1918թ. Դեկտեմբերի 3ի առաւօտեան Թումանեանը սովորականի պէս վերցրեց օրուայ լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, եւ այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պէս շանթահարեց նրան. «Բեջարից դէպի Համադան տանող ճանապարհի վրայ քիւրդերից սպաննուել են դոկտոր Վարդանեան Միքայէլը, Թումանեան Արտաւազդն ու օրիորդ Սահակեանը՝ Քաղաքների միութեան ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորոյս հայրը հեկեկում էր, եւ աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարէր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հօր օրինակով բանաստեղծում ու պիէսներ էր գրում, որ հրապուրուած էր ճարտարապետութեամբ ու գեղանկարչութեամբ եւ երազում էր Եւրոպայում կրթութիւն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինուորագրուեց, ու հիմա յաւերժ փակել էր աչքերը՝ խոցուած դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանեանին: Առանձնանում էր սենեակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մօտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կ՛անցնէր մի կարճ ժամանակ եւ նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կը խարանուէր անկրելի ցաւից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբօր՝ Արշաւիրի մահուան բօթը: Որտե՞ղ էր աւարտը: Միթէ՞ վերջ չէր ունենալու դժբախտութիւնների այդ շղթան, որ խեղդալար դարձած՝ սեղմում ու սեղմում էր կեանքի պարանոցը՝ ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետէ մեր տունն աւերակ է դառնում մեր հայրենիքում: Ի հարկէ, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարուածներին», գրում էր նա իր զաւակներին:
Կեանքը գունաթափուել ու իմաստազրկուել էր: Անկումների ուղին տեսանելի էր առաւել քան երբեւէ: Ու եթէ ժամանակ առ ժամանակ որեւէ դէպք կամ իրադարձութիւն նրան շարժում-արթնացնում էր իր տխրութեան նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատէր արդէն հաստատուածը:
Հէնց այդ տարիներին էր, որ Թումանեանը սկսեց գրել իր նշանաւոր քառեակները՝ իբրեւ հոգու կենսագրութիւն, իբրեւ վեհ իմաստնութիւն, իբրեւ կեանքի իրազեկման բանաձեւ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.