ԿԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Գնա, չկանգնես, գնա: Եթէ միշտ գնաս, միայն այդ դէպքում կարող ես Ագռաւաքարով հոսող Մհերի միջով անցնել, եթէ կէս ճանապարհից վերադառնաս, Մհերի վերածնունդը կիսատ կը մնայ»:
ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ
Հետաքրքիր ու ինքնատիպ այս գործն ընթերցելիս մեր աչքի առջեւ ակամայ առանձին հարթակ գրաւեց գրողի՝ երեւոյթների յատկապէս մի շարքի մեծ խորհուրդը բացայայտելը: Վէպին մօտենալու փորձ անենք այս տեսանկիւնից:
Գրքի ներքին հզօրութիւնը ապահովող բազմաթիւ տարրեր են ներդրուած: Դրանք մի դէպքում ուղղակիօրէն են նշւում, մէկ այլ դէպքում առկայ է նրանց միայն էներգետիկ դաշտը: Եւ վէպի՝ պարզապէս անհերքելի, գրեթէ նիւթականութեան հասնող ուժը գալիս է հողից, ջրից, լերան վեհութիւնից, աղից, ցեղի արեան ներքին հոսքից, գեներից ու շիրիմներից…
Հեղինակի ասելիքի մեծութիւնը ակնյայտ է. լերան կուրծքը, լինելով աստուածային, նաեւ լոյսի ու ճշմարտութեան, ի վերջոյ, իրական դառնալու խորհուրդն ունի: «Լեռը անսահման է, ընդերքից է գալիս եւ մագլցում տիեզերք… Այն ժամանակը, որ մեռցնում է ամենայն շնչաւորին, նրա համար ժամանակ չէ»: Լեռը եւ յատկապէս՝ «Ագռաւաքարը երկրի եւ անդրաշխարհի պորտալար, ելումուտի դարպասն էր, միջօրեականի այնտեղով անցնելու պատճառով քրմերն այն որպէս գալակտիկայի կենտրոն, աշխարհարարման նորաստեղծ մայրական արգանդի օրինակ են երկրպագել»: Ուրեմն՝ նաեւ տիեզերական ուժերի հետ է կապւում լեռան խորհուրդը: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ Մհերը յանձնուել է հէնց այս լեռանը. լեռը յաւիտենական է ժամանակի եւ տարածութեան մէջ, այն յաւէրժութեան խորհրդանիշն է, ուժը, ճշմարտութիւնը նրա ներսում է յաւէրժին ի պահ տրուած՝ ակնկալիքով, որ ամէն պահի, անսպասելի, «նախաստեղծ սկզբի մէջ՝ որպէս բարձրագոյն ոգի՝ գարեհատիկի՝ ընկոյզի չափ դառնալու» ժամանակ, ասել է, թէ «աշխարհի պարբերական քանդում-վերակառուցման միջոցով դէպի «ամբողջը, մէկը» վերադառնալիս, երեւան պիտի գայ իրական ճշմարտութիւնը»:
Աշխարհի արարչութեան սրբազան խորհրդաբանութիւնը եւ մարդը իբրեւ անհատ. բազմակողմ եւ բազմիմաստ են հեղինակի արտայայտած մտքերը: Նախ՝ «Մհերը մտնելով Ագռաւաքար՝ նախաստեղծ տիեզերական խաւարն էր վերապրում. նրա ներսոյզի մէջ էր գոյատեւում ազգային համընդհանուր ճակատագիրը, դարերի ընթացքում հունցուել էր ժողովրդի նշանակալից բանականութիւնը, ապագայ սերունդները նրանով էին կռուելու հողագնդի սիրտ կեղեքող ունայնութեան դէմ եւ նրանով էին գտնելու երկրի վրայ ապրելու իմաստը», ապա՝ «Ագռաւաքար մտնելը ողնաշարի ծուծքը մտնելուն է նման, Մհերը ժողովրդի մէջ գնալու եւ նրա քրոմոսոմի միջոցով կրկին վերադառնալու ճամփան է գտել», իսկ միւս կողմից էլ՝ «Մհերը անսահմանի տարածքներ էր դուրս եկել, որտեղից ներքին մարդու ճամբան է սկսւում»: Այս ամէնի հետ Ագռաւաքարը ներսում նաեւ նոր սկզբի մարմնաւորողն է, սկիզբ, որը իբրեւ յենարան հազարամեակների խորքից եկող ամէն թանկն ունի՝ մարդու՝ «մարդկութեան ամենաառաջին, ամենահին ժամանակների խորհուրդներ»ի հետ կապն է:
Մարդու հոգին լի է հակադրամիասնութիւններով, եւ նոր իրականութեան մէջ մարդիկ պիտի «հագնեն իրենց մարմինները», եւ, տրամաբանօրէն, մարմինը ներսում, իսկ հոգին՝ դուրս պիտի լինի, եւ հոգու հետ՝ ամէն մաքուրը, ներդաշնակը, լուսաւորն ու ճշմարիտը: Նաեւ ահա այս ամէնի երկարատեւ որոնումների ճանապարհն է ընդգծւում վէպում, որը մարդու ներքին ուղին է, ներքին որոնումների ծանր, յաճախ անվերջանալի թուացող ուղին:
Մարդու մէջ ծնւում է ինքնորոնման դրաման. յիշենք Նարեկացուն: Էպոսի աւարտի անկատար ժամանակի խորհուրդը մարդու ներքին դրամայի իմաստաւորումն է:
Վէպում Մհերի՝ Ագռաւաքարում փակուելով «միայնակ մարդու՝ ինքն իրեն, իր ներսը ճանաչելու ժամանակաշրջանի սկիզբն է դրուել», բացայայտում է հեղինակը: Խեչոյեանը յաւէրժական արժէքների չափանիշները որոնում է մի անձնաւորութեան ներաշխարհում՝ թափանցելով մէկ մարդու՝ անհատի հոգեւոր խորքերը:
Իսկ Մհերն ինքը առաջին հերթին ոգեղէն լուսաւորութիւնն է, եւ լոյսը խաւարից է ծնւում՝ Ագռաւաքարի խաւարից, որը ամենեւին էլ խաւար չէ:
Լոյսի եւ ճշմարտութեան որոնումները մարդուն յուզել են մշտապէս՝ ինքնորոնման եւ ինքնաճանաչման ճանապարհին, եւ գնալով մարդու «ներքնախորք»ի խորութիւնն անչափելի է դառնում: Լոյսի, ճշմարտութեան, հոգու ներդաշնակութեան փնտռտուքը իւրաքանչիւրն իրենից պէտք է սկսի. սկզբնական քայլը սա է, թէեւ, անշուշտ, ոչ ամենադիւրինը. չէ՞ որ մարդը պայքարում է ոչ թէ տիեզերքի, այլ մարդու դէմ ու նաեւ ինքն իր դէմ:
Լեւոն Խեչոյեանը տալիս է մէկ այլ բանաձեւ եւս. փակել մարմնի աչքը եւ բացել հոգունը, որովհետեւ ճշմարիտ եւ իրական լոյսը տեսանելի է միայն հոգու ամենատես աչքով:
Ճշմարտութիւնը մշտագոյ է, եւ օրերից մի օր արժանիները հասնելու են նրա լոյսին, միայն թէ առաջին հերթին այն տեսնել եւ հաւատալ է պէտք, մի բան, որը բոլորին տրուած չէ. այն տրուած է միայն ընտրեալ եւ խիզախ հոգիներին, եւ նրանցից մէկն է Լեւոն Խեչոյեանը, ով կարողացաւ ճշմարտութեան լոյսը, նրան ձգտելու կամքը եւ այն անպայմանօրէն գտնելու հաւատը սերմանել, թողնել ապագային՝ առաջին հերթին ինքը պայքարելով, հաւատալով եւ, անշուշտ, գտնելով այն…
Իբրեւ ամփոփում՝ հնչեցնենք կրկին գրողի խօսքերը. «Ինձ արեւն է կարգել, որ Ագռաւաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ… Նրա համար, որ մարդն սպանում է, հոգու կարիք ունի, ազգերը հակառակութիւններով են լցուած»: