ կին: 2012թ. Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի կողմից պարգեւատրուել է «Երախտագիտութիւն» մեդալով: Նոյն թուականին ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի կողմից ստացել է «Գիր Գնահատագիր» բացառիկ ազգօգուտ աշխատանքների համար: Տիկին Ժասմենը շատ ուրիշ պարգեւներ էլ ունի, սակայն անչափ երախտապարտ է Աստծուն, որը շնորհել է այնպիսի ուժ ու եռանդ, որ անգամ այս տարիքում նա ունակ է աշխատելու 18 ժամ եւ առանց յոգնելու:
Շնորհակալ է նաեւ ծնողներին, մերձաւորներին, ովքեր դաստիարակել են իրեն ազգասէր ոգով: Նա չի յոգնում յուշել, որ երջանիկ է, քանի որ իր համեստ ներդրումն ունի ազգանպաստ գործին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.