ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տարիների ընթացքում հանդիպածս աշակերտներից շատերի հետ եմ անհամար ժամերով հանդիպել: Փորձել եմ սատար կանգնել բոլորին, ով որ կարիքս է զգացել: Երբեմն յաջողուել է, երբեմն՝ ոչ: Այս ոդիսականը լի է բազմաթիւ անհաւանական պատմութիւններով, որոնց կ՛անդրադառնամ մօտ կամ հեռու ապագայում՝ գրքի ձեւով: Մասնագիտական պարտականութեանս հետ զուգընթաց՝ լրացուցիչ պատասխանատուութեան մի զգացմունքով եմ ապրում, իմ տեսակի պատիւը բարձր պահելու ակնկալիքով, եւ այդ փորձերի մէջ ձեզ հետ համաքայլ եմ: Առանձնայատուկ նրբութեամբ է պէտք վերաբերուել յատկապէս նրանց, ովքեր՝ ճակատագրի բերումով, իրենց հայութեան վերագտման ճանապարհին են:
Յիշում եմ թխամաշկ պատանուն, ով օր ու գիշեր հայոց պատմութեան մասին հարցեր էր տալիս ինձ, բացայայտօրէն սրտնեղելով, որ հայ աշակերտները իրեն չէին թոյլ տալիս «հայ» ներկայանալու, քանի որ հայրը հայ չէր: Յորդորում էի ներել նրանց, բացատրելով, թէ երեխայ են, չեն հասկանում առայժմ: Նա ներում էր, բայց ամէն մի անախորժութիւնից յետոյ գրասենեակ էր գալիս, որպէսզի նորից սփոփէի իրեն, ու այս կամ այն հայ աշակերտի կոպիտ վիրաւորանքի արդիւնքում առաջացած սպին մեղմէի ինչ որ ձեւով: Նա հաւատում էր: Աչքերի կայծը կարող էր մի բանակ բոցավառել: Նրան հետեւում էին դպրոցի միւս, ոչ հայ աշակերտները: Լինելով առաջադէմ ու օժտուած մանուկ, նա մեծ հեղինակութիւն էր վայելում դպրոցում: Երեք տարի շարունակ ամրապնդեցի նրա հայ լինելու ձգտումը, վկան դարձայ, թէ ինչպէս եթովպիացի հօր ու հայ մօր սերունդը «վերադարձի» ճանապարհին արագ քայլքով մեզ էր մօտենում: Մի օր այլայլուած եկաւ գրասենեակ: «Ինձ յանդիմանում են հայերէն խօսելու համար, ուսուցչուհիս ասում է. «Դու սեւամորթ ես, ինչո՞ւ ես հայերէն խօսում»», ու հազիւ էր զսպում արցունքները… Յետոյ գնաց աւագ դպրոց, ու կորցրի կապը իր հետ: Տարիներ անց հանդիպեցինք, ու նրա դէմքի նկատելի անտարբերութեան արտայայտութիւնը դաշոյնի հարուածով ծակեց հոգիս: Բարեւեց յարգանքով, հարցրեց որպիսութիւնս, բայց սառել էր, դէմքի վրայ մեծամտութիւնը փոխարինել էր երբեմնի պարզութեանը: Ինչո՞ւ: Ոչ մի հարց Հայաստանի, հայերի ու յարակից թեմաների մասին: Զրուցում էինք առօրեայ, սովորական բաների մասին: Խօսակցութեանս ընթացքում ինձ համար աննկատելիօրէն թեման կենտրոնացաւ թմրամոլութեան վրայ: Աչքերի մէջ նկատեցի նախկին փայլը: Ինչպիսի ջանասիրութեամբ էր փորձում ինձ ապացուցել, որ մարիհուանան աւելի օգտակար է, քան ալկոհոլը, որ այն ծխախոտից աւելի քիչ է վնասակար: Տարիներ առաջ նա նոյն ծարաւ եռանդով խօսում էր Հայաստանի, հայութեան, Ցեղասպանութեան հետեւանքների մասին: «Դու էլ միացար այլմոլորակայիններին, պարտուեցինք՝ ես էլ, դու էլ, եւ մենք՝ ընդհանուր առմամբ». ինքս ինձ լուռ մենախօսում էի, հասկանալով, որ աւելորդ է վիճել նորաթուխ եւս մի «փիլիսոփայի» հետ: Պարտուեցի: Ինչպէ՞ս եղաւ: Ո՞վ էր մեղաւոր, որ դու այլեւս թքած ունես, թէ ով ես:
Յիշում եմ մօր կողմից հայ, հօր կողմից ռուս աշակերտին, ում դարձեալ ծաղրում էին, քանի որ նկատելի առոգանութեամբ էր հայերէն խօսում: Ժամերով հրաժարւում էր գնալ դասարան, պնդելով, թէ չի ուզում իրեն ծաղրող հայ աշակերտին ծեծել: «Միսթր Մելեքեան, ինձ ասում են՝ դու ի՞նչ հայ ես, քո նման հայը ամօթ է մեզ համար…», ասում էր, ջղայնութիւնից կուլ տալիս արցունքները ու հսկայ բռունցքները այնպէս էր պրկում, կարծես ահա ուր որ է պայթելու են: Ես հաւաքում էի բեկորները…
Կարմրաթուշ հայ աշակերտը նկատելիօրէն յարգանքով էր վերաբերւում ինձ հետ: Լռակեաց է, ուշադիր: Մի օր ուսուցիչներից մէկը ինձ մօտեցաւ, խնդրելով ուշադրութիւն դարձնել մի խումբ աշակերտների վրայ: «Կարծում եմ զառ են խաղում դասամիջոցին», ասաց: Մօտ 6 աշակերտներով շրջապատուած, մեր կարմրաթուշը պատրաստւում էր զառը գլորել, ձեռքում էլ մի քանի դոլար թղթադրամ կար: Խնդրեցի, որ բոլորն էլ ինձ հետեւեն դէպի գրասենեակ: Խնդրանքս ահարկու պահանջի ձեւով (հաստատակամ ու ցածրաձայն) մատուցեցի: Որոշ ժամանակ միւսների հետ զրուցելուց յետոյ, ներս հրաւիրեցի գլխաւոր հերոսին: «Ապրիլ ամիսն է, ամսուայ վերջին քայլարշաւի ենք գնալու», սկսեցի խօսակցութիւնը: Նա աւելի կարմրեց, գլուխը կախեց ու ինչպէս ժողովուրդն է ասում՝ «մկան ծակ էր որոնում, որ ծլկէր»: Զառ գլորելու մասին նոյնիսկ մէկ բառ չասացի՝ ասածս բաւական էր, որ հասկանար, թէ ինչ նկատի ունէի, ու մի ամբողջ «թելադրութիւն» հնչեց իմ լուռ պարսաւանքի մէջ: «Կը խնդրեմ չշարունակես, հաճիս», ասաց, ու ես յարգեցի նրա աղերսանքը: Ես հաւաքում էի բեկորները:
Տարիներ առաջ «Երեւան» ամսագրի խմբագրական կազմով որոշում էինք, թէ որ յօդուածը պէտք է տպագրել, որը՝ ոչ: Ամսագրի ամերիկեան բաժնի պատասխանատու բժիշկ Արմէն Յակոբջանեանը թոյլ էր տալիս, որ խմբագրական հաւաքների ժամանակ քննարկումները թէժանան: Չգիտեմ, թէ դա դիտաւորեալ մօտեցում էր՝ նիւթերի որակն ապահովելու ակնկալիքո՞վ, թէ ոչ, բայց այդ հանդիպումները երբեմն այնքան լարուած մթնոլորտում էին անցնում, որ անցորդին կարող էր թուալ, թէ այստեղ ուր որ է կռիւ է լինելու: Այդպիսի հանդիպումներից մէկի ժամանակ էր, երբ ներկայացրի կէս հայ, կէս ճապոնուհի երիտասարդ երգչուհու՝ Ստեֆանիի մասին յօդուած-հարցազրոյցս: Խմբագրական կազմի որոշ անդամներ պայքարում էին, որ ամսագրի շապիկին մէկ այլ նշանաւոր անձը ներկայացուի, ոչ թէ Ստեֆանին: Ամէն ինչ ընթանում էր սովորականի պէս, թէժ արտայայտութիւններ (չէ՞ որ զգացմունքային ենք բոլորս), լարուած մթնոլորտ, եւ այս ամէնը աշխատանքային ծանր օրուայ վերջում: Արդիւնքում որոշում ընդունուեց Ստեֆանիի հետ հարցազրոյցը ներկայացնել որպէս հիմնական յօդուած, նրա խոշոր պատկերն էլ ամսագրի շապիկի վրայ: Անձնական յաղթանակ էր ինձ համար այն, որ աղջկայ ազգականներից մէկը, մտնելով 7-11 վաճառատուն, գնել էր ամսագրի մի քանի օրինակ, ուղարկել էր դրանք Տոկիօ (որտեղ այժմ բնակւում է Ստեֆանին) ու դրուատանքով լցուած նամակ էր ուղարկել խմբագրութիւն: Այո, սա հէնց այն նոյն Ստեֆանին է, ով Հայաստանը ներկայացնելու է Եուրովիժըն (Eurovision) համաշխարհային երգի մրցոյթին՝ Վիեննայում, որպէս մէկը աշխարհասփիւռ հայութեան հնգեակից:
Ես հաւաքում եմ բեկորները, գիտակցելով, որ նման կերպ յարգանքի տուրք եմ մատուցում Ցեղասպանութեան ժամանակ դաժանաբար մորթուած Լեւոն պապիկիս, ինչպէս նաեւ միլիոնաւոր անմեղ բոլոր զոհերի յիշատակին: Առանձնապէս շոյուած եմ զգում, երբ Թուրքիայում հասարակ քաղաքացիներ, գիտնականներ, արուեստագէտներ արիութեամբ կոչ են անում, որ իրենց կառավարութիւնը ստանձնի Հայոց Ցեղասպանութեան նախաձեռնման պատասխանատուութիւնը: Չափազանց յուսախաբւում եմ, երբ հայ անհատներ «անձնական կարծիքներ» են յայտնում, թէ «խաղաղութիւնը» աւելի կարեւոր է, քան փոխհատուցման պահանջները: Ես չգիտեմ, թէ ո՞րն է արդար փոխհատուցման տարբերակը (իսկ այդպիսին կա՞յ արդեօք), բայց մի օր անգամ չեմ ուզում հրաժարուել դրանից: Տխրում եմ, երբ հայ երեխան խուսափում է ինձ հետ հայերէն խօսել, որովհետեւ (ինչպէս ինքն է վկայում) ծնողները իրեն թոյլ չեն տալիս տանը հայերէն խօսելու: Այս մի բեկորին պէտք է անյապաղ փրկել, բայց ինչպէ՞ս…
Առաջին իսկ հնարաւորութեան դէպքում ձեռք պիտի բերեմ անմոռուկի մանուշակագոյն կրծքանշանը ու պիտի կրեմ այն շատ երկար: Խորհուրդ եմ տալիս բոլորին, որ նրանք էլ կրեն այն ու նուիրեն բոլորին, տարածելով դրա հետ կապուած պատմութիւնը: Ու անմոռուկով կրծքանշանները թող միաւորեն բոլոր նաւաբեկեալներիս, որպէսզի վեր լինենք առօրէական, ընթացիկ ու մանր խնդիրներից, երբեք որեւէ յետին մտքով չմօտենանք բացայայտ ու իրենց սրտում անմոռուկ կրողներին ու միւս բոլոր մարդկանց:
Մենք բոլորս պարտքով ենք ծնուել, պարտք ենք անմեղ զոհերի յիշատակը վառ պահելու, ու որքան էլ որ բացատրելի լինի առօրեայ, աշխատանքային վազքով այս պարտքը ինչ որ տեղ երկրորդ պլան մղելու կեանքի փորձը, թող որ անմոռուկի խորհուրդը ու դրանից բխող քայլերը դաջուած լինեն մեր՝ նաւաբեկեալներիս սրտերում:
Ես հաւաքում եմ բեկորները՝ ի՛մ իսկ գոյութիւնը շարունակելու յոյսով:
khach49@hotmail.com
————————————————————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Apex Manufacturing
Jack & Janet Harootun
Tashdjian Trading Company
S&J Discount Pharmacy
8415-6 Reseda Blvd.
Northridge, CA 91324
————————————————————————————————————————–