«ԱՐՑԱԽՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԵՏ
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- Պարոն Ուորլիք, յայտնի է, որ անցած տարուանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրուել է լարուածութեան աճ, ինչը զգալիօրէն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնո՞ւմ էք, արդեօք, յայտարարութիւններից բացի, որեւէ գործնական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը:
ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔ.- Անցած տարուայ ընթացքում շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարուածութեան աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլեւ նախագահների յանձնառութիւնը իրենց ժողովուրդների առջեւ՝ լուծելու ղարաբաղեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով:
Գոյութիւն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նուազեցնել ոչ դիտաւորեալ պատահարների հաւանականութիւնը հակամարտութեան գօտում, եւ մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղուած տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտութեան կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկւում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- Համանախագահներն այժմ գտնւում են տարածաշրջանում: Կա՞ն կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկուելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:
ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔ.- Նախ եւ առաջ, մենք կողմերի հետ խօսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարուածութեան ու բռնութեան մասին: Բռնութեան շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիւանագիտական հարթութիւնում: Մենք նաեւ բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտութեան հարցը, ում ձեռքերում են գտնւում խաղաղութեան բանալիները: Բացի դրանից, կարեւորում ենք տեւական կարգաւորման վերաբերեալ համապարփակ բանակցութիւնների սկսումը: Չափազանց կարեւոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղութեան մասին համաձայնագրի:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- Ըստ ադրբեջանական ԶԼՄների, դուք նշել էք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտուել են ծանր յանցագործութիւնների համար) փոխանցումն Ադրբեջանին կը լինի կարեւոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարուածութեան նուազեցմանը եւ կողմերի միջեւ վստահութեան հաստատմանը: Արդեօք, կարծո՞ւմ էք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է յանցագործների պարագայում, եւ այս յանցագործութիւնների անպատժելիութեան հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողութեան կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցաւ Ռամիլ Սաֆարովի դէպքում:
ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔ.- Նախկինում կողմերը, որպէս մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկեալներին: Ներկայիս այս աստիճանի լարուածութեան պայմաններում, նման մարդասիրական մօտեցումը կարող է խթանել բանակցութիւնների համար առաւել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- 1997 թուականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի եւ լիիրաւ կողմ չի եղել: Միեւնոյն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով յայտարարել են, որ ղարաբաղեան կողմը շուտով կրկին կ՛ընդգրկուի ուղիղ բանակցութիւններում: Չէ՞ք կարծում, որ տուեալ իրավիճակում բանակցութիւնների նախկին՝ եռակողմ ձեւաչափի վերականգնումը վճռորոշ դեր կ՛ունենայ դրանց առաջընթացի համար:
ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔ.- Ինչպէս բանակցային գործընթացում, այնպէս էլ հակամարտութեան կարգաւորման հարցում պէտք է հաշուի առնուեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտայայտեն իրենց պատրաստակամութիւնը՝ սկսելու նման բանակցութիւններ:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- Ադրբեջանական կողմը բազմիցս յայտարարել է, որ ԵԱՀԿ համանախագահութիւնն սպառել է իրեն, եւ համանախագահների միջեւ առկայ են տարաձայնութիւններ եւ առաջարկել՝ փոփոխութիւններ մտցնել միջնորդական ձեւաչափի մէջ: Համաձա՞յն էք վերոնշեալի հետ:
ՋԷՅՄԶ ՈՒՈՐԼԻՔ.- Որպէս համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ տեւական կարգաւորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձեւաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղութեան հաստատմանն ուղղուած մեր աշխատանքները մեր մանդատի (լիազօրութեան-Խմբ.) շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպէս միջնորդների, մնում է օգտակար:
«ԱՐՑԱԽՓՐԷՍ».- Պարոն Ուորլիք, շնորհակալութիւն ենք յայտնում հարցազրոյցի համար:
NEWS.am