ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանին փրկուած ձեռագիր նուիրեց: Նախագահը հիւրընկալուեցաւ մատենադարանին մէջ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած «Վերապրած ձեռագրեր» ցուցահանդէսին ու «Քեմալական Կոտորածներ» խորագիրով ժապաւէնի շնորհահանդէսին:
«Արմէնփրէս» ձեռագիրին մասին կը գրէ. «Այն 17րդ դարի մեծարժէք նկարազարդ Աւետարան է՝ աւետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով եւ լուսանցքազարդերով: Կոչուել է Կարմիր Աւետարան: Ունի հետագայ դարերի ուշագրաւ յիշատակարաններ, որոնցից պարզւում է, որ ձեռագրի տէրը՝ տիրացու Սահակը, 1752 թուականին նուիրաբերել է այն Ղարսի Սուրբ Յովհաննէս եկեղեցուն: 19րդ դարում ձեռագիրն անցել է ձեռքից ձեռք ու 20րդ դարում յայտնուել æաւախք աշխարհի Ճալա գիւղում՝ Բաղդասար Շահբասովի մօտ, ով մինչեւ այդ՝ 1918ին, փրկել էր այն հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով ու տեղափոխելով եկեղեցուց»:
Ըստ նախագահին՝ Մատենադարանը իր հիմնադրութեան օրէն ի վեր ոչ մէկ օր, հակառակ տարբեր դժուարութիւններու, դադրեցուցած է իր գործունէութիւնը: «Դուք ձեր ձեռք բերածով չէք հանգստացել, չէք թուլացել, այլ նոր ուժով ու եռանդով լծուել էք գործի: Այստեղ է պահւում մեր ժողովրդի դարերով ստեղծուած գանձերի մի մասը: Չափազանց կարեւոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրութիւնը եւ այդ տեղեկութեան տարածումը: Մեզ համար դա չափազանց կարեւոր խնդիր է», յայտնած է Սերժ Սարգսեան:
Նախագահը նկատել տուած է, որ Հայոց Ցեղասպանութեան նպատակը հայերը պատմական հայրենիքէն հեռացնելն ու հայուն անունը ջնջելն է, որ զուգորդուած է նաեւ հայոց մշակոյթի ոչնչացմամբ: «Բայց, փառք Աստծոյ, որ մեր չուզողների նպատակը չիրականացաւ մի պարզ պատճառով, քանի որ մեր նախնիներից շատերի համար շատ աւելի էական էր փրկել մեր մշակութային արժէքները, քան սեփական գոյքը, առանջնային անհրաժեշտութեան իրերն ու հարստութիւնը, որ նրանց նախապապերը ստեղծել էին հարիւրամեակների ընթացքում», հաստատած է նախագահը։
Նախագահ Սարգսեան ըսած է, որ ինք կը խոնարհի Գէորգ Ե. Ամենայն Հայոց կաթողիկոսին ու այն եկեղեցականներուն առջեւ, որոնց հսկայական ջանքերուն գնով կարելի եղաւ փրկել հայկական արժէքաւոր ձեռագիրներուն մէկ մասը: «Սա է մեր գոյութեան բանաձեւը, ահա այս պատճառով է, որ, ամէն անգամ կորցնելով, կարողացել ենք անցնել պատմութեան քառուղիներով ու հասնել 21րդ դար: Այսօր չէի կարող գալ ձեռնունայն, ես ինձ հետ բերել եմ 17րդ դարի մի ձեռագիր, որ կոչւում է Կարմիր Աւետարան, որը 1918 թուականին մեծ ջանքերի գնով յաջողուել է փրկել ու դուրս բերել Ղարսից», եզրափակած է նախագահը:
«Վերապրած ձեռագրեր» ցուցահանդէսին ներկայացուած են բացառիկ ձեռագիրներ ու արխիւային փաստաթուղթեր, Վասպուրականի, Մուշի, Կարինի եւ այլ հայկական բնակավայրերէ բերուած ձեռագրական հաւաքածոներ, հազուագիւտ արխիւային փաստաթուղթեր, որոնց կարգին՝ հայերու լքեալ գոյքերու բռնագրաւման հրամանագիրներ, Էջմիածինի որբանոցին ու Յովհաննէս Թումանեանի գործունէութեան վերաբերող լուսանկարներ, Ա-տանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատեաններ, Այնթապի հերոսամարտի լուսանկարներ: Կան նաեւ պարսկերէն, օսմաներէն ու թրքերէն ձեռագիրներ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.