Ինչպէս նշւում է նիւթում, երկրի խորհրդարանի պատգամաւոր, ԵԽԽՎում Ադրբեջանի պատուիրակութեան ղեկավար Սամեդ Սեիդովն օրերս ծաւալուն հարցազրոյց է տուել՝ շարունակելով իշխանութիւնների վերոյիշեալ քաղաքականութիւնը:
Թերթը յիշեցնում է, որ Սեիդովի յայտարարութիւնները, թէ իբր Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէում յաղթական էր, չի համապատասխանում իրականութեանը, եթէ յիշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելոյթի ժամանակ սրահում բողոքի ակցիա էր ընթանում, երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը բախուեց իրեն ուղղուած դժուար հարցերին, իսկ օրակարգում ներառուած էր Ադրբեջանում քաղբանտարկեալների հարցը: Բացի այդ, նոյն ժամանակահատուածում խորացաւ անդունդն Արեւմուտքի եւ Ադրբեջանի փոխյարաբերութիւններում:
Ըստ աղբիւրի՝ հէնց այդ ժամանակ Ադրբեջանը չկարողացաւ խոչընդոտել Արցախի ստենդի ներկայացմանը Ֆրանսիայում կայացած միջոցառման ժամանակ:
«Ազադլիգ»ը շեշտում է, որ 2014 թուականն Ադրբեջանի համար անյաջող էր նաեւ ռազմական ոլորտի կորուստների առումով: Բացի այդ, Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Թորբէորն Եագլանդը, գնահատելով երկրում իրավիճակը մարդու իրաւունքների ոլորտում, ընգծել էր, որ այն հասել է ճգնաժամային կէտին, իսկ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնն Բրասսերն յայտարարել էր, թէ «համակարգն Ադրբեջանում պէտք է փոխուի»:
«Այս ամէնը վկայում է այն մասին, որ իշխանութիւնները զրկուել են նոյնիսկ սեփական մշտական բարեկամներից եւ ի վիճակի չեն անգամ իրենց պաշտպանելու հնարաւորութիւնը կիրառել: 2014ին իշխանութիւնները «հնձեցին այն, ինչ ցանել էին»՝ բացառապէս սեփական շահի վրայ հիմնուած քաղաքականութիւն վարելու հետեւանքով: Իսկ ահա այժմ միջազգային տարբեր կազմակերպութիւնները, հեղինակաւոր մեդիա ռեսուրսները, յայտնի փորձագէտներն Ադրբեջանը գնահատում են որպէս հակաժողովրդավարական երկիր՝ անուանելով այն «աբսուրդիստան», գրում է թերթը:
«Ազադլիգ»ը նշում է, որ 2015ին պատժամիջոցները, ըստ երեւոյթին, անխուսափելի կը լինեն, քանի որ Սամեդ Սէիդովն արդէն իսկ շտապել է յայտարարել ընթացիկ տարում Ադրբեջանի իշխանութիւնների վարած «արդիւնաւէտ» քաղաքականութիւնը շարունակելու միտման մասին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.