Դեկտեմբերի 19ին ԼՂՀ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հանդիսաւոր նշուեց ՀՅԴ 124ամեակը:
Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Բերձորի յուշահամալիր եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Արցախեան պատերազմում նահատակուած ազատամարտիկներին:
Միջոցառմանը ներկայ էին ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, պաշտօնատար այլ անձինք:
Շնորհաւորելով ներկաներին՝ «Միջնաբերդ» ենթակոմիտէի ներկայացուցիչ Արին Գալստեանը նշեց, որ Բերձորի եւ Քաշաթաղի շրջանի այլ բնակավայրերի վերաբնակեցման գործին տարիներ շարունակ ՀՅԴն իր ակտիւ եւ անմիջական մասնակութիւնն է ունեցել:
«ՀՅԴի հաւատամքը հայերի երազած երկիրը կառուցելն է: Այսօր նա լծուած է այդ գործին: Իսկ մենք հպարտ ենք, որ ապրում ենք այստեղ՝ որպէս հաստատուն արցախցի: Երիցս հպարտ ենք, որ ապրում ենք մի հողում, որը մեր ընկերների, եղբայրների արեամբ է ազատագրուած», նշեց նա:
ԼՂՀ ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը, անդրադառնալով Դաշնակցութեան առաքելութեանը, նշեց, որ մէկ հարիւրամեակից աւելի է արդէն, ինչ Դաշնակցութիւնը կոչուած է իր ուսերին տանելու հայ մարդու հոգսը, որպէսզի հայոց երկրում՝ Մեծ Հայքի տարածքում, լինի պետականութիւն, հայ մարդը ունենայ արժանավայել կեանք:
Նա նշեց, որ Դաշնակցութիւնը, պատմական ասպարէզ գալով 20րդ դարի վերջին եւ գործնէութիւնը շարունակելով քսաներորդ դարի ողջ ժամանակահատուածում, ապացուցեց, որ հայ մարդը կարող է եւ արժանի է պետականութիւն ունենալու: Այդ պետականութիւնը ստեղծուեց դժուարագոյն պայմաններում, այդ պայմաններում կուսակցութիւնը կարողացաւ պատուով կատարել՝ ստեղծելով թէ՛ բանակ, թէ՛ պետական մեխանիզմներ, որոնք կարողացան դիմակայել բազմաթիւ ճնշումների՝ թէ՛ Թուրքիայի, թէ՛ նորելուկ Ադրբեջանի, թէ՛ բոլշեւիկների կողմից:
«Խորհրդային կարգեր հաստատուելուց յետոյ Հայաստանում եւ Արցախում Դաշնակցութիւնը չդադարեց գոյութիւն ունենալ, նա ապրում էր մարդկանց հոգում, այն մանուկների մէջ, որոնք յետագայում դարձան զինուորներ: Դաշնակցութիւնը սպասեց այն օրուան, որ նորից ի զէն կոչի հայութեանը եւ նորից վերակերտի իր պետականութիւնը: Այդ օրը եկաւ 1988 թուականին: Մի բուռ մարտիկներ կարողացան իրենց շուրջը համախմբել եւ քայլ առ քայլ ազատագրել մեր հայրենի տարածքները», ասաց Վահրամ Բալայեանը:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, «Ազատ Հայրենիք» կուսակցութեան անդամ Ա. Մխիթարեանը, շնորհաւորելով ՀՅԴ 124ամեակի կապացութեամբ, նշեց. «ՀՅԴ ստեղծուեց մեր ազգի համար օրհասական պահին, երբ նժարին դրուած էր հայի լինելիութեան հարցը: Ստեղծուելով՝ ստանձնեց ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկի դերակատարութիւնը, որն էլ պատուով կատարեց:
Դաշնակցութիւնը նպաստեց ինչպէս ներցեղային բարոյականութեան դաստիարակման, այնպէս էլ ազգային հայրենասիրական դաստիարակութեան իրականցմանը, իսկ մեզ նման ազգերի համար գոյութեան միակ առհաւատչեան ազգային գաղափարախօսութիւն ունենալն է:
Արցախեան գոյապայքարի առաջին զէնքերը, գաղտնիք չէ, որ բերուեցին կուսակցութեան կողմից: ՀՅԴն ազգին տուեց բազում նուիրեալներ: Այսօր էլ կուսակցութիւնն իր մասնակցութիւնն է ունենում մեր երկրի կայացման ու ամրացման գործում»:
Հանդիսաւոր միջոցառման ժամանակ շնորհաւորանքով հանդէս եկաւ նաեւ ԱԺԿ Քաշաթաղի տարածքային խորհրդի անդամ Անահիտ Քոսակեանը՝ կարեւորելով ՀՅԴի դերը համահայկական խնդիրների լուծման գործում, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Հայ Դատի գործնէութեան տաբեր ոլորտներում: Նա նշեց, որ այսօր ՀՅԴն իր ուրոյն դերակատարումն ունի երկրի քաղաքական կեանքում՝ իր աւանդը ներդնելով Քաշաթաղի շրջանի վերբնակեցման եւ զարգացման հարցում:
Միջոցառումը եզրափակուեց տօնական համերգով:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.