ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ
Հայագիտական կենտրոնները կա՛մ առանձին հաստատութիւններ են, կա՛մ էլ աւելի մեծ հաստատութիւնների ստորաբաժանումներ: Առանձին կառոյցները հիմնականում պատկանում են հայկական Սփիւռքին: Այդպիսիք են «Զօրեան» ինստիտուտը (ԱՄՆ), Մխիթարեան միաբանութիւնը (Վիեննա, Վենետիկ) եւ այլն:
Ինչ վերաբերում է աւելի մեծ կառոյցների մաս կազմող հայագիտական կենտրոններին, ապա դրանք, ըստ պատկանելութեան, կարելի է բաժանել երկու մասի: Առաջին խմբի մէջ մտնում են հայկական աւելի մեծ կառոյցների մաս կազմողները: Այդպիսին է, օրինակ, Բէյրութի Հայկազեան համալսարանի Հայագիտութեան ամբիոնը: Երկրորդ խումբը կազմում են այն հայագիտական կենտրոնները, որոնք հայկական կառոյցների մաս չեն կազմում: Այդպիսի կառոյցներ են հիմնականում տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնները (օրինակ՝ ԱՄՆ Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտութեան ինստիտուտը, Բոստոնի համալսարանի Հայոց նոր պատմութեան եւ գրականութեան ամբիոնը, Երուսաղէմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը): Դրանք ստեղծւում եւ գործում են տարբեր ֆակուլտետների կազմում: Օրինակ, Երուսաղէմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը գործում է արեւելագիտութեան ֆակուլտետի կազմում, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի հայագիտութեան կենտրոնը՝ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի կազմում, Կահիրէի համալսարանինը՝ Արուեստի ֆակուլտետի կազմում եւ այլն: Յատկանշական է, որ արտերկրի բուհերի հայագիտական ստորաբաժանումները յաճախ սաղմնաւորւում են որպէս դասընթացներ, որոնք ժամանակի ընթացքում զարգացում ապրելով՝ վերածւում են լուրջ կենտրոնների:
Արտերկրում հայագիտական կենտրոններ բացելուն նպաստում են հետեւեալ հանգամանքները.
1. Օտար երկրներում հայագիտութեան նկատմամբ հետաքրքրութիւնը:
2. Հայկական Սփիւռքի ջանքերը՝ ուղղուած արտերկրում հայ ինքնութեան պահպանմանը:
3. Հայաստանի ջանքերը՝ ուղղուած ինչպէս Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանը, այնպէս էլ ամբողջ աշխարհում հայագիտութեան զարգացմանը եւ հայկական մշակոյթի ու քաղաքակրթութեան տարածմանը:
Վերջին շրջանում ՀՀ դիւանագիտական շփումների, ինչպէս նաեւ Հայաստանի գիտակրթական հաստատութիւնների արտաքին կապերի արդիւնքում արտերկրի բուհերում հայագիտական ամբիոններ են ստեղծւում: Օրինակ՝ 2011թ. Հոկտեմբերին ԵՊՀ եւ Թեհրանի համալսարանի ռեկտորների հանդիպման ժամանակ որոշում կայացուեց հայագիտական ամբիոն բացել Թեհրանի համալսարանում: ՀՀում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազօր դեսպան, հայագէտ Ա. Բոժկօն 2010թ. Սեպտեմբերին Հայաստանում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտելիս խոստացաւ ջանքեր գործադրել Կիեւի համալսարանում հայագիտական ամբիոն բացելու ուղղութեամբ: Մէկ այլ կարեւոր օրինակ է բարձրագոյն կրթութեան ոլորտում հայ-ամերիկեան համագործակցութեան շրջանակներում ԱՄՆ Քոնեկթիկուտի համալսարանում Հայագիտական ամբիոնի բացման նախաձեռնութիւնը: Այսպիսով, ՀՀ դիւանագիտական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ միջբուհական համագործակցութիւնը ՀՀ եւ արտասահմանեան բուհերի միջեւ կարեւոր նշանակութիւն ունեն մեր օրերում աշխարհում հայագիտական կենտրոնների թուաքանակի աճի եւ հայագիտութեան տարածման համար:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Արտերկրի հայագիտական կենտրոնները, իրականացնելով կրթական եւ հետազօտական գործառոյթներ, ունեն որոշակի դեր եւ նշանակութիւն հայութեան կեանքում: Յատկապէս, կարելի է առանձնացնել այդպիսի դերերից չորսը:
Նախ՝ դրանք իրենց գործառնութեամբ նպաստում են հայապահպանութեանը Սփիւռքում: Եկեղեցիների, դպրոցների, մամուլի եւ այլ կառոյցների կողքին հայագիտական կենտրոններն այն հաստատութիւններն են, որոնք համախմբում են հայերին արտերկրի համայնքներում եւ նրանց հաղորդում ազգային նկարագրին համապատասխան գիտելիքներ: Արտերկրի բազմաթիւ համալսարանների շրջանակներում գործող հայագիտական ստորաբաժանումներում ուսանում են մեծ թուով հայ երիտասարդներ, որոնք այդ կերպ սովորում են հայոց լեզու, ծանօթանում են հայոց պատմութեանը, գրականութեանը, մշակոյթին: Իսկ դա ամրապնդում է սփիւռքահայերի ազգային ինքնագիտակցութիւնը եւ նպաստում հայապահպանութեանը: Ժամանակակից գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ արագ տեմպերով են ընթանում ձուլման գործընթացները, Սփիւռքում «…ազգային ինքնութեան, աւանդոյթների պահպանման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն մշակոյթը, այլեւ գիտութիւնը նպաստի դրան»:
Երկրորդ կարեւոր նշանակութիւնը, որ ունեն արտերկրի հայագիտական կենտրոնները հայութեան կեանքում, աշխարհում հայկական քաղաքակրթութեան տարածումն է: Դրանք, այսպէս ասենք՝ արտերկրում հայոց լեզուի, հայկական մշակոյթի, հայութեան ու Հայաստանի մասին գիտելիքների ստեղծման ու տարածման գործակալներն են: Նաեւ նրանց գործունէութեան միջոցով են արտասահմանում օտարերկրացիներին հասու դառնում հայկական քաղաքակրթական արժէքները, ինչպէս նաեւ Հայաստանին ու հայութեանը յուզող խնդիրները: Չէ՞ որ, օրինակ, արտերկրի համալսարանների հայագիտական ամբիոններում ուսանում են ոչ միայն հայեր, այլեւ այլազգիներ:
Երրորդ կարեւոր դերը հայագիտութեան զարգացումն է: Ունենալով յստակ հայագիտական ուղղուածութիւն՝ այդ կենտրոններն իրենց գործունէութեամբ կամայ թէ ակամայ իրենց լուման են ներդնում աշխարհում հայագիտութեան զարգացման գործում: Այս առումով անուրանալի է Մխիթարեան միաբանութեան, Բէյրութի Հայկազեան համալսարանի հայագիտութեան ամբիոնի եւ այլ հայագիտական կառոյցների դերը:
Չորրորդ կարեւոր նշանակութիւնը ժամանակակից տեղեկատուական պատերազմների պայմաններում հայոց պատմութեան, մշակոյթի եւ այլնի նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգութիւններին դիմագրաւելն ու հակազդելն է:
Համեմատաբար նոր այս ուղղութիւնն արդի հայագիտութեան կարեւորագոյն խնդիրներից է:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնների առջեւ կանգնած են լրջագոյն խնդիրներ եւ մարտահրաւէրներ, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանցից շատերի նորմալ գործունէութեանը, այլեւ սպառնալիքի տակ են դնում անգամ նրանց գոյութիւնը: Առաջին լուրջ մարտահրաւէրն այս առումով ֆինանսական խնդիրներն են: Արտերկրի հայագիտական կենտրոնները ֆինանսաւորւում են գլխաւորապէս հայկական աղբիւրներից՝ Սփիւռքից եւ Հայաստանից: Իսկ Սփիւռքի միջոցները (ՀՀինը նոյնպէս) անսահմանափակ չեն, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ Սփիւռքը, հայագիտական կենտրոններ պահելուց զատ, ունի բազմաթիւ այլ խնդիրներ, որոնք նոյնպէս զգալի միջոցներ են պահանջում (դպրոցների, մշակութային հաստատութիւնների, եկեղեցու, մամուլի ֆինանսաւորում, լոբիստական աշխատանք եւ այլն): Արդ, ֆինանսական սղութեան պատճառով արտերկրի շատ հայագիտական կենտրոններ յայտնուել են անգամ փակման սպառնալիքի առջեւ:
Յաջորդ կարեւոր մարտահրաւէրն արտերկրի հայագիտական կենտրոնների համար կապուած է կադրային խնդիրների հետ: Յաճախ անհրաժեշտ կադրերի բացակայութեան պատճառով հայագիտական կենտրոնները չեն կարողանում լիարժէք իրականացնել իրենց գործառոյթները, երբեմն մատնւում են անգործութեան, իսկ երբեմն էլ կանգնում փակման սպառնալիքի առջեւ:
Յաջորդ կարեւոր խնդիրը գիտահետազօտական եւ ուսումնական նիւթերի անբաւարարութիւնն է: Գտնուելով Հայաստանից հեռու՝ արտերկրի հայագիտական կենտրոնները յաճախ բախւում են դասագրքերի, անհրաժեշտ գրականութեան, փաստաթղթերի, արխիւային եւ այլ նիւթերի պակասի հետ:
Հասկանալի է, որ վերոյիշեալ մարտահրաւէրներից գլխաւորը ֆինանսականն է: Միւս խնդիրները յաճախ ծագում են դրանից: Ֆինանսական միջոցների անբաւարարութեան հետեւանքով է, որ յաճախ հայագիտական կենտրոնները լուրջ խնդիրներ են ունենում իրենց կադրերին պահելու, նոր կադրեր ներգրաւելու, անհրաժեշտ գրականութեան եւ նիւթերի ձեռքբերման հարցերում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Ակնյայտ է, որ առանց Հայաստանի հետ համագործակցութեան, արտերկրի հայագիտական կենտրոնների համար խիստ դժուար կը լինի բարձրացնել իրենց գործունէութեան արդիւնաւէտութիւնը: Արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցող հայաստանեան կառոյցներն են հիմնականում պետական գերատեսչութիւնները (սփիւռքի նախարարութիւն, կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն եւ այլն) եւ գիտակրթական հաստատութիւնները (ԵՊՀ, ԳԱԱ եւ այլն):
Հայաստանի Հանրապետութիւնն իր սուղ հնարաւորութիւններով առայսօր հնարաւորին չափով ֆինանսապէս աջակցել է արտերկրի հայագիտական կենտրոններին: Սակայն ակնյայտ է, որ այդ խնդրի լուծումը մեծապէս կապուած է Հայաստանի տնտեսական զարգացման եւ, հետեւաբար, ֆինանսական հնարաւորութիւնների մեծացման հետ:
Հայաստանի տնտեսական զարգացման հարցը դուրս է սոյն յօդուածի թեմատիկայից: Հետեւաբար, հակիրճ նշենք ներկայումս հնարաւոր համագործակցութեան այլ եղանակները: Այդպիսիք են հիմնականում մեթոդաբանական աջակցութիւնը, ուսումնական եւ հետազօտական նիւթերի տրամադրումը, համատեղ հետազօտութիւնները, համատեղ գիտաժողովները եւ այլն:
ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագէտ