
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելում, Ապրիլի 3ին բացուեց զբօսաշրջութեան ոլորտում միջազգային հեղինակութիւն ունեցող «Վիզա Կոնկորդ» զբօսաշրջային գործակալութեան ամերիկեան մասնաճիւղը: Հայաստանում, Ռուսաստանում, Չեխիայում եւ արդէն ԱՄՆի արեւմտեան ափում գործող իր գրասենեակներում «Վիզա Կոնկորդ»ը յաճախորդներին առաջարկում է բազմապիսի ծառայութիւններ, մատչելի գներ ու բարձրակարգ սպասարկում: «Մեր գործակալութիւնը հիմնադրուել է 1993թ.ին Մոսկուայում, այնուհետեւ՝ 1997թ.ին՝ Հայաստանում եւ Չեխիայում: Այսօր, Գլենդելում բացեցինք մեր չորրրորդ մասնաճիւղը: Կարծում ենք, որ զբօսաշրջութեան ոլորտում մեր բազմամեայ փորձն ու հնարաւորութիւնները մեծապէս օգտակար կը լինեն նաեւ մեր ամերիկաբնակ հայրենակիցներին: «Վիզա Կոնկորդ»ի առանձնայատկութիւններից կը ցանկանայի առանձնացնել՝ խորհրդատուական ծառայութիւնը, ինչի կարիքն այսօր ունեն յատկապէս առցանց յաճախորդները: Մեր գործակալութեան առաւելութիւններից է նաեւ այն, որ երեք տարբեր երկրներում մեր գրասենեակների շնորհիւ կարողանում ենք կարճ ժամանակահատուածում գտնել ամենամատչելի տոմսերը, որ կարող են լինել այդ պահին», տեղեկացնում է «Վիզա Կոնկորդ»ի հիմնադիրներից՝ Արթուր Բաբայեանը:
Գործակալութեան նորաբաց մասնաճիւղի տնօրէն Մարի Աւագեանն էլ մանրամասն ներկայացրեց իրենց ծառայութիւնները, այդ թւում նշելով տարատեսակ շրջագայութիւնների կազմակերպման, վիզաների պատրաստման մասին: ««Վիզա Կոնկորդ»ը մեծ հեղինակութիւն ունի, եւ մեր առաջարկները հիմնուած են նաեւ բազմամեայ փորձառութեան վրայ: Գործակալութիւնը խոստանում է դառնալ յուսալի կամուրջ Երեւանի, Մոսկուայի ու Լոս Անջելեսի միջեւ», նշեց Աւագեանը:
Գլենդելում «Վիզա Կոնկորդ»ի պաշտօնական բացման արարողութիւնը կազմակերպել էր Հայ-ամերիկեան առեւտրի պալատի Լոս Անջելեսի մասնաճիւղը, որի պատուաւոր նախագահ Արմէն Ջանեանն ուրախութեամբ ընդգծեց «Վիզա Կոնկորդ»ի Ամերիկայում ներկայութեան փաստը: «Մենք աջակցեցինք այս գործակալութեանը, քանի որ վաղուց օգտւում ենք «Վիզա Կոնկորդ»ից եւ ճանաչում ենք հիմնադիրներին: Համոզուած ենք, որ իրենց փորձով նրանք նոր հնարաւորութիւններ կ՛ընձեռեն մեզ», նշեց Ջանեանը:
Բացմանը ներկայ էր եւ քաղաքում նոր բիզնեսի հիմնումը ողջունեց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը, ով հանրային ծառայութիւններ մատուցելու համար երախտագիտութեան հաւաստագրեր յանձնեց «Վիզա Կոնկորդ»ի հիմնադիրներին: Ներկաների թւում էին Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոսարանի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, արուեստագէտներ: Հիւրերից շատերը, որ երկար տարիներ օգտուել են այս գործակալութեան հայաստանեան ծառայութիւններից, ուրախութեամբ անդարադարձան «Վիզա Կոնկորդ»ի բացմանը Գլենդելում: